Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Որտեղ է եղել դրախտը

Որտեղ է  եղել դրախտը
15.11.2013 | 11:03

Հայերս կասենք՝ իհարկե Հայաստանում, քանի որ մեր մեծերն ասել են. «Հայաստան, երկիր դրախտավայր»: Բայց աշխարհում զանազան կարծիքներ կան այս մասին, այդ պատճառով փորձենք վեր հանել պատմական ճշմարտությունը:
Ահա և առիթ մեր բոլորի հոգիների ծննդավայրի՝ Աստծո դրախտի նկարագրության համար, քանզի ըստ վարդապետ Առաքել Սյունեցու, դրախտը կոչվում է նաև Ադամի քաղաք: ՈՒ քանի որ մեր նախահայր Ադամը այնտեղ է ապրել, իսկ մենք նրա՝ մեր նախաստեղծ հոր մեջ ենք եղել դրախտում, ուրեմն այն՝ եդեմական դրախտը բառիս բուն իմաստով նաև ադամորդիներիս հայրենիքն է, որտեղ մի ժամանակ սերն ու բարությունն են թևածել մեկտեղ, ինչին անիմանալի կարոտով ձգտում են մեր այս մեղավոր ու ժամանակավոր մարմին վրաններում գերված հոգիները։
Եվ վերադարձ դեպի երկնային դրախտ բացվեց Տիրոջ Խաչելությամբ, երբ Սողոմոնի տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև, ոչ թե ներքևից վերև:
Վարդան Արևելցի վարդապետը նախնական դրախտը նկարագրում է հետևյալ կերպ. «Աստված սերովբեների բոցով պատեց դրախտը, որ գտնվում էր երկրի արևելյան կողմում, հաստատված մի բարձր լեռան կատարին, որը հավասար էր լուսնի գնդին: Դրախտը հարուստ էր անծորելի պտղով և անթառամ սաղարթներով, ուր գիշեր-ցերեկ չի թափանցում արևը, այլ պայծառանում է արփուց (լուսավոր երկինք) կամ Աստծո փառքի նշույլներից: Աստված բոլոր տեղերից, նաև վերևից, վառեց հրով, ինչպես շանթական հուր, որպեսզի ոչ ոք չհամարձակվի փնտրել նրան, առանց Աստծո կամքի» (Տիեզերական պատմություն):
Ինչո՞ւ այս մասին ասվեց. որովհետև գրված է, որ Արարիչ Տերը Ադամին ստեղծելուց հետո դրախտի մեջ դրեց, որը հաստատվում է Սուրբ գրքի հետևյալ խոսքով. «Սիոնը պիտի մայր կոչվի, որտեղ մարդը ծնվեց, և նրա հիմքերը Բարձրյալը անձամբ գցեց» (Սղմ. 86.5): Իսկ ըստ հավաստի ավանդության, Ադամն ու Եվան, դրախտից վտարվելուց հետո, բնակվեցին այժմյան Հրեաստանի տարածքում, քանզի որտեղից առնվեցին, այնտեղ էլ հողին պիտի վերադառնային: Գրվածից հասկանալի է դառնում, որ արդար Ադամը արարվել է Սուրբ երկրում, և Աբելի արյունը Կայենը թափել է հենց այդ հողի վրա:
Իսկ Ծննդոց (2.8) գրքում գրված է. «Աստված արևելյան կողմում դրախտ տնկեց Եդեմի մեջ՝ պարտեզ տնկեց և Իր ստեղծած մարդուն այդտեղ դրեց»: Եթե ուշադիր կարդացիք, հատուկ նշվում է «Արևելքում» բառը: Ինչո՞ւ. որովհետև Արևելքի երկրներից առաջինը հայորդիներս ընդունեցինք Աստծո Որդուն, ու մեզանից դեպի արևելք քրիստոնեական երկիր այդպես էլ չեղավ: Եվ ինչպես գիտենք, Սիոնը հրեաների այժմյան սուրբ լեռն է, ու ասացինք Սիոնից արևելք Հայաստանն է, այսինքն՝ կորուսյալ դրախտը, որտեղ. «Մի գետ էր բխում Եդեմից, որը բաժանվում էր չորս ճյուղերի, որպեսզի ոռոգեր պարտեզը: Մեկի անունը Փիսոն էր, երկրորդ գետի անունը Գեհոն էր, երրորդ գետի անունը Տիգրիս էր, չորրորդ գետը Եփրատն էր»։ Իսկ պատմաբանները մեզ հեշտությամբ կապացուցեն, որ Փիսոնը համանուն հայոց Փասիսն է, որ նաև Ճորոխ է կոչվել, Գեհոնը մեր Արաքսն է, իսկ մյուս երկուսի անունները այդպես էլ չեն փոխվել։ ՈՒրեմն հավաստեցինք, որ Հայաստանի նախկին տարածքը մեր նախաստեղծ ծնողների բնակավայրն է եղել։
Եթե կա «արյան կանչ» արտահայտությունը, ապա կա նաև հոգու կանչի խորհուրդը, երբ մեր ներսի՝ անտեսանելի մարդը, ծնված Աստծո Սուրբ Հոգուց, փնտրում է անիմանալին, իսկ մեր հոգին՝ անբացատրելին, որը սուրբ վարդապետները դրախտի կարոտ են անվանում: Եվ դարերի այդ կարոտը երկնքում պիտի առնենք, երբ այս երկրային կյանքի քննությունը հանձնենք, Տերը թող արժանացնի:
Քանի որ Աստվածաշունչ մատյանում ամեն բան իր խորհրդաբանական նշանակությունը ունի, ապա այս էլ իմանանք, որ, ըստ հայտնի աստվածաբան Փիլոն Եբրայեցու, Եդեմի գետը խորհրդանշում է Աստծո իմաստությունից բխող բարության առաքինությունը, որը, բաժանվելով չորս առանձին գետերի, ոռոգում է ողջ երկիրը, և Փիսոնը խոհականության խորհրդանիշն է, Գեհոնը՝ արիության, Տիգրիսը՝ ողջախոհության, իսկ Եփրատը կամ Արածանին՝ արդարության (Փիլոն Եբրայեցի, «Ճառք»): ՈՒ քանի որ Արարիչ Աստված կամեցավ, որ հայ ազգը մկրտվի Եփրատում, նշանակում է առաջինը արդարացրեց մեր մեղքերից և Իր անդրանիկը դարձրեց համայն ազգերից, որոնք դեռ պետք է դավանեին Հիսուսի փրկարար անունը: Այդ չէ՞ր նաև պատճառը, որ ի վկայություն մնացած ազգերի՝ նույն մեր մկրտության ավազան Եփրատում դարերի վերջում թափվեց ու գետի պես հոսեց քրիստոնյա հայի արյունը։
Այսքանը երկրային դրախտի նկարագրության մասին։ Իսկ այժմ պիտի սկսենք Աստծո Երկնային դրախտի մասին մեր մտորումները, քանզի այն մեր հոգիների հավիտենական բնակավայրն է լինելու. եթե Տերը արժանացնի։
Եկեղեցու ամենաբեղմնավոր հայրերից մեկը՝ Որոգինեսը, Աստծո դրախտի մասին այսպիսի յուրօրինակ կարծիք ունի. «Ես կարծում եմ, որ սրբերը, որոնք դուրս են եկել այս կյանքից, պետք է ինչ-որ տեղում մնան, որ գտնվում է երկրի վրա, այն տեղում, որ Աստվածային գրվածքը անվանում է «դրախտ»: Այդ տեղը կլինի, այսպես կոչված, ուսուցման վայր, կամ հոգիների դպրոց, որտեղ հոգիները կսովորեն այն բոլորը, ինչ տեսել են երկրի վրա, ինչպես նաև այդտեղ կստանան որոշ ցուցումներ գալիքի ու սպասվելիքի մասին, որոնք ամբողջությամբ կբացահայտվեն իր տեղում ու իր ժամանակին: Ով սրտով մաքուր է ու անարատ է մտքով և ունի ինչ-որ չափով զարգացած միտք, նա համեմատաբար շուտ առաջադիմելով, շուտով կհասնի օդային տարածք, տարբեր օթևաններով կհասնի Աստծո Արքայություն, ինչպես որ Սուրբ գրվածքն է անվանում՝ երկինքներ»։
Իսկ ըստ Եկեղեցու վարդապետության, գոյություն ունի յոթ երկինք։ Պողոս առաքյալը հասել է մինչև երրորդ երկինք, որի մասին այսպես է վկայել. «Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ (թե մարմնով էր՝ չգիտեմ, և թե առանց մարմնի՝ չգիտեմ, Աստվա՛ծ գիտե) հափշտակվեց մինչև Երրորդ երկինք: Եվ գիտեմ այդպիսի մարդու (թե մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստվա՛ծ գիտե), որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատում խոսքեր, որ մարդս արտոնված չէ խոսել»։
Մնում է ավելացնել, որ, ըստ լուրջ գիտնականների կարծիքի, դրախտը այժմ գտնվում է Վանա լճի հատակում։ Իսկ վերջերս գրված այն կարծիքը, որ իբր գիտնականները գտել են, որ դրախտն ու դժոխքը գտնվում են այլ մոլորակներում. տգետների վարկած է և ոչ սուրբգրային։
Այժմ որպես հոգեշահ խոսք Երկնային դրախտի մասին, կարդանք մի քանի վկայություններ սրբերի կյանքից, որոնք «համտեսել» են այն և պատմել երկրայիններիս։

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ. ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՆՔ
Երանելի Անդրեյը (10-րդ դար), հանուն Հիսուսի խենթը, այնքան ընդունելի էր Աստծուն, որ մի անգամ Երրորդ երկինք վերցվեց։
Ցարիցինում, որտեղ Անդրեյն էր ապրում, պատահեց այնպես, որ ձմեռը սաստիկ ցուրտ եղավ։ Երկու շաբաթ անընդմեջ դաժան ցրտեր էին, շատ տներ ձյունով ծածկվեցին, իսկ հյուսիսից այնպիսի քամիներ էին փչում, որ ծառեր էին տապալվում, իսկ թռչունները ցրտից ընկնում էին մեռած։ Բոլոր անտուններն ու խեղճերը մեծ դժբախտության մեջ էին, նրանք լաց էին լինում, դողում, իսկ շատերն էլ մեռնում էին ցրտից ու սովից։
Չունենալով ո՛չ կացարան, ո՛չ տաք հագուստ, Երանելի Անդրեյը նույնպես մեծ նեղություններ էր կրում։ Երբ ուզում էր իր նման թշվառ ու աղքատ մարդկանց հետ մի անկյունում պատսպարվել, նրան փայտերով դուրս էին քշում, ինչպես մի շան, ու բղավում. «Հեռացի՛ր, հեռացի՛ր այստեղից, շո՛ւն»։
Այլևս չիմանալով, թե ուր պատսպարվի, հուսահատվելով, նա մտածեց. «Օրհնյալ է Աստված. եթե այս ձմեռ մեռնելու եմ, թող մեռնեմ հանուն Իր սիրո, բայց զորավոր է Աստված՝ այս ցրտի հետ մեկտեղ ինձ համբերություն տալու»։ Հետո ինչ-որ մի անկյուն մտավ, տեսավ մի շուն էր պառկած, կամեցավ կողքին պառկել ու մի կերպ տաքանալ, շունը վեր կացավ ու դուրս գնաց։ Եվ Անդրեյն ինքն իրեն ասաց. «Օ, ինչ մեղավոր ես դու, անիծյալ, որ ոչ միայն մարդիկ, այլև շներն են քեզանից խորշում»։
Այնտեղ պառկած, նա սարսռում էր դաժան ցրտից ու քամուց, և ամբողջ մարմինը սառեց ու կապտեց, ու նա արդեն մտածում էր, որ վերջին ժամն է եկել։ Առ Աստված սրտի աչքերը բարձրացնելով, երանելի Անդրեյը սկսեց աղոթել, որ Տերը խաղաղությամբ ընդունի իր հոգին։ Նույն պահին նա իր մեջ ջերմություն զգաց, բացեց աչքերը, և տեսավ մի գեղեցիկ պատանու, ում դեմքը ճառագայթում էր արևի նման, իսկ ձեռքում մի ճյուղ էր բռնել, որի վրա բացված տարբեր ծաղիկներ կային։
Պատանին հարցրեց. «Անդրեյ, ո՞ւր ես»։ Անդրեյը պատասխանեց. «Մահվան ստվերների ձորում եմ գտնվում հիմա»։ ՈՒ նա ձեռքի ճյուղով դիպչելով Անդրեյի դեմքին, ասաց. «Ստացի՛ր մարմնիդ նորոգությունը»։ Նույն պահին Անդրեյը զգաց ծաղիկների բուրմունքը, որից մարմինը կենդանացավ ու ջերմությամբ լցվեց։ Հետո լսեց մի ձայն. «Տարե՛ք նրան, թող մխիթարվի միառժամանակ ու նորից վերադառնա»։
Այդ խոսքերի ժամանակ նա քնեց քաղցր քնով ու տեսավ Աստվածային անպատմելի հայտնություն, որի մասին հետո նա ինքը վկայեց. «Թե ի՞նչ եղավ ինձ հետ՝ չգիտեմ, ինչպես երբեմն լինում է, որ մեկը ամբողջ գիշեր քաղցր քնում է ու առավոտյան արթնանում է, այդպես էլ ես ամբողջ երկու շաբաթ քաղցր տեսիլքի մեջ էի Աստծո ողորմությամբ։ Տեսա ես ինձ գեղեցիկ ու խիստ զարմանալի դրախտում, ու մտորում էի ինքս ինձ, թե ի՞նչ է սա։ Գիտեմ, որ Ցարիցինում էի, բայց ինչպես հայտնվեցի այստեղ, չգիտեմ։ ՈՒ չէի հասկանում, մարմնի մե՞ջ եմ, թե՞ անմարմին՝ Աստված գիտի։ Բայց տեսա, որ ես հագնված եմ ճերմակ ու պայծառ հագուստով, կարծես ամպրոպից գործած լիներ, իսկ գլխիս ծաղկեպսակ էր, ու գոտևորված էի թագավորական գոտիով։ ՈՒ քայլելով այնտեղով, ուրախանում էի անպատմելի ուրախությունով։
Այնտեղ շատ այգիներ կային, որտեղից սքանչելի բուրմունք էր տարածվում շուրջը։ Ծառեր կային, որոնք միշտ ծաղկուն էին, իսկ ծառեր էլ կային, որոնց տերևները ոսկեգույն էին, ու զանազան պտուղներ ունեին։ Համեմատության համար երկրի վրա նման ծառեր չկան, որովհետև մարդկային ձեռքերը չեն դրանք տնկել, այլ Աստվածային։
Այդ այգիներում անհամար թռչուններ էին ապրում, որոնց թևերը ոսկերանգ էին, իսկ ոմանց թևերն էլ ձյունաճերմակ էին ու գեղեցիկ։ Նրանք այնպես հրաշալի էին երգում, որ սիրտս ուրախանում էր դրանց լսելով։ Այգիները շարքով էին, ու ես, դրանց միջով անցնելով, տեսա մի մեծ գետ, որը մեջտեղով էր հոսում ու ոռոգում այդ գեղեցիկ այգիները։ Գետի երկու ափերին խաղողներ էին աճում, որոնք կարծես ոսկեհատիկ լինեին։ Տարբեր կողմերից մեղմ զեփյուռ էր փչում՝ իր հետ աներևակայելի բուրմունք տարածելով։
Մի պահ սարսափ մտավ մեջս, ինձ թվաց, թե երկնքի ամենաբարձր տեղում եմ գտնվում։ Այդ պահին իմ առջևով գեղեցիկ մի պատանի անցավ, կարմրագույն հագուստով, դեմքը արևի նման պայծառ։ Կարծես այն նույն պատանին էր, որ դեմքիս ճյուղով դիպավ։ Ես նրա հետևից գնացի ու հանկարծ տեսա մի մեծ ու գեղեցիկ Խաչ, որի շուրջը կանգնած էին հրեղենանման երգիչներ ու սքանչագույն մի երգ էին երգում, փառաբանելով Խաչյալ Տիրոջը ու համբուրելով Խաչը։ Պատանին մոտենալով Խաչին, նույնպես համբուրեց այն, ու նշան արեց, որ ես էլ մոտենամ։ Երկյուղով ու մեծ ուրախությամբ և անձկությամբ համբուրեցի այն և լցվեցի անպատմելի հոգևոր ուրախությամբ ու առավել մեծ աննման բուրմունք զգացի, առավել, քան դրախտում։
Անցնելով այդտեղից, ցած նայեցի, ու տեսա կարծես ծովի անդունդ, և ինձ թվաց, թե ես օդի վրայով եմ քայլում։ Սարսափած, ես ասացի իմ ուղեկցորդին. «Տեր, ես վախենում եմ, որ չլինի անդունդը գլորվեմ»։ Նա ասաց. «Մի՛ վախեցիր, մեզ պետք է դեռ ավելի վեր բարձրանալ»։ ՈՒ մեկնեց ինձ իր ձեռքը։ Երբ ես բռնեցի նրա ձեռքից, մենք հայտնվեցինք Երկրորդ երկնքից վեր։
Տեսա այնտեղ զարմանալի մարդկանց ու նրանց օթևանները, իսկ նրանց հաղթանակած ուրախությունը անհնար է մարդկային լեզվով նկարագրել։
Հետո մենք մտանք մի աներևակայելի կրակի մեջ, որը չէր այրում, այլ միայն լուսավորում էր։ Ես նորից սկսեցի սարսափել. իմ ուղեկցորդը նորից ձեռքը ինձ մեկնեց, ասելով. «Ավելի վեր պետք է բարձրանանք մենք»։ Եվ այդ պահին մենք հայտնվեցինք Երրորդ երկնքում, որտեղ ես տեսա երկնային զորքերի մի մեծ բազմություն, որոնք Աստծուն էին փառաբանում։ Մենք մի վարագույրի մոտեցանք, որը փայփլում էր կայծակի նման, որի առջև կանգնած էին բարձրահասակ ու ահազդու պատանիներ, տեսքով հրեղեն, որոնց դեմքերը հուրհրում էին արևից էլ պայծառ, իսկ ձեռքներին հրեղեն զենքեր էին։ Իմ ուղեկցորդը ասաց. «Երբ բացվի վարագույրը, դու կտեսնես Քրիստոս Տիրոջը. երկրպագի՛ր Նրա փառքի Գահին»։
Այդ լսելով, երկյուղալից ուրախություն ապրեցի, որովհետև ինձ սարսափ պատեց, միաժամանակ անպատմելի ուրախություն զգացի, ու ես նայում էի, երբ կբացվի վարագույրը։ Եվ ահա մի հրեղեն ձեռք քաշեց վարագույրը, ու ես տեսա իմ Տիրոջը, ինչպես մի ժամանակ Եսայի մարգարեն, նստած բարձունքում, իսկ շուրջբոլորը կանգնած էին սերովբեները։ Նա ծիրանի զգեստ էր հագել։
Երբ նա խոսում էր, ես, որ կարծես քաղցր քնով էի ընկել, արթնացա, ու հայտնվեցի այն նույն տեղում, ուր առաջ էի՝ պառկած անկյունում, ու մեծ զարմանքով զարմացա, որ արժանացա տեսնելու այն, ինչ որ տեսա։
Այդ ժամանակ սիրտս աներևակայելի ուրախությամբ լցվեց, ու ես գոհություն հայտնեցի իմ Տիրոջը, որ ինձ այդքան մեծ ողորմության արժանացրեց»։
Մենք էլ մեր կյանքի քննությունը հանձնենք մեզ Ստեղծող Աստծուն, և թող բոլորիս արժանացնի Իր պատրաստած երկնային դրախտին:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ