Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Չոթռաշենցիք պաշտում են իրենց տանուտերին

Չոթռաշենցիք պաշտում են իրենց տանուտերին
28.08.2026 | 14:41

Չոթռաշենում տանը, փողոցում, եկեղեցում, գոմում ու ցախանոցում, նույնիսկ այն տեղերում, որտեղ վաղուց ոչ Աստված կա, ոչ էլ հույս, մարդիկ աղոթում են իրենց գյուղապետի արևշատության համար։
Զարմացա։
Մի՞թե հայոց արգանդը չի ցամաքել, և մեր երկրում ազնիվ ու ժողովրդաշահ պաշտոնյաներ դեռ կան։
Հաջորդ օրը Չոթռաշենում էի։
Գյուղը կախված էր ձորի եզրին՝ ինչպես տխուր միտքը՝ խառը գլխում։ Գլուխը սարերի մեջ էր, ոտքերը՝ ջրի, հոգին՝ պարտքերի, սիրտը՝ վախերի։
Կիսաքանդ եկեղեցին լեփ-լեցուն էր։ Մարդիկ ծնկաչոք էին։ Բայց նրանց հայացքը վերև չէր՝ այլ ինչ-որ անտեսանելի կենտրոնի, որը, հավանաբար, գյուղապետարանի ուղղությամբ էր։
Քահանան խաչակնքեց, ու աղոթքը սկսվեց.
- Հայր մեր, որ հերկինս ես, մեր գյուղապետին պահիր ու պահպանիր։ Տուր նրան այնքան, որքան կարող է տանել, մեզ՝ այնքան, որքան կարող ենք գոյատևել։ Թող նա աճի, մենք՝ հարմարվենք։ Թող նա ուտի, մենք հավատանք, որ կշտանում ենք։ Երկար կյանք տուր նրան, որ գլխներիս տիրություն անի։ Մենք մեր գլխին ուրիշ տեր չենք ուզում։ Ամե՜ն։
Աղոթքն ավարտվեց։
Մոտեցա մարդկանց՝ գյուղապետի մեծագործությունների մասին իմանալու։ Ոչ ոք չխոսեց։ Քահանայի մի շարժումով՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել, շտապ բարձրացան եկեղեցու բակում կայանած ավտոբուսները, որոնք ծուխ արձակելով հեռացան։
Ո՞ւր՝ չիմացա։
Մտամոլոր ման եկա գյուղում։ Մարդ-արարած չկար։ Փողոց կոչվող արահետներով մի քիչ վեր ելա, մի քիչ վար իջա, մինչև մի տան պատի տակ, տաք աթարին նստած, արևկող անող մի ծերուկ տեսա։
- Բարի լույս, պապի,-բարևեցի,- լրագրող եմ, ուզում եմ Ձեր գյուղապետի գործունեությունը լուսաբանել։
Ծերունին սկզբում ոչ մի բառ չասաց։ Հետո բեղերը ոլորեց ու ցանկապատի վրայից կանչեց.
-Սաթո՜, հե՜յ, Սաթո, մի էն արաղի շտոփը սուփրին դիր։ Արի, քո մատա՜ղն ըլեմ, էս սհաթիս գեղըմըս իսան չես գտնի։ Ինչ իմանալ կուզես՝ չիմնու պատասխանը կտամ, էլ դեսուդեն ընկնիլ մի՜։
Երբ մի թասով «բարլիս» ասաց, բեղի ծայրից հոտ քաշեց ու ինձ նայեց։
- Ասում ես՝ գեղացիք ինչի՞ են աղոթքն անում մեր տանուտերի համա՞ր։ Ասեմ։ Բա չասե՞մ։ Ուստի՝ մեր տանուտերը մեր տանուտերն ա, ուրիշինը չի՜։ Ուրիշն իրա լավը մեզ տալ չի։ Դրա համար աղոթքն ենք անում, որ երկար ապրի, որ գլխներիս տիրություն անի։ Մեր գեղը տանուտեր շատ ա տեհել, համա սրա նմանը չի տեսել։
-Իսկ ինչո՞վ է արժանի այդքան սիրո։
Պապը նորից բեղերը ոլորեց։
-Աչքաբաց տղայա՜։ Գյուղի ջրատար խողովակները գետնի տակից հանել, տարել, գազալցակայանի վրա օգտագործել ա։ Հետո էլ հանդամաս չմնաց՝ իրանով արեց։ Մի տեղ վիշկա պիտի դնեին, էդ հողն էլ վռազ իրանով արավ։ Էդ հողերից գեղի բյուջեն կոպեկ չի մտնում։ Որ մինն ասեմ, որը թողամ... Բա ի՞նչ անի, թողա՝ ուրի՞շն անի։
Մի պահ սպասեցի, որ պապը ծիծաղի։ Չծիծաղեց։
-Իսկ գյուղի համա՞ր,վերջապես, նա ի՞նչ լավ բան է արել։
Պապը մի թաս էլ ներս գցեց։
-Ասում ես՝ լավ բան... Հա՜։ Ութ տարվա մեջ լուսավորություն տվուց մեր փողոցին։ Հիմի մենակ մի սյուն է մնացել, մի լիս ա պեծին տալիս, բայց ժամանակին շատ էին: Հետո մի 10-110 մետր ասֆալտ անել տվուց։ Օրեր եդը ասֆալտը թրիքի, ցեխի մեջ կորա՜վ, անդարձ գնա՜ա՜ց...
- Իսկ ինչո՞ւ են նրան Մոզանբեկ ասում։
Պապը ժպտաց։
- Մեր գեղի նախկին գյուղապետերը «բեկեր» են եղել։ Մեկը՝ Ասլիբեկ, մյուսը՝ Սարիբեկ, Ղարաբեկ, Ուլանբեկ, Թալանբեկ... Էս մեկի անունում «բեկ» չկար, բայց մարդը պիտի բեկ լիներ։ Մի անգամ էլ գնացել ա Մոզամբիկ։ Էդ օրվանից գեղացիք անունը կնքեցին՝ Մոզանբե՜կ։
Հարցրի՝ ժողովրդի սերը վայելող այս բեկը տոկոսային ի՞նչ հարաբերությամբ է գործում՝ որքա՞նն է իրենը, որքա՞նը՝ գյուղինը։
Պատասխանը շշմեցուցիչ էր.
-Իննսունինը ամբողջ իննսունինը տոկոսը՝ իրան, զրո ամբողջ զրո մեկը՝ գեղին։
- Եվ աղոթո՞ւմ են նրա համար,- զարմացա։
-Բա ինչ անենք,-հանգիստ պատասխանեց պապը։-Մարդիկ համոզված են, որ հաջորդ բեկը զրո տոկոսով է ծառայելու։ Հիմա Մոզանբեկը պալատնի ա կառուցում։ Ողջ գյուղը լծված ա էդ գործին։ Առավոտը նախ ժամ են կոխում, աղոթն անել տալիս գյուղապետի արևշատության համար, հետո գնում պալատի վրա չալիշ գալու։ Իրիկունը մաշնեքով հետ են բերում, էլի աղոթում են, հետո տուն են գցում, որ հանգստանան՝ մինչև առավոտ։
Վերջապես պապն ինձ ճանապարհ դրեց։
Նրա տան կից փողոցում, ցեխի ու թրիքի հաստ շերտի տակ, ասֆալտի հետք նկատեցի։ Մի կողմում էլ մի լուսասյուն էր մնացել, որի լամպը պեծին էր տալիս։
-Պապի,-ասացի,-երևում է՝ գյուղապետը քեզ շատ է հարգում։ Բյուջեի էդ զրո ամբողջ զրո մեկ տոկոսից մի մասն էլ քո տան մոտակայքում է ծախսել։
Պատասխանն անմիջական էր.
- Հարամ լակոտն էդքանն էլ չանե՞ր։ Էս տանն ա ծնվել, մեծացել։ Մենք էլ ոչ բարով՝ իրա ծնողնին ենք դեռ։ Մեզ էլ էստեղ ա թողնում... որպես հուշարձան։
Ետդարձի ճանապարհին դառն էին մտքերս:Ամեն երկրում տերն ու տիրականը ժողովուրդն է։ Իսկ մենք տեր ենք միայն մեր սեփական դժգոհությանը։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Դիտվել է՝ 123

Մեկնաբանություններ

-type-descr-link"> Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո