Մարդու կյանքում հիվանդությունն անխուսափելի փորձություն է։ Այն հիշեցնում է մեզ մեր մարմնի փխրունության և Աստծուց կախվածության մասին։ Սակայն հենց այդ պահին է, որ աղոթքը դառնում է ամենահզոր դեղը՝ հոգու և մարմնի բժշկության համար։
Աղոթքը բժշկություն է, որովհետև այն վերականգնում է մարդու ներքին խաղաղությունը, ամրացնում է հավատը և միավորում է նրան Աստծո սիրո անսպառ աղբյուրին։ Երբ մենք աղոթում ենք ոչ միայն առողջության, այլ նաև բժշկության ԻՆՉՊԵՍԸ հասկանալու համար, սկսում ենք տեսնել, որ Աստված գործում է ոչ միայն հրաշքով բուժելով, այլ նաև մեզ ուժ տալով տանել հիվանդությունը՝ առանց հուսահատվելու։
Հին և Նոր Կտակարաններում բազմաթիվ օրինակներ կան, երբ աղոթքը բժշկություն է բերել։ Տերն ասաց.
«Քո հավատը քեզ փրկեց» (Մատթ. 9:22)։
Երբ մենք հույսով ու հավատքով դիմում ենք Աստծուն, աղոթքը դառնում է ոչ միայն խնդրանք, այլև ներքին վերափոխում։ Այն բացում է մեր հոգին Աստծո խաղաղությանն ու բժշկող շնորհին։
Բժշկության աղոթքը պետք է ուղեկցվի խոնարհությամբ, ներողությամբ և վստահությամբ, որ Աստված գիտի՝ ինչն է մեզ համար իսկապես առողջարար։ Որպես քրիստոնյաներ մենք հավատում ենք, որ հիվանդությունը երբեմն դառնում է հոգևոր արթնացման ճանապարհ․ այն մեզ մոտեցնում է Աստծուն, ստիպում վերանայել մեր կյանքը և նորովի հասկանալ շնորհի ուժը։
Աղոթքը մեզ հիշեցնում է, որ Աստված է կյանքի և բժշկության աղբյուրը․
«Ես եմ Տերը, որ քեզ բժշկում եմ» (Ելք 15:26)։
Թող յուրաքանչյուր ցավ, վիշտ և հիվանդություն դառնա մեր հոգու մաքրման և Աստծո նկատմամբ սիրո զորացման առիթ։ Եվ մեր սրտի խորքից հնչի այս պարզ, բայց զորավոր աղոթքը.
«Տե՛ր, Դու ես իմ բժիշկը, Դու իմ հույսն ես։ Բուժի՛ր ինձ ոչ միայն մարմնով, այլև հոգով, որպեսզի իմ կյանքը դառնա վկայություն Քո սիրո և զորության մասին»։
Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ