Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Բանավոր մոխիր, բանավոր սերմ

Բանավոր մոխիր, բանավոր սերմ
11.03.2026 | 14:10

Փոշի, փոշի բառեր՝ մոխիր, մոխիր –

մեր երազի վրա ու խայտանքի,

փշուր, փշուր ձայներ՝ ածուխ, ածուխ –

մեր հետքերի վրա ու խոյանքի:-

Ես հատում եմ նորից արևի խավար շրջանները հսկա, լուսնի

խավարման մեռյալ գիշերները և խավարակոփ շեմերը վաղվա.-

լուսեղենն այնտեղ զարմանալի առատ ու կենարար է, քան մռայլ ու վայրագ տիվերի մեջ և աշխարհակալ վառ լապտերների օվկիանոսներում:- Լույսը սպանվում է անվանական լուսե դաշույններով, երբ հրավառությունը համակում է բարձր ամրոցները: Իսկ ինձ արևաբույր խոսք Է շշնջում մուգ սպասման ծոցում կեցած գեղուհին,- նրա նազանքներում ննջում են մանուկ առավոտները:- Թե համառես զուր, կկիզվես անմեղության շեշտակի շողքից:-

Կոտորակված եմ փամփուշտի մեջ փակված արճճի պես, բայց

իմ ամբողջական հղացքներն եմ գտնում մայրուղիներին ու բլրաշարերին, անդաստանի դալար շշուկների մեջ, հրաժարիմքով չուերի հետ, սնդիկի փոքր գնդիկների նման հա՜ խաղագլոր հուշերի ներքո:- Վախճանի շունչն ես զգում

շարունակ, մինչդեռ պարուրված ես քեզ ծնած ոգու անմահության մեջ:- Ինձ թիթեռը պարզեց, թե տուֆի կրծքում ոնց են ամփոփվել խնդության բոլոր նրբերանգները, և ինչպես թռչել, որ ոչ մի զեփյուռ քեզ չշեղի դարձի խուճուճ

ճամփաներից:- Գրվում ես հողմին, քարի տխրության մեջ ու ժամանակի խշշան թղթերին, իսկ առավելս – դու անմարմին հավք ես, անգիր հորդորակ, անշոշափ վեմ ես, բանավոր մոխիր ու բանավոր սերմ – օրերի ճաքած սափորների մեջ,- և ամենուր

է՜ լսելի երգը մայր հրեշտակի, տեսանելի ես հողից արձակվող ամեն հնչյունում:

Կրակ, կրակ ճիչեր՝ մոխիր, մոխիր –

մեր ոգումի վրա և հուզանքի,

ալիք, ալիք կանչեր՝ գեղոն, գեղոն –

մեր ցանքսերի վրա ու բաղձանքի:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ