Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Խոսում ենք շատ, բայց հայերեն չենք խոսում

Խոսում ենք շատ, բայց հայերեն չենք խոսում
30.06.2026 | 12:06

Գիտեմ՝ կգտնվեն մարդիկ, որ կասեն․ «Երնեկ քո հավեսին՝ պետական կարևորագույն գործընթացների, ընտրությունների շիլաշփոթ արդյունքների վիճարկման այս փուլում էս ինչի՞ց ես խոսում: Ախր՝ լեզուն երկրորդական է»։

Ես կհակադարձեմ.

«Ահա մի հարցազրույցից հատված, թե ինչպես են խոսում մեր արվեստագետները, եթե ձեր սիրտը չպայթի՝ հոդվածս կայրեմ»:

Հեռուստաեթերից հնչում է․

«Անթաթ (անընդհատ) ինձ կպնում են, հա՞, թե հայերեն ճիշտ չեմ խոսում… Ամեն մեկ, հա՞, թող իր գործով զբաղվի։ Իմ խնդիրն է, հա՞, ոնց կխոսամ… Թող չլսեն, ես կոմպլեքսավորված անձնավորություն չեմ…»:

Այս խոսքերը շուկայում վարունգ վաճառող պատահական մարդու բերանից չեն հնչում։ Սա հանրահայտ երգչուհի, շատերի կողմից ընդունված ու սիրված դերասանուհու խոսքից է։ Հաղորդավարը փորձում է վերջին ճիգով հիշեցնել, որ եթերից անփույթ, անկանոն խոսելը բարեկիրթ չէ, որ դա արհամարհանք է թե՛ լեզվի, թե՛ հեռուստադիտողի նկատմամբ։

Ի պատասխան հնչում են նույն բառակույտերը․

«Ես հայկական մենթալիտետով եմ շարժվում, ես ունեմ իմ ճիշտը, հա՞…»: Հարց է առաջանում․ մի՞թե «հայկական մենթալիտետ» ասելով պետք է հասկանալ լեզվի աղավաղում, խոսքի մեջ չափուկշռի բացակայություն, դիմացինի նկատմամբ բացահայտ արհամարհանք։ Երգչուհին մի՞թե չգիտի, որ «անթաթ» նշանակում է առանց թաթի, ինքը դա շփոթում է «անընդհատ»-ի հետ: Մի՞թե ակնկալվում է, որ նման խոսքից հետո կծափահարենք իրեն, կհիանանք ու մի պաչ կդրոշմենք համառ ու տգետ ճակատին։

Իսկ այդ օտարահունչ, շինծու «հա»-երը, որոնք բուն են դրել ոչ միայն այս երգչուհու, այլև շատերի բառապաշարում, եղե՞լ են երբեւէ մեր լեզվի մշակույթում։ Դժվար թե։ Դրանք աղմուկ են, իսկ աղմուկի մեջ միտքը չի ապրում։ Շրջապատի կարծիքն անտեսելու, մարդկանց արհամարհելու, անսքող մեծամտության հոտ է գալիս նման խոսքից։ Իսկ նման խոսքը ծնվում է մարդու մտածողությունից, կյանքի նկատմամբ վերաբերմունքից։ Ոճը՝ ինքը մարդն է։ Լեզուն վարքագիծ է։ Ինչպես չի կարելի անճաշակ հագնվել պետական արարողության գնալիս, այնպես էլ չի կարելի անճաշակ խոսել հանրային միջավայրում։ Խոսքը մեր ներքին կարգապահության, մեր ինքնահարգանքի արտահայտությունն է։ Իսկ այդ «հա»-երը, «բա»-երը, «տատուս արեւ»-ները, «էտի, էսի, էնի»-ները երբևէ եղե՞լ են մեր լեզվի մշակույթի մաս։ Ո՛չ։

Ահա ինչու եմ համոզված, որ լեզուն երբեք երկրորդական չի եղել ու չի կարող լինել: Լեզուն պետականության, ինքնության, գոյի ողնաշարն է։ Եթե այդ ողնաշարը ծուռ է կամ կոտրված, ոչ մի ընտրություն, ոչ մի ծրագիր, ոչ մի ճառ չի կարող ուղղել պետության «կեցվածքը»։

Մենք կարող ենք ժամերով խոսել անվտանգությունից, ապագայից, բարեփոխումներից, բայց եթե այդ ամենը ձևակերպում ենք աղավաղված, կիսատ, անորոշ, գռեհիկ լեզվով, ապա ոչինչ չենք ասում և ոչնչի չենք հասնում։ Մի իմաստուն ասել է․

«Եթե ինձ հարցնեն՝ որն է կյանքում ամենաանպաշտպան բանն աշխարհում, ես կասեմ՝ մայրենի լեզուն»։

Այո՛, մեր լեզուն այսօր անպաշտպան է, իսկ դա ինձ շատ է անհանգստացնում: Լեզուն շնչող, կենդանի էակ է։ Եվ ինչպես ամեն կենդանի բան, նա կարող է ծաղկել, կարող է նաև անտեսվել, խեղվել՝ ամենօրյա անփութության ու արհամարհանքի մեջ։ Այսօր հայոց լեզուն հենց այդ վիճակում է։ Ոչ թե զարգանում է, այլ՝ քայքայվում։ Ոչ թե հարստանում է, այլ՝ աղքատանում։

Եվ ամենացավալին այն է, որ դա տեղի է ունենում ոչ թե անգրագետ մարդկանց «շնորհիվ», այլ հաճախ՝ հանրությանը հայտնի, ճանաչված, «կարծիք ձևավորող» անձանց խոսքի միջոցով։ Մարդը խոսում է այնպես, ինչպես մտածում է։ Մտածում է այնպես, ինչպես ապրում է:

Մայրենի լեզվի նկատմամբ արհամարհանքը մենք զգում ենք ամեն օր, ամեն քայլափոխի՝ ցուցանակներում, եթերում, սերիալներում, հարցազրույցներում, նույնիսկ՝ մասնագիտական խոսքում։ Լեզուն դարձել է կա՛մ ցուցամոլության գործիք, կա՛մ կեղծ «ժողովրդականության» զոհ։ Բայց ամենացավալին այն է, որ երբեմն լեզվի հանդեպ այդ արհամարհանքը ոչ թե անգիտակցական է, այլ՝ բացահայտ, ցուցադրական, լպիրշ ու ինքնավստահ։

Մի քանի «գոհար» ներկայացնեմ հարցազրույցներից. Քաղաքական/պաշտոնական խոսք.

«Մենք ունենք տեսլական, որը հիմնված է ապագայի զարգացման կոնցեպտուալ մոտեցման վրա»:

«Այս պահին ես չեմ կարող հստակ ասել, բայց գործընթացը ընթանում է»:

«Մենք փորձում ենք մաքսիմալ օպտիմիզացնել ռեսուրսները»:

«Պետք է ֆոկուս անենք թիրախային սեգմենտի վրա»: «Վերոնշյալ իրադարձությունը հանդիսանում է կարևորագույն հանգրվան մեր հասարակության զարգացման համատեքստում»:

Եթե քաղաքական գործչի լեզուն այսպես «խճողված» է, մյուսներից մեծ բան պահանջել չի կարելի, ուստի վաճառողն էլ ասում է․

«Էս նոր մոդել ա, շատ տրենդի մեջ ա»:

Անտանելի չափերի են հասնում գռեհկաբանությունները սերիալ¬ներում, շոուներում.

«Էդ ի՞նչ ես բզբզում, այ մարդ», «Դու լրիվ տուպոյ ես», «Գլուխդ չի կտրում», «Էդ ի՞նչ ես դեբիլություն անում»: Բժիշկն է խոսում․ «Դե, նորմալ չի վիճակը, պիտի նայենք», «Մի քիչ խնդիր կա»։

Իրավաբանը․ «Ընդհանուր առմամբ, օրենքը թույլ է տալիս որոշակի քայլեր»։

Իսկ որոշ «գրագետներ» ուղղակի սղոցում են․ «Էդ հարցը պիտի ֆիքսենք», «Ինքը շատ ադեկվատ չի», «Դա իմ պերսոնալ օփինիոնն է», «Մի քիչ դիսքոմֆորտ կա»: Ամենածիծաղելին՝ երբ փորձում են «գրագետ երևալ», ու ստացվում է այսպես․ «Շնորհակալություն հայտնում ենք Ձեր կողմից ցուցաբերված ուշադրության համար» (երբ կարելի է ասել՝ շնորհակալ ենք ուշադրության համար), «ՈՒնենք որոշակի խնդիրների առկայություն» (այսինքն՝ խնդիր ունենք, բայց ամաչում ենք ասել):

Սրանք մտքի աղքատության, խոսքի անորոշության մասին են խոսում, որը երբեմն նաև ծառայում է որպես պաշտպանիչ վահան։

Բայց բանավոր խոսքին զուգահեռ կան նաև գրավոր խոսքի ցնցող նմուշներ, օրինակ՝ ցուցանակներ։ Մեր փողոցներում հայերենն առաջին հերթին խայտառակվում է հենց ցուցանակներում։ Մի ժամանակ ռուսերեն էին, հիմա՝ անգլերեն։ Luxury Store, Concept Shop, Beauty Zone: Եվ ամենախայտառակն այն է, որ հաճախ սխալ անգլերենով։

Շատ դեպքեր կան՝ հայերենն ուղղակի բացակայում է։ Լեզվի մասին օրենքն է խախտվում: Կարծես ամաչում են հայերեն ցուցափեղկից, կարծես հայերենը չի «վաճառում, չի գրավում, մոդայիկ չի, չի օգնում բիզնեսին»։

Մարդը խոսում է այնպես, ինչպես մտածում է։ Մտածում է այնպես, ինչպես ապրում է։ Պատահական չէ հին, բայց անխոցելի ճշմարտությունը․ ոճը՝ ինքը մարդն է։ Ինչպիսին ոճն է, այնպիսին էլ մարդն է:

Հայոց լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ։ Դա մեր մտածողության տունն է։ Եվ եթե այդ տան պատերը շարունակենք այսպես ճաքեցնել, մի օր կարթնանանք ու կհասկանանք՝ խոսում ենք շատ, բարձր, ազատ… բայց մեր Սուրբ լեզվով չենք խոսում։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ