Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Հոգևոր փտախտի հետևանքները

Հոգևոր փտախտի հետևանքները
03.06.2026 | 11:16

- Երբ խզվում է հարգանքը սգի, մայրության և նահատակության հանդեպ,

- Երբ արհամարվում է որդեկորույս մոր անդարմանելի վիշտը,

- Երբ շրջապատի մարդիկ սփոփանքի փոխարեն ցուցաբերում են կոպտություն ու նետում «ծախված լինելու» նվաստացուցիչ մեղադրանք․

նշանակում է, որ հասարակական օրգանիզմի մի մասի մոտ առկա են խոր բարոյական և հոգևոր ճգնաժամի ախտանիշներ։

Փառք Աստծո, որ կան առողջ բջիջներ, որոնք այս ամենը չեն հանդուրժում։

Եկեկ քննենք.

1․ Երբ մարդը ծառայում է երկրային կուռքերին ու համակարգերին՝ սուրբգրային Բահաղի օրինակով, նրա մեջ աստիճանաբար մահանում է աստվածատուր խիղճը (Ա Տիմոթ. 4:2)։

Նա դիմացինի մեջ այլևս չի տեսնում Աստծո պատկերը (Ծննդ. 1:27), այլ տեսնում է միայն «օբյեկտ» կամ «հակառակորդ», որին պետք է լռեցնել։ Սա քարսրտության և հոգևոր կուրության դրսևորում է։

2. Որդեկորույս մորը «ծախված» անվանելը զրպարտության այն դրսևորումներից է, որով փորձ է արվում արժեզրկել նրա ցավն ու խոսքը։ Չարը չի կարող տանել Ճշմարտության ձայնը, ուստի փորձում է պղծել ու արժեզրկել հենց մոր սուգը, որպեսզի արդարացնի սեփական դաժանությունը։

3. Լացող մայրը կրում է իրականության ծանր խաչը։ Նրա վիշտն անկեղծ է, և նա իր ցավով վկայում է անարդարության մասին։

4. Դա արհամարողները գտնվում են հոգեբանական և հոգևոր ինքնախաբեության և պատրանքի մեջ։ ՈՒստի նրանց միտքը կառչում է սեփական կործանարար ընթացքի «ճարտարապետից»՝ նրան վերածելով «փրկչի», որպեսզի ներքուստ ստեղծեն կեղծ իմաստավորում։ Սա վառ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է հավաքական մոլորությունը բաժանում անգամ նույն ցավը կրող մարդկանց։

5. Այսպիսի խորը հոգևոր ախտը հնարավոր չէ բուժել սոսկ հասարակական կարգի փոփոխություններով կամ նոր օրենքներով։ Բարոյական անկման հաղթահարումը պահանջում է հոգևոր արմատական վերածնունդ` ճշմարտության հետ առերեսում և ապաշխարություն (Գործք 3:19)։

6․ Առաջին քայլը ստի համակարգից դուրս գալն է (Յայտն. 18:4)։ Հասարակությունը պետք է դադարի չարին բարի կոչել (Ես․ 5:20)։

7․ Ինչպես Եղիա մարգարեն ստիպեց ժողովրդին կանգնել ընտրության առաջ (Գ Թագ. 18:21), այնպես էլ այսօր յուրաքանչյուր հայ պետք է իր հոգում սահմանազատի սրբությունն ու կուռքը։

8. Բժշկությունը սկսվում է այն պահից, երբ մենք իրերն անվանում ենք իրենց անուններով՝ կռապաշտությունը՝ կռապաշտություն, իսկ սրբապղծությունը՝ սրբապղծություն։

9․ Երբ ազգը վերադառնա իր քրիստոնեական արմատներին, կգիտակցի, որ նահատակի հիշատակն ու սգավոր մայրը անձեռնմխելի սրբություններ են։

10․ Ոստիկանը, չինովնիկը կամ հասարակ քաղաքացին պետք է ներքին երկյուղածություն ունենան վշտի առաջ։ Ամենամեծ թմբիրը ժողովրդի լռությունն է։ Այս բարոյական անկումը հաղթահարվում է այն ժամանակ, երբ տեսնելով որդեկորույս մոր հանդեպ անարգանքը՝ կողքի կանգնած հանրությունը չի լռում (Առակ. 31:8-9)։

Այսպիսով, քանի դեռ հասարակությունը փրկությունը որոնում է երկրային առաջնորդների ստեղծած պատրանքների մեջ, բարոյական անկումը շարունակվելու է (Սաղմ. 145:3)։ Վերածնունդը կսկսվի այն ժամանակ, երբ հայ մարդը գիտակցի, որ հայրենիքը, եկեղեցին և ազգային սրբությունները ի վերուստ տրված պարգևներ են, որոնք կոչված ենք պահպանելու հավատարմությամբ, այլ ոչ թե զոհաբերելու հանուն ժամանակավոր կուռքերի և նրանց կեղծ խոստումների։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ