Այն մասին, որ ամեն բան, ինչ տեսնում ենք ու չենք տեսնում, ստեղծվել է Աստծո խոսքով, գիտենք Աստվածաշնչի հենց առաջին տողերից։ Երկար մաքառումից հետո ժամանակակից գիտնականները նույնպես հայտնաբերել են, որ ամբողջ արարչությունը կազմված է ատոմներից, որոնք իրենց հերթին կազմված են լույսի ֆոտոններից և ձայնային թրթռումներից (որ խոսքի հիմնանյութն է)։ ՈՒ գիտնականները եկան այն վերջնահանգման, որ լույսն ու ձայնը բազային հիմնանյութերն են համայն տեսանելի արարչության։ Ըստ Աստվածաշնչի, Տեր Հիսուսը ճշմարիտ Լույսն է և Հոր տեսանելի Խոսքը՝ Բանը, քանզի ամեն բան Նրանով եղավ և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։
Լոնդոնի համալսարանի գերհզոր ատոմային միկրոսկոպի միջոցով գիտնականները «տեսան» արարչության նախապատճառը կամ առաջնային հենքը, և դա վիբրացիոն էներգիան է՝ տիեզերքը ժամանակի ու չափի, կարգ ու կանոնի մեջ պահող ուժը կամ զորությունը։ Այդ բանը դեռ վաղուց ասում էր Ավետարանը՝ Աստծո կենդանի խոսքը. օրինակ, Հիսուսի սովորեցրած «Հայր մեր» աղոթքում, երբ ասում ենք՝ Քոնն է Արքայությունը, զորությունը, որ հունարեն դինամո բառն է, և թարգմանվում է ուժ կամ զորություն։ ՈՒ այդ նույն գիտնականները, որ դարերով պայքարել են Աստծո գոյության դեմ, այդ հայտնագործություններից հետո «փափկել են». բազմաթիվ գիտական փորձերից ու մաթեմատիկական բարդ հաշվարկներից հետո վերջապես հանգել են այն եզրակացության, որ իսկապես բոլոր գոյություն ունեցողների նախասկիզբը Բացարձակ Միտքն է՝ Աբսոլյուտը, ՈՒմից այն կողմ այլևս ոչինչ չկա, քանզի Նա է ամեն ինչի սկիզբն ու վախճանը։ Դեռ դարեր առաջ Ավետարանի «Հայտնության» գլխում այդ մասին գրված է այսպես. «Ես եմ Ալֆան ու Օմեգան, սկիզբն ու վերջը» (Հայտնություն 21. 5)։ Իսկ Աստծո, այսպես ասած, «նմանակը», համայն տիեզերքում մարդն է, քանզի գրված է, որ մարդն Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծվեց, և ով իր մտային կարողությամբ և արարչական ունակություններով, գերազանցում է բոլոր երկրային արարվածներին։ Նայիր ու տես շուրջդ, թե մարդու միտքն ինչ տիեզերական բարձունքների է հասել ու կհամոզվես ասվածի ճշմարտության մեջ։ Ասվածը նույնպես հաստատվում է Սուրբ գրքով, որը նաև Աստվածաշունչ ենք անվանում։ Այս էլ իմանանք, որ աշխարհի մնացած լեզուներով այն կոչել են Բիբլիա, որ թարգմանվում է գրքեր, իսկ մեր սուրբ թարգմանիչներն այն անվանեցին Աստվածաշունչ, այսինքն՝ գրվածքներ, որոնք Աստծո շունչը, այսինքն՝ հոգու կենդանություն են ներառում, որովհետև գրված է. «Եվ Տեր Աստված գետնի հողից շինեց մարդուն և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց և մարդը կենդանի հոգի դարձավ» (Ծննդոց 2.7)։ Այդ պատճառով Հիսուսն Իր քարոզություններից մեկում ասաց Իրեն ունկնդրողներին. «Հոգին է, որ կենդանացնում է, մարմինը օգուտ չունի։ Այն խոսքերը, որ Ես ձեզ խոսեցի, դրանք հոգի են ու կյանք» (Հովհանու Ավետարան 6.63)։ Աստծո կենդանի խոսքի անճառելի խորհուրդն այնքան բարձր է, որ մարդը չի կարող իր բանականության ողջ զորությամբ ընկալել այն, այլ միայն հավատով ու երկյուղով պետք է ընդունել։ Այդ է պատճառը, որ հայերս Աստծո խոսքը՝ Լոգոսը, թարգմանել ենք Բանն Աստծո, որը համապարփակ էություն է պարունակում։ Բայց երբեմն Աստված Իր խոսքի տիեզերական մեծությունը բացահայտելու համար ընտրյալ անոթների միջոցով, տեսիլքներով հայտնում է մեր երերվող հավատը հաստատելու համար։
ՈՒ քանի որ արդեն ասացինք, որ առաջնայինը Բացարձակ Միտքն է, ապա այստեղից եզրահանգել է պետք, որ մեր միտքն էլ այն կարևոր միջավայրն է, որտեղ ծնվում և մեռնում է չար ու բարի ամեն խորհուրդ։ ՈՒրեմն առավել մանրակրկիտ ուսումնասիրություն է պետք հասկանալու այդ ամենի ակունքներն, ու մեր միտքը լուսավոր պահպանելու նրբությունները, քանզի մարդ արարածն իր բոլոր արտաքին պատերազմները նախ մտքում և սրտում է հաղթում կամ պարտվում։ Մի խոսքով՝ համամարդկային հոգևոր «Արմագեդոնը» նախ մարդու միտքն է, ապա սիրտը, եթե նա կամավոր ընդունել է իր մեջ։
ՈՒ որպեսզի մենք այդ պատերազմում հաղթող լինենք, մեզ Աստծո կենդանի խոսքն է պետք, հավատի միջոցով հաստատված մեր սրտերում, ինչպես մեր հոգու ողնաշար։ Որպես վկայություն, ասեմ, որ այդ խոսքի կենդանությանը ես առաջին անգամ հաղորդ եղա դեռ հիսուն տարի առաջ, որի ուսանելի պատմությունը հետևյալն է։ Առաջին շարժումները Ղարաբաղի ու հայոց հողերի համար սկսվեցին։ Հիշում եմ՝ ապրիլի 24-ն էր, երբ ուսանողներով դուրս եկանք փողոց, հանկարծ տեսանք շքերթի նման բազմամարդ ժողովուրդ է քայլում Թումանյան փողոցով։ Մենք էլ մի քանի ընկերներով մտանք նրանց շարքերն ու սկսեցինք միասին վանկարկել՝ «Ղարաբաղը մերն է, վերադարձրեք մեր պատմական հողերը…»։ Մաշտոցի կենտրոնական պողոտայով, որ այն ժամանակ հեղափոխության առաջնորդի անունով էր կոչվում (այսքան երկար գրեցի, որ նորից այդ մոլորյալի անունը չգրեմ), գնացինք հավաքվեցինք օպերայի հրապարակում, ու մի ժամի չափ գոռում-գոչյունով պահանջում էինք մեզ ներս թողնել նիստերի դահլիճ, որտեղ այդ ժամանակ հանդիսավոր ժողով էր եղեռնի զոհերի հիշատակի առիթով։ Իհարկե, մեզ ներս չթողեցին, ու դեռ մի բան էլ ջրի ուժեղ շիթ բաց թողնելով, հետ մղեցին օպերայի գլխավոր մուտքից։ Զայրացած ամբոխը սկսեց հեռվից քարերով ջարդել պատուհանների ապակիները, բայց չէին հասկանում, որ դրանց բեկորներն ընկնում էին առջևում կանգնածների վրա, որոնցից շատերը վիրավորվեցին, ու արյունը թափված ջրի հետ խառնվելով հոսեց աստիճաններից ցած։ Կարծես դրանով, թեկուզ և ակամա, բայց արցախյան ազատագրության պայքարի առաջին արյունը թափվեց ապագա Ազատության հրապարակում, ուր 24 տարի անց պետք է սկսվեր հաղթական ելքով իսկական պայքարը, այս անգամ հերոսի մահվամբ և նահատակության սեփական արյամբ մկրտվողների գնված ազատությունը։ Թե ինչու Վազգեն Ա-ի հետ կապեցի այս դեպքերը, հիմա կիմանաք։
Երբ ցուցարար ամբոխի համառությունը դարձավ անկառավարելի, այդ ժամանակ թույլ տվեցին, որ կազմակերպիչներից յոթ, թե տասը հոգի գնան նիստերի դահլիճ` իրենց պահանջի խոսքն ասելու։ Երբ ընտրված տղաները ներս մտան շքամուտքից, տեղի ԿԳԲ-ականները շտապ ոլորեցին նրանց թևերն ու տարան անհայտ ուղղությամբ։ Այդ տեսանք դրսում կանգնածներս, և իսկույն տեղեկացրինք ժողովրդին։ Դե, կատաղած ամբոխին կարծես հենց այդ վերջին կայծն էր մնում, իսկույն հարձակվեցին շքամուտքի հսկայական դռների վրա, ու սկսեցին ամբողջ ուժով հետ ու առաջ շարժել, որ բացվի։ Քիչ անց դռները բացվեցին և բոլորս ներս խուժեցինք։ Վազելով ու իրար հրմշտելով ներս ընկանք նիստերի դահլիճ ու զարմանքից քարացանք. այն լրիվ դատարկ էր։ Մենք նստեցինք ու սպասում էինք հետագա ընթացքին։ Երբ արդեն նստելու տեղ չկար, նոր միայն հասկացանք, որ մեզ խաբել են, որ ժողովական իշխանավորները գաղտնի դռնով փախել են։ Նստած, չգիտեինք ինչ անել, հանկարծ երկաթյա պահպանիչ վարագույրի հետևից մի գեներալ դուրս եկավ ու սկսեց ժողովրդին հորդորել, որ ցրվեն իրենց տները, սպառնաց՝ հակառակ դեպքում կձերբակալեն բոլորին որպես խռովարարների։ Նրա խոսքերի վրա ամբոխը զայրացած սկսեց սուլել ու բղավել, ու գեներալը տեսնելով, որ սպառնալիքով միայն հավաքվածների զայրույթն է բորբոքում, շտապ հեռացավ։ Նորից նստած դահլիճում սպասում էինք դեպքերի հետագա ընթացքին, հանկարծ ձայներ լսվեցին վերևի օթյակից, ու երբ գլուխներս շրջեցինք այդ ուղղությամբ, տեսանք այնտեղ կանգնած հայոց վեհափառ հորը՝ Վազգեն Առաջինին, իր երկու օգնականների հետ։ Վեհափառը գավազանը ձեռքին, լուռ կանգնած էր։ Կարծում եմ, մտքում նա աղոթում էր իր հոտի մոլորված գառների համար, որոնք դեռ իրենց աջն ու ձախը չտարբերելով, դուրս են եկել ահռելի կայսրության դեմ, ու պահանջում են մի բան, որի հասունացման համար ևս 24 տարի էր պետք, ու հենց ինքն էլ պետք է օրհներ ազատության առաջին ծիծեռնակներին, որոնցից, ավա՜ղ, ոմանք հետո ագռավների վերածվեցին ժողովրդի համար։ Երբ ժողովուրդը տեսավ վեհափառին, անկախ մեզնից լռեցինք ու սպասում էինք նրա խոսքին։ Հետո խոսեց վեհափառը, վեհորեն էր խոսում, այնպիսի կենդանի ու հատու և համոզիչ խոսքերով, որ գրգռված ամբոխի համար խաղաղարար խնկարկության էր վերածվում, որովհետև այն հայրաբար ու սիրով էր ասվում, լա՜վ, շա՜տ լավ հասկանալով, որ չհնազանդվելու դեպքում մենք բոլորս մորթվելու տարվող ոչխարների էինք վերածվելու կայսերական կոմունիստական դեռ սուր ժանիքների արանքում։ Վեհափառի խոսքի հենքն այս էր՝ զավակներս, մենք էլ ենք ցավում գերված հողերի համար, բայց հողն այսպես չի վերադարձվում, քանզի դրա հետևում պետություններ ու զորություններ են կանգնած, բայց երբ գա հարմար ժամանակն ու գործելու պահը, մենք մեր պահանջը կներկայացնենք, ու կհասնենք մեր նպատակին, քանի որ այն արդարացի է։
Վեհափառի մարգարեական խոսքը հենց իր գահակալության ժամանակ էլ կատարվեց։ Տարիներ անց ականատես եղանք, թե ազգընտրյալ նախագահը (ո՞վ կարող է ասել՝ ո՛չ) մեր անցած թագավորների նման ձեռքը դրեց մագաղաթյա էջերով հայոց սուրբ նախնիների Աստվածաշնչի վրա, ու երդման արարողությունն արեց։ Թե ինչքանով նա կարողացավ կատարել այդ երդումը, թող Աստված որոշի, իսկ մեր այս խոսքը ասվեց այլ նպատակով. վեհափառի խոսքը դարերի ակունքից մինչ այսօր հաստատուն Գրիգոր Լուսավորիչ գահակալի խոսքն էր, որ բալասանի նման օգտակար էր անաստվածության վերքերով պատված մեր ժողովրդի հոգու համար։ Այդ խոսքերից հետո ես արդեն անելիքս ավարտված համարեցի, հոգիս կարծես երկնային խոսքի թաքնված աղբյուր էր գտել, որից հագենալու ուղի էր փնտրում։ Ինչը և մի քանի տարի անց պետք է գտնեի, երբ առաջին անգամ Բեյրութից բերված մի Աստվածաշունչ գնեցի, մի ամբողջ աշխատավարձ տալով։ Բայց հոգուս ծարավն այնքան մեծ էր, որ չնայեցի, թե ընտանիքով հացի սղություն կունենանք այդ ամիս, բայց փոխարենը հոգու կենդանարար կերակուր ենք ունենալու, քանզի Տեր Հիսուսը սատանայի փորձության ժամանակ արդեն ասել էր. «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլև ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոսի Ավետարան 4.4)։ Իսկ ավետարանական այդ դրվագը այսպես ընթացավ. փորձիչը՝ սատանան, անապատում Հիսուսին քառասնօրյա պահքի ժամանակ մոտեցավ, երեք անգամ փորձեց Նրան խոսքով ասելով (այլ ոչ թե պարտադրելով, քանի որ նրան այդ իրավունքը չի տրվել), որ Նա այս կամ այն բանն անի: Հիսուսը նրան պատասխանեց ոչ թե Իր խոսքով, այլ երեք դեպքում էլ պատասխանեց. «Գրված է, որ...» (մանրամասն այս մասին կարող եք ընթերցել Մատթեոսի Ավետարանի չորրորդ գլխում): Այսինքն Նա, Աստծո Որդի լինելով, որպես հաղթության զենք գործածեց Հոր Գրվածքը՝ Աստվածաշունչը, քանի որ չարի դեմ միակ զենքը Տիրոջ խոսքն է, ինչպես և հաստատում է հավատքի ընտիր զինվոր Պողոս առաքյալը, գրելով. «ՈՒստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել սատանային..., ձեր մեջքները գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը: Ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատքի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծո Խոսքը» (Եփես. 6. 13-18): Բոլոր վերը թվարկվածները հոգևոր զինանոցի ընտիր զենքերն են, որոնց միջոցով յուրաքանչյուր քրիստոնյա կարող է սատանայի դեմ նույն հաղթանակը տանել, ինչ որ մեր Տեր Հիսուսը։ Դրա ապացույցն են Քրիստոսի Եկեղեցու հաղթանակած սրբերը, որոնց մենք հաճախ ենք անդրադառնում մեր թերթի էջերում։
Եվ այսպես, ինչպես նկատեցիք, վերը նկարագրված բոլոր հոգևոր զենքերը պահպանիչ զորություն ունեն, բացի Աստծո Խոսքից՝ սուսերից: ՈՒզում եմ ասել յուրաքանչյուր ընթերցողին, որ եթե քո մտքում չունես Աստծո խոսքը ամբարված, ապա միգուցե կարողանաս չարի հնարքներին հակառակվել, բայց հաղթել երբեք չես կարող, ու կգա պահ և կպարտվես: Հիսուս, որ Աստծո Բանն է, այսինքն՝ Հոր կենդանի Խոսքը, Ով մարդացավ, որ մեզ աստվածացնի, սատանային դիմակայեց Հոր Խոսքով: Իսկ մենք այդ նույն խոսքով չարին հակառակվելու և հաղթելու համար պետք է նախ ունենանք այդ նույն խոսքը մեր մտքի բանական շտեմարանում, իսկ այդ չի լինում, եթե մենք չենք կարդում կամ չենք լսում Աստծո խոսքը: Իսկ սատանան մեզ չի պարտադրում իր կամքը կատարել ու մեղքի մեջ մտնել, այլ մեր մտքի միջոցով փսփսում է այս կամ այն, ու մենք մեր մտքում չունենալով Աստծո խոսքի սուսերը, չենք կարողանում չարին մեր մտքից հեռու վանել: Եվ այդ դեպքում սատանան իր բույնն է հյուսում մեր մեջ, ճտեր հանում, ու շուտով մեզ իր կամակատարը դարձնում: Դրանից հետո մեր մարմնի անդամները չարին ծառայության ենք տալիս, ու հետո դրա հետևանքը կրում՝ կամ մտագարությամբ, կամ մարմնի զանազան ցավոտ հիվանդություններով, վերջում էլ հոգու կորստով:
Եվ այսպես, չունենալով մեր մտքում Տիրոջ խոսքը, մենք կտրվում ենք մեր հավիտենական կյանքից՝ Հիսուսից, այդ պատճառով հիվանդություններն ու մահը անարգել իշխանություն են բանեցնում մեզ վրա:
Ահա սա է շատերիս պարտությունների ու հիվանդությունների պատճառը։
Մտային պատերազմի վերաբերյալ այս մի վկայությունը կարդանք: Զանգում է ինձ մի քույր ու գրեթե լացակումած ասում, որ իր մեջ հայհոյող մտքեր են գալիս, ինքն ամեն բան անում է, որ դրանք իրենից հեռու վանի, բայց անկարող է, դարձյալ վերադառնում են ու իրեն հոգու ցավ պատճառում, որովհետև այդ պիղծ մտքերը բոլորիս սիրելի սրբերի հանդեպ են բերում: Ես տեղյակ էի նման հոգեվիճակին, քանի որ ինքս էլ եմ անցել այդ փորձությունով: Տարիների փորձառությամբ ու սուրբ հայրերի վարքերի ուսումնասիրմամբ հասկացել էի, թե ինչպես պետք է պատերազմել նման իրավիճակում: ՈՒ ինչպես հաղթող սրբերն են ասել. «Սեպը սեպով են հանում», այդպես էլ պետք է վարվել տվյալ դեպքում: Այսինքն, երբ սատանան պիղծ ու չար մտքեր է բերում մեկի հանդեպ, կամ էլ հայհոյալից խորհուրդներ սրբերի հանդեպ, դու նրան պատասխանիր այդ նույն մարդկանց օրհնելով, իսկ սրբերին գովաբանելով ու փառաբանելով: Ինչքան մտքերը սաստկանան, դու այդքան օրհնիր ու փառաբանիր։ Սատանան չի կարողանում հանդուրժել, երբ օրհնություններ ու փառաբանություններ են հնչում քրիստոնյայի շուրթերից: Հիմա որևէ մեկը կարող է ասել, որ կան շատ մարդիկ, նույնիսկ հոգևորականներ, որոնք լավ գիտեն Աստվածաշունչը, բայց հայտնի մեղքերի մեջ են ու խավարի իշխանի գործերն են անում: Այո՛, դժբախտաբար այդպես է լինում, քանի որ խոսքն իմանալը չէ, որ փրկում է մարդուն, այլ այդ խոսքի համաձայն Աստծո կամքը կատարողը: Այդ է պատճառը, որ Հիսուսն ամենքիս ասաց. «Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայությունը կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 7.21):
Իսկ մեր երկնավոր Հոր կամքը միայն կարող ենք Իր Խոսքով՝ Աստվածաշնչով իմանալ:
Շատ մտավորականներից եմ լսել, որ ասել են, թե իբր մեր ունեցած Աստվածաշունչը բնագրից շատ է տարբերվում, իսկ այդ եղածն էլ մարդիկ են գրել, կամ էլ թարգմանություններն են թերի, և այդպես ասելով ամբողջ կյանքում Աստվածաշունչը չեն բացել, և այդպիսով իրենց իմաստուն կարծելով, մնացել հիմարացած, քանի որ սատանան է նրանց փսփսացել այդ ամենը, որ այդ հոգուն հեռու պահեն իր փրկության խոսքից: Երբ մարդ լեռնային ակունքներից բխած զուլալ ու քաղցրահամ ջուր չունի, չի նշանակում, թե ընդհանրապես պետք է հրաժարվի ծորակից հոսող թեկուզ ժանգահամ ու քլորի տհաճ համով ջրից, այլապես ծարավից կմեռնի:
Ասվածն ավարտենք Տիրոջ կենդանարար խոսքի այս գրով. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհաննու Ավետարան 4.13-14)։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ