ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Կայսրությունները փլվում են, իսկ Ավետարանը՝ մնում

Կայսրությունները փլվում են, իսկ Ավետարանը՝ մնում
07.02.2026 | 13:23

Նապոլեոն Բոնապարտը աշխարհի ամենահզոր մարդկանցից էր։ Նրա անունը սարսափ էր ներշնչում թագավորներին, նրա բանակները շարժվում էին մայրցամաքից մայրցամաք։ Թվում էր՝ նա հաղթել է ամեն ինչին՝ ժամանակին, տարածությանը, մարդկանց կամքին։ Բայց Սուրբ Հեղինե կղզում, աքսորի լռության մեջ, նրա առջև կանգնեց մի ուժ, որին չէր կարող հրաման տալ՝ իր սեփական հոգին։

Ասում են՝ մի քահանայի հետ զրույցում նա արտաբերեց խոսքեր, որոնք բացում են մարդու իշխանության սահմանը. մարդը կարող է տիրել աշխարհին, բայց չի կարող տիրել սիրուն։

Նա կարող է ստիպել մարդկանց հնազանդվել, բայց չի կարող ստիպել նրանց հավատալ։

Երբ Նապոլեոնը համեմատում էր իրեն Ալեքսանդր Մակեդոնացու և Կեսարի հետ, նա խոսում էր ուժի լեզվով՝ սրի, օրենքի, բռնության լեզվով։ Բայց Քրիստոսի առաջ այդ լեզուն լռում է։ Քրիստոսը չստեղծեց կայսրություն աշխարհագրական սահմաններով, այլ կառուցեց թագավորություն մարդկային սրտերի մեջ։ Նրա զորքը զենք չուներ, բայց ուներ խաչ։ Նրա հրամանները հրամաններ չէին, այլ կոչեր սիրո։

Փիլիսոփայական տեսանկյունից այստեղ բախվում են իշխանության երկու տեսակներ.

արտաքին իշխանությունը՝ որը կարգավորում է մարմինը, և ներքին իշխանությունը՝ որը փոխում է մարդուն ներսից։

Առաջինը ժամանակավոր է, որովհետև հիմնված է վախի վրա։ Երկրորդը հավերժական է, որովհետև հիմնված է ազատ ընտրության վրա։

Նապոլեոնի խոստովանությունը («մարդիկ մեռնում են Քրիստոսի համար») բացահայտում է մի խոր ճշմարտություն. մարդը պատրաստ է զոհել կյանքը միայն այն բանի համար, ինչը գերազանցում է կյանքը։ Սովորական գաղափարի համար չեն մեռնում, բայց մեռնում են Ճշմարտության համար։ Սա է պատճառը, որ կայսրությունները փլվում են, իսկ Ավետարանը՝ մնում։

Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ պատմությունը շարժվում է ոչ միայն զորքերի քայլքով, այլ նաև խղճի ձայնով։ Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում։ Եվ երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել։

Այսպիսով, Նապոլեոնի կյանքը դառնում է փիլիսոփայական վկայություն այն մասին, որ ուժը կարող է պարտադրել, բայց միայն սերը կարող է փոխակերպել։

Իշխանությունը կարող է կառուցել պետություն, բայց միայն հավատքը կարող է կառուցել մարդ։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ