Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Մեր ապագայի ներուժը. կրթությունը՝ ազգային անվտանգության գրավական

Մեր ապագայի ներուժը. կրթությունը՝ ազգային անվտանգության գրավական
16.09.2026 | 11:24

«Խելքն է կերել աշխարհին»
Գյոթե

Մեր ապագան կարող է հուսալի ձեռքերում լինել, եթե մեր երեխաներն ու երիտասարդներն արժանանան պետության և համազգային պատշաճ հոգածությանն ու անկեղծ սիրուն։
Կարևորն այն է, որ մեր ապագայի «հումքը» որակյալ է, հույս ու հավատ ներշնչող։ Հավատ ներշնչող է, որովհետև հայ ազգն օժտված է աստվածատուր տաղանդով, խիզախությամբ, աշխատասիրությամբ ու ստեղծագործական ունակություններով։
Այս հոդվածը գրելու համար հիմք հանդիսացավ մի քանի օր առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կուրսերից մեկում (կուրսն ու մասնագիտությունը միտումնավոր չեմ նշում՝ հասկանալի պատճառներով) առաջին դասն անցկացնելուց հետո ապրածս հաճելի անակնկալը։ Իմ տպավորությունը հիացմունք առաջացնող էր, ապագայի նկատմամբ հույս ներշնչող, բայցև, ցավոք, ոչ հաճախ հանդիպող։ Այդ կուրսում ես տեսա կազմակերպվածության, պատասխանատվության, համերաշխության, միասնության, անկեղծության, բարյացակամության, բարեկրթության, միմյանց նկատմամբ հոգածության, սիրո և քաջալերման յուրօրինակ մշակույթ։ Այստեղ, որպես կանոն, լավ պատասխաններն ի նշան ոգևորության արժանանում են կուրսեցիների ծափահարություններին։ Գործում է կոլեկտիվիզմի՝ «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը։
Թեև նշածս որակներից որոշները միայն այս կուրսին չեն հատուկ, սակայն նրանք առանձնահատուկ տպավորություն թողեցին ինձ վրա այդ բոլոր հետաքրքիր որակների մեկտեղվածության առումով։ Կարծում եմ՝ այս կուրսի օրինակը հիանալի մոդել կարող է հանդիսանալ համայնքների, աշխատանքային կոլեկտիվների, ընտանիքների, հասարակության ու պետության համար՝ ինքնակազմակերպվածության, համերաշխության ու միասնության առումով, ինչն ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ մենք ունենք սերնդային լավ ներուժ։
Ուզում եմ մեր ժողովուրդն իմանա, որ չափազանցված են շրջանառվող այն կարծիքները, թե մեր երիտասարդության մեծ մասը չունի պատշաճ դաստիարակություն, թե բուհերում ու դպրոցներում համատարած թմրանյութեր են օգտագործում, թե նրանք անտարբեր են, նյութապաշտ, հարգալից չեն ավագների նկատմամբ կամ բավարար հայրենասեր չեն։ Հայ երիտասարդների հայրենասիրության, խիզախության ու նվիրվածության վառ օրինակ ծառայեց 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը։
Թեև հետխորհրդային տարիներին՝ 90-ականներից սկսած, «բարեփոխումների» անվան տակ կրթության համակարգը հասցվեց ընդհուպ փլուզման եզրին, նվաստացվեցին ուսուցիչն ու դասախոսը՝ նրանց վճարելով չնչին աշխատավարձ և ներգրավելով ընտրակեղծարարությունների մեջ, դպրոցներում ու բուհերում դասավանդման ու դաստիարակության որակն ընկավ, իսկ ուսանողները, անվճար կրթության բացակայության պատճառով, ուսմանը նվիրվելու փոխարեն ստիպված եղան համատեղությամբ աշխատել մինչև ուշ երեկո, այնուամենայնիվ, երիտասարդության հավաքական կերպարը գնահատելիս պետք է արձանագրել․ ընդհանուր առմամբ մենք ունենք ընդունակ, իրատես, աշխատասեր և դաստիարակված երիտասարդություն։
Իսկ դրա համար մեր համալսարանում, պայմանավորված ոչ միայն արդյունավետ կառավարմամբ, այլև մասնագիտությունների մրցունակությամբ և բավարար ֆինանսական միջոցների առկայությամբ, արվում է ամենակարևորը․ ուշադրության կենտրոնում ուսանողն է ու մանկավարժը։ Ամեն ինչ ծառայեցվում է ուսանողների համար որակյալ ուսուցման, ստեղծագործական ընդունակությունների դրսևորման լավագույն պայմաններ ստեղծելուն։ Մյուս կողմից՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմն էլ արժևորված ու գնահատված է, ներդրված է աշխատանքի արժանապատիվ վարձատրության և խրախուսման համակարգ, ձևավորված է հարգանքի ու պատկառանքի միջավայր։
Չէ՞ որ դեռևս հնագույն ժամանակներից ի վեր՝ սկսած Արիստոտելից ու Սոկրատեսից, մանկավարժը (ուսուցիչը) համարվել է ամենասիրված մարդը, քանի որ նա տալիս է ամենաարժեքավոր բանը՝ գիտելիք և դաստիարակություն: Շատ ժողովուրդներ իրենց հասարակության ամենահարգված մարդկանց, անկախ մասնագիտությունից, «ուսուցիչ» են կոչում: Նշանավոր փիլիսոփա Սենեկայի կարծիքով. «Մանկավարժի կոչումը շատ բարդ ու դժվար է, դրա համար էլ, եթե աստվածներն ուզում են պատժել մեկին, նրան մանկավարժ են դարձնում»: Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե որն է իրենց երկրում գիտության ու տեխնոլոգիաների զարգացման գաղտնիքը, նա պատասխանել է. «Մենք ուսուցչին վճարում ենք նախարարի աշխատավարձ, օժտում դիվանագետի անձեռնմխելիությամբ և նրա նկատմամբ կայսրին հավասար պատկառանք տածում»։ Այդ երկրում կայսրը միայն իր ուսուցիչների առաջ է ոտքի կանգնում։
Մեր երկրում գոյություն ունեցող խնդիրների մեծ մասն էլ գալիս են կրթվածության ու դաստիարակության պակասից, կրթության ոլորտի նկատմամբ ցուցաբերած անտարբերությունից ու մանկավարժների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքից։ Ըստ էության, ազգային կրթությունը հանդիսանում է ազգային ինքնության և ազգային պետության հոգևոր ու մշակութային անվտանգության կարևոր բաղադրիչը, և ազգովի պետք է գիտակցենք, որ դրա փլուզումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Բավական է նշել, որ, օրինակ, Իսրայելում գիտության վրա տարեկան ծախսվում է շուրջ 4.5 միլիարդ դոլար՝ Հայաստանի ընդամենը շուրջ 30 միլիոնի դիմաց, իսկ մեկ սովորողի հաշվով ծախսերը գերազանցում են տասնյակ անգամներով։ Բոլոր զարգացած երկրներում հետևողականորեն աճում են կրթությանն ու գիտությանը հատկացվող միջոցները։
Հաշվի առնելով հայի ինտելեկտուալ բարձր ընդունակությունները՝ մեր երկրի զարգացման գլխավոր ռեսուրսը տաղանդավոր հայ ժողովրդի մտավոր ներուժն է։ Բայց արի ու տես, որ ըստ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հետազոտության՝ աշխարհի 90 երկրների 15-ամյա դպրոցականների կրթական մակարդակի ստուգման արդյունքներով Հայաստանը հայտնվել է վերջից երրորդ անփառունակ տեղում։ Ըստ կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի՝ հետազոտված շուրջ 6500 հայ երեխաներից գերազանց առաջադիմություն էապահովել ընդամենը 1%-ը (Վրաստանում՝ 5%, Ադրբեջանում՝ 3%, Չինաստանում՝ 54%)։ Սա պարզապես ազգային աղետ է ինտելեկտուալ մեծ ներուժ ունեցող ազգի համար, ընդ որում՝ այս ցուցանիշը վերջին երեք տարիներին կրկնակի հետընթաց է գրանցել։
Այն պետությունները, որտեղ պատշաճ տեղ է հատկացվում գիտելիքին, որտեղ կրթությունը հանրային պահանջ է, լուծված են թե՛ երկրի անվտանգության, թե՛ տնտեսության զարգացման և թե՛ մարդկանց բարեկեցության խնդիրները։ Իսկ եթե երիտասարդ սերնդի մոտ ինչ-որ բան այն չէ, մենք՝ ավագ սերունդս, նախկին ու ներկա իշխանավորներս, մեղքը պետք է փնտրենք մեր մեջ․ նրանք ընդամենը մեր ստեղծած միջավայրի ու դաստիարակության արդյունքն են։
Մենք չենք կարող ունենալ աշխարհում մրցունակ ու որակյալ կրթություն, քանի դեռ գիտելիքը դադարել է լինել հանրային պահանջ, քանի դեռ կրթությանն հատկացվող միջոցները խղճուկ են, և քանի դեռ արժանվույնս գնահատված չեն դաստիարակը, ուսուցիչն ու դասախոսը։
Պատահական չէ, որ ֆրանսիացի ճանաչված ֆիզիկոս Պիեռ Կյուրին 20-րդ դարասկզբին ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ազգերը, ժողովուրդներն աշխարհին ներկայանում են գիտության միջոցով, իսկ ովքեր դա չեն անում, պարզապես վերածվում են գաղութների»։
Իսկ Ստելենբոսի (ՀԱՀ)՝ 19-րդ դարում հիմնադրված համալսարանի մուտքին գրված է. «Ցանկացած ազգի ոչնչացման համար պետք չէ օգտագործել ատոմային ռումբեր կամ հեռահար հրթիռներ: Դրա համար ընդամենը պահանջվում է նվազեցնել կրթության որակը… Կրթության փլուզումն ազգի կործանումն է»։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ