AP գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ը և Իրանը ակտիվորեն քննարկում են բանակցությունների նոր փուլի հնարավորությունը՝ փորձելով հասնել իրանական հակամարտության դադարեցմանը միտված համաձայնության։ Որպես հանդիպման վայր կրկին քննարկվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը, հնարավոր տարբերակ է դիտարկվում նաև Ժնևը։               
 

Բանակցությունները ձախողված են, ամերիկա-իսրայելական ագրեսորների և Իրանի միջև պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել

Բանակցությունները ձախողված են, ամերիկա-իսրայելական ագրեսորների և Իրանի միջև պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել
14.04.2026 | 11:33

Տողերիս հեղինակի հերթական կանխատեսումը, ցավոք, այս անգամ էլ իրականացավ: Դեռ ապրիլի 9-ին հրապարակված «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով» հոդվածում գրել էի. «Բազմաթիվ հիմքեր կան եզրակացնելու, որ հիշյալ բանակցությունները հակամարտ կողմերի համար, ցավոք, ընդամենը ժամանակ շահելու միջոց են և արդյունք չեն տալու, որից հետո պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»:

Գրեթե նմանաբնույթ կանխատեսմամբ հանդես էր եկել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Կանխատեսման առաջին մասը՝ բանակցությունների ձախողման վերաբերյալ, արդեն իրականացավ. ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի 11-12-ը 1979 թվականից ի վեր առաջին անգամ տեղի ունեցած բարձր մակարդակով և ուղիղ բանակցությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցրել: Պակիստանի միջնորդությամբ Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները փակուղի են մտել, հակամարտ կողմերը համաձայնության չեն եկել թե՛ Իրանի միջուկային ծրագրի՝ միջուկային էներգետիկայի, թե՛ ամերիկյան բանկերում Իրանի ֆինանսական միջոցների մասնակի ապասառեցման, թե՛ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության, թե՛ Իրանին հասցված վնասի փոխհատուցման շուրջ:

Դեռ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցինիկաբար հայտարարել է, որ իրեն չեն հուզում հանդիպումների արդյունքները, քանի որ Վաշինգտոնն ամեն դեպքում հաղթում է, և որ ԱՄՆ-ը կազատի Հորմուզի նեղուցը: Բանակցություններից առաջ Պակիստանի և Չինաստանի աջակցությամբ ձեռք բերված փխրուն հրադադարը, ցավոք, երկարաժամկետ խաղաղության չի վերածվի: Բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ պետություններն ընդհանուր համաձայնության չեն եկել, ամերիկյան կողմը «շատ հստակ նշել է» իր կարմիր գծերը, սակայն իրանական պատվիրակությունը հրաժարվել է ընդունել պայմանները: Նշելով, որ ԱՄՆ-ն Իրանին «վերջնական և լավագույն առաջարկն» է արել, Վենսը հավելել է. «Տեսնենք՝ կընդունե՞ն արդյոք իրանցիները»:

Իրանում ԱՄՆ-ին մեղադրել են ուռճացված պահանջներ ներկայացնելու և իրենց հավակնություններն իրատեսական մոտեցմամբ չփոխարինելու մեջ: Իրանական պատվիրակության ղեկավար, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցցանցում նշել է, որ Թեհրանի պատվիրակության ներկայացուցիչները 168 կառուցողական առաջարկ են ներկայացրել, սակայն ամերիկացիները չեն կարողացել «շահել իրանական պատվիրակության վստահությունը»: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաի Քանենն, իր հերթին, հստակեցրել է, որ երկրները «փոխըմբռնման են հասել» մի շարք թեմաների շուրջ, սակայն մի քանի կարևոր հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են:

Թեև Վաշինգտոնը պահանջել է, որ Իրանն ի վնաս իր և իր բարեկամ պետությունների, հատկապես Չինաստանի շահերի, Հորմուզի նեղուցը վերահսկելու, նեղուցի անվտանգությունը կառավարելու իրավունք տա ԱՄՆ-ին, Թեհրանը պաշտպանել ու պաշտպանում է ծովային միջանցքը վերահսկելու իր իրավունքը, մտադիր չէ նաև կատարել ուրանի հարստացման բոլոր ցենտրիֆուգները ոչնչացնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև հարստացված 400 կգ ուրանն ԱՄՆ-ին հանձնելու կամ երկրից դուրս բերելու պահանջները:

ԱՄՆ-ը հրաժարվել է կատարել ամերիկյան բանկերում սառեցված Իսլամական Հանրապետության ֆինանսական միջոցների մասնակի ապասառեցման, ինչպես նաև պատերազմում կրած վնասների փոխհատուցման Իրանի պահանջները: Իսլամաբադում կայացած հանդիպումից հետո Իրանում հայտարարել են, որ առայժմ մտադիր չեն բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Դեռևս հայտնի չէ, թե ե՞րբ և որտե՞ղ կկայանա հակամարտող կողմերի երկխոսության հերթական փուլը, և այն, ընդհանրապես, կկայանա՞ արդյոք… Արդյոք կա՞ հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորություն: Ստորև՝ փորձագետների կանխատեսումները.

«Իրան-1979» կայքի գլխավոր խմբագիր, իրանագետ Իսմագիլ Գիբադուլինը «Ведомости» թերթի համար մեկնաբանելով իրանցիների և ամերիկացիների բանակցությունների արդյունքները, ասել է.

«Նույնիսկ եթե ԱՄՆ-ի ղեկավարությունը միասնական, համախմբված դիրքորոշում ունենար, որը նրանք պատրաստ կլինեին ներկայացնել բանակցային գործընթացում, այս ամբողջ տարածաշրջանային պատերազմի գլխավոր նախաձեռնողը՝ ի դեմս Իսրայելի, շահագրգռված չէ ամերիկա- իրանական երկխոսությամբ, քանի որ կարծում է, որ չի հասել հակամարտության իր նպատակներից ոչ մեկին»:

Գիբադուլինը ենթադրել է, որ բանակցություններն արդյունավետ կդառնան միայն այն բանից հետո, երբ Իսրայելում հասկանան, որ պարտվել են՝ ԱՄՆ-ի հետ Թեհրանի դեմ հերթական ռազմարշավը նախաձեռնելով:

Քաղաքագետ, միջազգայնագետ Կիրիլ Սեմենովը «Взгляд» թերթի հետ զրույցում ասել է, որ ամերիկացիները դեմ են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությանը, քանի որ այդ դեպքում իրանցիները բեռնափոխադրող նավերից գանձվող վճարներով ապահովված կլինեն բարձր եկամուտներով, բացի այդ, ԱՄՆ-ի 5-րդ նավատորմը Պարսից ծոցում կհայտնվի Իրանի վերահսկողության ներքո:

Սեմենովը ենթադրել, որ կողմերը համաձայնության չեն եկել նաև Մերձավոր Արևելքից ամերիկյան բազաների դուրսբերման շուրջ: Ըստ նրա, Պարսից ծոցի միապետությունները դա չեն ցանկանում այնպես, ինչպես ԱՄՆ-ը: Փորձագետի կարծիքով, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը նույնիսկ պայմանավորվեն ու հասնեն կոնսենսուսի, միևնույն է, ռազմական հակամարտության վերսկսման հնարավորությունը կպահպանվի Իսրայելի դիրքորոշման պատճառով, որին չեն գոհացնի Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումները:

Ամերիկագետ Մալեկ Դուդակովը կարծիքով, այս պահին ամերիկացիներն ի վիճակի չեն ուժով հասնել Իրանում իշխանափոխության կամ ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։ Նա հնարավոր է համարել, որ հրադադարը կարող է փոխարինվել հակամարտության վերսկսմամբ, սակայն նշել է, որ ամերիկացիների հնարավորություններն այժմ սահմանափակ են:

«JASSM, «Tomahawk» թևավոր հրթիռների և ՀՕՊ համակարգերի համար հակահրթիռների պաշարները սպառված են,- ասել է փորձագետը:- Ամերիկյան հասարակության ներսում տրամադրվածությունը խիստ բացասական է այս պատերազմի և դրա շարունակման նկատմամբ»։

Դուդակովը Թրամփի ներկայիս վիճակը միանգամայն ճիշտ կերպով գնահատել է բարդ: Ըստ նրա, եթե ԱՄՆ-ի նախագահը վերսկսի ռազմական գործողությունը, ապա էապես կվատթարացնի իր ներքաղաքական դիրքերը, իսկ եթե զիջումների գնա Իրանին, ապա այդպիսով կընդունի իր պարտությունը: Կա ևս մի այլ շատ կարևոր հանգամանք.

«Կոնգրեսն այժմ դուրս է գալիս Զատկի արձակուրդից, և այն, ըստ երևույթին, կարգելափակի Թրամփի ռազմական լիազորությունների երկարաձգումը և պատերազմը շարունակելու համար նրան տրանշների հատկացումը,- NEWS.ru-ին ասել է ամերիկագետը:- Ըստ օրենքի, նա, առանց Կոնգրեսի հավանության, իրավունք ունի ռազմական գործողություններ իրականացնել միայն 2 ամիս, և այդ ժամկետը լրանում է ապրիլի վերջին»:

Այսպիսով նկատենք, որ եթե Թրամփը ռազմական գործողությունները մինչև ապրիլի վերջ չվերսկսի, դրանից հետո, ամենայն հավանականությամբ, չի կարողանա, ինչը կնշանակի ԱՄՆ-ի պարտությունը և իր քաղաքական վախճանը:

Իրանագետ Անաստասիա Կիսլիցինան «Ведомости»-ի հետ զրույցում այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունները կշարունակվեն միայն ռազմական դիմակայության հերթական սրումից հետո, որը Թրամփին կհամոզի, որ իր համար ավելի ձեռնտու է ավարտել ռազմարշավը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ