«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

«Անամոթության շեդևրից» մինչև պետականության «պլինտուս»

«Անամոթության շեդևրից» մինչև պետականության «պլինտուս»
13.04.2026 | 19:44

(30 արծաթի և արժանապատվության սահմանագծին)

«Ես Նիկոլի մահը չեմ ուզում, թող ռադ լինի գնա» յուրօրինակ «մահախոսականը», որն ակամա սթափեցնում է աչքի անցկացնողին, լրագրող Կորյուն Սիմոնյանի՝ 5-րդ ալիքի եթերում «RELEVANT» փոդքասթի անոնսն էր։ Զրուցակիցը Լևոն Ջավախյանն էր, որն իրեն բնորոշ անմիջականությամբ և «առանց շրջանակների» խոսքով պատռեց այն կեղտակուռ դիմակը, որի տակ թաքնված է մերօրյա աղետը։

Արձակագրի ձևակերպումները սոսկ քաղաքական գնահատականներ չէին, այլ դաժան ախտորոշում մի ժամանակաշրջանի, որտեղ «անամոթությունը» հռչակվել է պետական դավանանք։

Գրողը դիպուկ է նկատում՝ երբ իշխանությունը ոչ թե բարձրացնում է ազգին դեպի վեհ արժեքներ, այլ իջեցնում է մինչև «շրիշակի» ու «պերաշկիի» մակարդակ, մենք գործ ենք ունենում համատարած հոգևոր բոբիկության հետ։

Իսկական ողբերգություն է, երբ երկրի ղեկավարը ժողովրդահաճո էժան խաղերով, հրապարակավ «պերաշկի» ուտելու կամ «քյաբաբ հոշոտելու» նողկալի տեսարաններով փորձում է համոզել, թե «ձեզնից մեկն եմ»։

Իրականում, սակայն, նա ոչ թե ժողովրդական է, այլ հանրությանն է քաշում-իջեցնում է իր անհատակ մակարդակին։

Դա դեմոկրատիա չէ, ինչպես փորձում է ներկայացնել սույն քաղաքական թյուրիմացությունը, այլ «թմրության» գիրկն ընկածների ձայների վրա հենված տիրանիա, որտեղ պետական վեհությունը փոխարինվել է փողոցային լկտիությամբ։

Այնտեղ, որտեղ ավարտվում է արժանապատվությունը, սկսվում է նիկոլիզմի անբարոյականությունը, որի վերջնակետը հայրենիքի ու տեսակի կորուստն է։

Այս ամենատես ախտորոշման մեջ գրողի ներկայացրած ամենատպավորիչ պատկերներից մեկը հագուստի ու էության բացահայտ անհամատեղելիությունն էր։ Լևոն Ջավախյանը նկատում է մի նուրբ, բայց խորքային ճշմարտություն. երբ ներքուստ բացակայում է պետական մարդու տեսակը, արտաքին ոչ մի «ատրիբուտ» չի կարողանում լրացնել այդ դատարկությունը։

«Կեպի է դնում՝ չի սազում։ Գարշոկանման ցիլինդր է դնում՝ չի սազում։ Կոստյում է հագնում՝ չի սազում»...

Սա զուտ ճաշակի հարց չէ, այլ կերպարի ու կոչման տոտալ անհամապատասխանություն։

Գրողը, որպես համեմատություն, բերում է Պուտինի օրինակը՝ շեշտելով, որ պետության ղեկավարի համար հագուկապը, խոսքը, նիստուկացը սոսկ ձև չեն, այլ չափանիշ, որին պետք է ձգտել։

«Տղա ջան, նայիր ու սովորիր էլի...»,- հեգնում է արձակագիրը, բայց ինքն էլ փաստում դառն իրականությունը. «Չէ՛, էս մարդը ոչինչ չսովորեց»։

Եվ չէր էլ կարող սովորել, որովհետև նիկոլիզմի էությունը հենց այդ «չսովորելու», չսրբագործվելու և ամեն ինչ սեփական տեսակի պես տձևացնելու մեջ է։ Երբ մարդու ներսում չկա պետականության ողնաշարը, անգամ թանկարժեք կոստյումը նրա վրա դիտվում է որպես օտար մարմին, իսկ յուրաքանչյուր քայլը վերածվում է թատերականացված էժան ֆարսի։

Այն, ինչի մասին ահազանգում է գրողը, մերօրյա դառնագույն իրականությունն է։ Նիկոլիզմը, որպես հակազգային ծրագիր, հետևողականորեն թիրախավորել է հայրենասիրությունը՝ այն պիտակավորելով որպես «ԽՍՀՄ-ի պարտադրանք» կամ «ֆաշիզմ»։ Երբ մշակույթի նախարարի աթոռը զբաղեցնողը հեգնում է Նժդեհին, իսկ վարչապետի պաշտոնը յուրացրածը՝ Արցախն ու Մասիսը, սա այլևս քաղաքականություն չէ։ Սա բացահայտ հոգևոր ցեղասպանություն է։

Ջավախյանի պատասխանը հստակ է ու աներկբա. հայրենիքը ծնող է, իսկ ծնողի հանդեպ սերը չի կարող հեգնանքի կամ սակարկության առարկա դառնալ։ Եթե գրողն ու մտավորականը լռում են, երբ անարգում են իրենց տեսակը, նրանք դադարում են գոյություն ունենալ որպես հանրային խիղճ։

Այսօրվա մեր տղմուտ իրականության մեջ, որտեղ ամեն ինչ վաճառվում ու մանրվում է՝ սկսած լրագրողի խղճից մինչև պետական սահմաններ, Ջավախյանի խոստովանությունը հնչում է որպես հոգևոր դավանանք.

«30 արծաթով Հուդան հոգին ծախեց, ես էդ արծաթն եմ ծախում, որ հոգիս պահեմ»․․․

Սա է այն «մազե կամուրջը», որով այսօր պարտավոր է անցնել յուրաքանչյուր արժանապատիվ հայ։

Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ «կուկուռուզ կրծող» ու ատելության թարախ տարածող տեսակը մեզ վերջնականապես տանի դեպի կործանարար թուրքահպատակություն։

Կյանքից վեր արժանապատվությունն է, իսկ արժանապատվության վերականգնումը սկսվում է դավաճանությունն իր անունով կոչելուց։

Թույնի ու թարախի վրա հնարավոր չէ իշխանություն պահել։ Լևոն Ջավախյանի հնչեցրած «Գնա՛»-ն ոչ թե լոկ հուզական կոչ է, այլ ազգային փրկության միակ և անխուսափելի ճանապարհը, որպեսզի հայ մարդը վերջապես կարողանա շունչ քաշել սեփական հողում։

Մեզ պետք չէ պարտադրված «բոմժի» կարգավիճակ և ոչ էլ հոգևոր ամայություն։ Մեզ պետք է վերադարձ դեպի մեր մոնումենտալ արժեքները, դեպի այն ինքնությունը, որը դարեր շարունակ մեզ պահել է որպես տեսակ, և որը ոչ մի «անամոթության շեդևր» չի կարող ոչնչացնել, եթե մենք տեր կանգնենք մեր Խղճին ու Հայրենիքին։

Գնա՛... որովհետև հայի տեսակը «շրիշակի» համար չէ, այլ բարձունքների։ Մեզ փորձեցին համոզել, թե հայրենիքն ընդամենը տարածք է, իսկ արժանապատվությունը՝ բեռ։ Բայց մենք հիշում ենք այն մոնումենտը, որի հիմքում մեր լեզուն է, մեր հավատքն ու մեր սրբազան հողը։

Պատմության թափոնները միշտ էլ փորձել են պղծել սուրբը, բայց լույսը միշտ հաղթել է մթությանը։

Մենք չենք ընտրում բոմժի կյանքը, մենք ընտրում ենք Հարության ճանապարհը։ Եվ այդ ճանապարհին ոչ մի «30 արծաթ» չի կարող գնել այն հոգին, որը պատրաստ է տեր կանգնելու իր պատվին։

Վերջը սկսվել է. փլուզվում է «անամոթության շեդևրը», իսկ մենք վերադառնալու ենք մեր Ակունքներին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ