Տարիներ առաջ Հայաստանում գործող մի «գրանտակեր» հասարակական կազմակերպության նախագծով մեկնեցի Վրաստանի մայրաքաղաք։ Մեկշաբաթյա սեմինար էր՝ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Մեր պատվիրակությունը մոտ տասը հոգուց էր բաղկացած, բայց ես, կարծեք, միակն էի, ով առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման։ Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, թե ինչպես պիտի հանդիպեմ թշնամի ժողովրդի ներկայացուցիչների հետ։
Վերջապես տեղ հասանք։ Հյուրանոցի մուտքում մեզ դիմավորեցին եվրոպական կազմակերպության ներկայացուցիչները՝ ծրագրի ֆինանսավորողները, կարճ շփումից հետո իմացանք, որ ադրբեջանցիներն արդեն ժամանել են, ու գնացինք սենյակներ։ Պայմանավորվեցինք, որ երկու ժամ անց կհավաքվենք դահլիճում։
Հյուրանոցը Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելի փողոցի մոտակայքում էր՝ չորս աստղանի, հարմարավետ։ Բոլոր ծախսերը հոգում էր կազմակերպիչ կողմը, ևս 100 եվրո գումար ամեն օր տրվում էր յուրաքանչյուրիս մասնակցության համար։ Մի խոսքով՝ հայկական և ադրբեջանական պատվիրակների համար ստեղծված էր «ապահով եվրոպացու» մի քանի օրվա կյանք, և մեզ մնում էր ընդամենն իրար հետ լեզու գտնել։ Ինչն էլ, կարծեք, արագ ստացվեց։
Օրերն արագ անցան։ Երևան վերադառնալու ճանապարհին երկար մտորումներից հետո որոշեցի, այնուամենայնիվ, այլևս չմասնակցել նման ծրագրերի։ Խնդիրը հաշտության, խաղաղության ու ժողովրդավարության գեղեցիկ խոսքերի տակ թաքնվածն էր։ Մեզ համոզում էին Արցախի հարցում զիջել՝ առանց հստակ փոխհատուցման։ Փոխարենը առաջարկվում էր անորոշ «հեռանկար»։ Ինձ համար անընդունելի էր, բայց տեսա, որ խմբում կային մարդիկ, որոնք ամբողջովին ընդունել էին այդ օտար, արհեստական օրակարգը։ Պատճառը պարզ էր՝ նրանք առատորեն օգտվում էին այդ ֆոնդերից։
Փաստորեն, տարիներ ի վեր մեր թիկունքում մի քանի «արևմտամետ» կերպարների միջոցով հետևողականորեն դավադրություն էր հյուսվում։
Այդ ծախսված միլիոնավոր եվրոների ու դոլարների «արդյունքը» տեսանք նախ Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխության», Ռուսաստանի դեմ սադրիչ պատերազմի ու ծանր հետևանքների մեջ, ապա Ուկրաինայում՝ մայդանների, կրկին ՌԴ դեմ պատերազմի հրահրմամբ, որտեղ վճարում է հասարակ ժողովուրդը, ու, վերջապես, Հայաստանում՝ «Թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ», ու նորից պատերազմ, Արցախի ամբողջական և ողբերգական կորուստ, և այդ կորուստների շարքը դեռ չի ավարտվել։
Հիմա էլ մեր եվրոպացի ու ամերիկացի «բարեկամները» այդ կազմակերպություններին շարունակում են բաժանել «քաղցր բլիթներ», որոնց պատասխանատուները սեփական բարօրության դիմաց, հետևողականորեն գեներացնում են կեղծ օրակարգեր, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի ազգային ու պետական շահերի հետ։
Այստեղ հոդվածս կիսատ թողեցի, դուրս եկա պատշգամբ՝ ծխելու։ Երևանյան արևոտ օր էր։ Հարևանս՝ Գարիկը, իրենց պատշգամբում սուրճ էր խմում։ Արտերկրից՝ հիմնականում Եվրոպայից, մեքենաներ ներկրող, միշտ կայտառ տրամադրությամբ հարևանս, ինձ տեսնելով, ծանոթ զվարթությամբ ողջունեց։ Իրար որպիսության մասին կարճ հարցուպատասխանից հետո հարցրի.
- Հարևան ջան, էս որ մերոնք օր ու գիշեր Եվրոպա են վազում, օրենքներ են ընդունում, հավատո՞ւմ ես։
Գարիկը մի լավ ծիծաղեց.
- Լսի, մեր պադյեզդում 12 հարևան ունենք, չորսն արդեն ուրիշ երկրի քաղաքացի են, երկուսն էլ ուզում են գնալ՝ հացի խնդիրը լուծելու համար։ Առանց էն էլ ժողովուրդը կոմունալները մի կերպ է վճարում։ Բա եթե ռուսը գազը թանկացնի, Նիկոլն է՞ գալու տները տաքացնի, թե՞ պարտքերն է փակելու։
- Դե, ասում են՝ ցուրտ ձմեռներին պիտի դիմանանք…
-Ո՞վ՝ Տիգրան Խզմալյանը՞, Արամ Սարգսանը՞, Դանիել Իոնիսյանը՞, Արման Բաբաջանյանը՞, Ստյոպա Սաֆարյանը՞, Արթուր Սաքունցը՞, էլ ո՞վ կա։
-Շատ են։
- Տեսնո՞ւմ ես։ Բայց մի նորմալ մարդ չկա հարցնի՝ հանուն ինչի՞։ Ովքե՞ր են դրանք ընդհանրապես։ Ի՞նչ ասեմ, եղբայր, Նիկոլը բոլորին խաբեց, ինքը քիչ էր, իր նմաններին էլ ճանապարհ բացեց։ Երկիրը քանդում են։
Զրույցը կարող էր շատ ավելի թեժանալ, եթե չընդհատեի ու ներս չմտնեի։ Նստեցի համակարգչի դիմաց ու մտածեցի՝ Գարիկը, որ տարիներ ի վեր չի հետաքրքրվել ո՛չ թաղապետով, ո՛չ ընտրություններով, հանկարծ գիտի Խզմալյանի, Սարգսյանի, Իոնիսյանի, Բաբաջանյանի, Սաֆարյանի, Սաքունցի անունները։
Ինձ էլ սկսեց տանջել այդ հարցը։ Լավ, ովքե՞ր են այս մարդիկ ու իրենց նմանները, որոնք արևմտյան տարբեր ֆոնդերից հսկայական գումարներ են ստանում, իշխանությունից ունեն արտոնյալ դիրք ու թույլտվություն՝ որոշելու, թե պետական քաղաքականության մեջ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Փաստացի Նիկոլի գլխավորությամբ նրանք են Հայաստանում «մայդանների» կազմակերպման մարտիկները։ Չէ՞ որ մենք մեկ անգամ արդեն չդիմացանք ու կորցրինք մեր Արցախը։ Իսկ օրը ցերեկով տեղի ունեցած ցեղասպանությունից հետո այս մարդկանց ձայնը չլսեցինք։ Ինչու՞։ Փող տվող չկա՞ր։
Իսկ հաջորդ մայդանի հետևանքը ի՞նչ է լինելու։ Չեմ էլ ուզում անգամ պատկերացնել։ Մեր վրացի հարևանները մեզանից խելացի եղան՝ ազգակործան պատուհասին երկրորդ շանս չտվեցին։ Իսկ մե՞նք․․․
Չէ՛, մենք երրորդ անգամ սխալվելու իրավունք չունենք։
Արգամ ԴԱՎԹՅԱՆ