Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Թուրքերն իրենց ապագայի վերաբերյալ շատ մեծ կասկածներ պետք է ունենան»

«Թուրքերն իրենց ապագայի վերաբերյալ շատ մեծ կասկածներ պետք է ունենան»
05.09.2014 | 01:16

«Իրատես de facto»-ի հյուրն է ազգությամբ քուրդ կինոռեժիսոր ՄԱՆՈ ԽԱԼԻԼԸ, որ 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացրել էր իր «Մեղվապահը» վավերագրական ֆիլմը` Թուրքիայում ապրող քրդերի, նրանց վիճակված ծանր ճակատագրի, ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերվող թուրքական կառավարության հետևողական բռնաճնշումների, դրանց պատճառով բնավեր ու թափառական դարձած անձանց մասին:
«Մեղվապահը» ֆիլմի հերոսը` ազգությամբ քուրդ Իբրահիմը, ստիպված էր եղել թողնել մեծ սիրով ու նվիրումով կառուցած, շենացրած իր տունը Թուրքիայում, տեղափոխվել Շվեյցարիա, բավական ծեր տարիքում նոր կյանք սկսել իր համար բոլորովին անծանոթ իրականության մեջ: Նրան հանգիստ չէին տալիս իր տան կարոտը, հարազատ որդու անորոշ ճակատագիրը, որը հալածվել ու անհետ կորել էր թուրքական իշխանությունների հետ բախման պատճառով: Իր ընտանիքին պատուհասած քաղաքական արհավիրքին չդիմանալով` ինքնասպան էր եղել Իբրահիմի սիրելի կինը, իսկ ֆիլմի գործողությունների ընթացքում հայտնի է դառնում, որ սպանվել է նաև անհետ կորած որդին: Իբրահիմը մխիթարություն է փորձում գտնել սիրած զբաղմունքի` մեղվապահության մեջ, որին ինչ-ինչ վերապահումներով են արձագանքում Շվեյցարիայում: Բայց այս մարդն իր մեջ ուժ է գտնում ի մի բերելու իր բզկտված ընտանիքի, իր խորտակված մարդկային ճակատագրի բեկորները, շարունակել ապրելը` հարմարվելով նոր պայմաններին և հարմարեցնելով այդ պայմաններն իր ունեցած պատկերացումներին:
Մենք զրույցի ենք հրավիրել «Մեղվապահի» ռեժիսորին, որի ֆիլմում արծարծված խնդիրն առավել քան հասկանալի ու ծանոթ է մեզ` հայերիս: Այս ֆիլմը հավաստում է այն անուրանալի ճշմարտությունը, որ եթե մարդկությունը չի շտկում պատմության ծալքերում տեղ գտած սխալները, ապա դրանք անխուսափելիորեն կրկնվում են ու իրենց թափանվի տակ ճզմում նորանոր ճակատագրեր:

«ԹՈՒՐՔԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՏ ՄԵԾ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ»


-Պարոն Խալիլ, Ձեր ֆիլմի հերոսը` Իբրահիմը, Ձեզ հանդիպած միա՞կ քուրդն է, որ գաղթել է Թուրքիայից և ապրում է Շվեյցարիայում, թե՞ Դուք ընտրեցիք նրան, որովհետև նա ամենատիպական կերպարն է այդ ճակատագրի տեր բազմաթիվ քրդերի շարքում:
-Նա միակ քուրդը չէ, որ հանդիպել է ինձ Շվեյցարիայում: Այդտեղ ապրում է տասը հազար քուրդ: Առհասարակ Եվրոպայում շատ են քրդերը, միայն Գերմանիայում այժմ բնակվում է ավելի քան մեկ միլիոն քուրդ: Ես, Իբրահիմին ընտրելով որպես իմ ֆիլմի հերոս, հաշվի չեմ առել նրա ազգային պատկանելությունը, նրա քուրդ լինելը: Ես ընտրել եմ նրան` որպես մի մարդու, որն ունի ողբերգական կյանքի պատմություն, անցնում է բազմաթիվ դժվարությունների միջով, կորցնում է ընտանիք, տուն, ընկերներ, բայց շարունակում է պահպանել սերը մարդկանց հանդեպ: Իմ ֆիլմի հերոսն ուղղակի մարդ է` անկախ իր ազգային պատկանելությունից:
-«Մեղվապահի» հերոսի ճակատագրի տեր հայեր ևս շատ են եղել և կան Թուրքիայում: Ճանաչո՞ւմ եք նրանցից որևէ մեկին:
-Մի հայ երգչի եմ ճանաչում` Արամ Տիգրան անունով, որ ապրում է Սիրիայում, բայց ծնունդով Դիարբեքիրից է: Նա քրդերեն է երգում, և նրա ճակատագիրը նման է Թուրքիայի քրդերի ճակատագրին: Ինձ համար որևէ տարբերություն չկա, թե մարդն ինչ ազգություն ունի, հայ է, թե քուրդ: Բայց ես, այո՛, շատ պատմություններ գիտեմ հայերի նկատմամբ թուրքերի գործած դաժանությունների մասին: Գիտեմ, որ հայերը ևս ունեցել են դրամատիկ պատմություններ, ինչպես քրդերը: Թուրքիայում, հատկապես Օսմանյան կայսրության ընթացքում և դրա անկումից հետո, կատարվել են անտանելի դաժանություններ հայերի, հատկապես հայ կանանց նկատմամբ: Պատմությունները բազմաթիվ են, որ լսել եմ, բայց կա մեկը, որն ինձ վրա հատկապես սարսափելի ազդեցություն է թողել: Ես այդ պատմությունը լսել եմ Թուրքիայից Սիրիա գաղթած մի մեծահասակ հայ մարդուց: Հայկական գյուղերից մեկում երկու թուրք սպա հայ հղի կնոջից վերցրել են ամբողջ ոսկեղենը, սակայն նրանց մեջ խնդիր է ծագել թալանը բաժանելու հարցում: ՈՒ վեճը լուծելու համար գրազ են եկել և որոշել պատռել կնոջ որովայնը` տեսնելու համար պտղի սեռը: Ըստ այդմ` բաժանել են թալանած ոսկին: Հայ և քուրդ ժողովուրդների ճակատագրերն ինչ-որ առումով իսկապես նման են:
-Ձեր հերոսն անսահման կարոտ ուներ Թուրքիայում մնացած իր տան նկատմամբ, փափագում էր տեսնել որդու գերեզմանը: Նույն կարոտն ունեին իրենց հայրենակցի նկատմամբ Իբրահիմի` Թուրքիայում մնացած հարևանները, մտերիմները, որոնք հայտնվել էին Ձեր ֆիլմի դրվագներում: «Մեղվապահը» ֆիլմը երբևէ հայրենիք վերադառնալու ճանապարհ բացո՞ւմ է Իբրահիմի համար:
-Այս ֆիլմը իսկապես հենց նման հարցերի շուրջ քննարկում սկսելու, հաղորդակցության ուղիներ բացելու նպատակով է արվել: Այն ցուցադրվել է Ստամբուլի կինոփառատոներից մեկում: Դա միայն անձամբ Իբրահիմին վերաբերող խնդիր չէ: Իմ նպատակն է, որ թուրք և քուրդ ժողովուրդները կարողանան հաղորդակցվել իրար հետ, հասկանալ միմյանց: Անհրաժեշտություն կա, որ Թուրքիան խոստովանի իր գործած բազմաթիվ սխալները և ուղղի դրանք: Եթե անցյալիդ սխալները չես ուղղում, հաստատ ապագադ դառնում է անորոշ: Այնպես որ, թուրքերն իրենց ապագայի վերաբերյալ շատ մեծ կասկածներ պետք է ունենան:

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿԻՐ ՆԵՐԳԱՂԹՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՕՏԱՐԱԶԳԻ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԹԻՎ Է ԸՆԴԱՄԵՆԸ»


-Իբրահիմին շատ հարազատաբար էին ընդունում շվեյցարացիները, հատկապես երիտասարդ մի զույգի ու նրանց փոքրիկի համար նա կարծես դարձել էր ընտանիքի անդամ: Սա բացատրվում է Իբրահիմի մարդկային բարձր հատկանիշներո՞վ, թե՞ շվեյցարացիներն են շատ հանդուրժող:
-Հրաշալի հարց տվեցիք: Եվրոպական երկիր ներգաղթող ցանկացած օտարազգի տվյալ երկրի համար թիվ է ընդամենը: Եվ մարդը պիտի շատ ջանք գործադրի, որ իրեն որպես մարդ ընդունեն: Իբրահիմի դեպքի հետ կապված ասեմ, որ շվեյցարացիներն ընդհանրապես չեն ժպտում: Սպասում են, որ դիմացինն ինքը մի քիչ ցույց տա ատամները, հետո են միայն սկսում ժպտալ: Նրանք մտածում են, որ եթե Իբրահիմի նման մարդիկ եկել են իրենց երկիր, ապա նպատակ ունեն մսխելու իրենց երկրի փողերը, ապրելու իրենց միջոցների հաշվին: Իբրահիմն ապացուցել էր, որ չի եկել այդ երկիր փող ունենալու, այդ երկրում ինտեգրվելու: Նա անգամ չէր տիրապետում այդ երկրի լեզվին: Նա ընդամենը եկել էր` ապրելու խաղաղության մեջ: Նա մի տեղ էր փնտրում, որտեղ կարող էր խաղաղ անցկացնել իր ծերությունը: Նա ո՛չ հարստության խնդիր ուներ, ո՛չ որևէ գործնական շահ: Ընդամենը համեստ, սովորական մարդ էր, որ իր համար ապրելու տեղ էր գտել Շվեյցարիայում: Այս հանգամանքն էր նրան հարազատ դարձրել շվեյցարացիների համար: Եվրոպա ներգաղթողների մեջ շատ կան այդպիսիք, որ ոչ թե գնում են թալանելու, անկարգություններ անելու, այլ խաղաղ ապրելու:
-Շվեյցարիայում մեղվապահությունը համարում էին ոչ թե աշխատանք, այլ հոբբի և Ձեր հերոսից պահանջում, որ նա աշխատանքի ընդունվի, ինչ-որ հիմնարկությունում գրանցվի որպես աշխատող` իրենց պետության սահմանած արտոնություններից օգտվելու համար: Ձեր ֆիլմում երևում է, թե որքան աշխատատար, դժվարին գործ է մեղվապահությունը: Իբրահիմը կարողացե՞լ է, ի վերջո, համոզել շվեյցարացիներին, որ ինքը ոչ թե հոբբիով է տարված, այլ զբաղված է լուրջ, կարևոր աշխատանքով:
-Իբրահիմը հիմա շատ հայտնի մարդ է դարձել Շվեյցարիայում: Տարբեր տեղերից գալիս են իր մոտ, ծանոթանում, որովհետև տեսել են իմ ֆիլմը, մամուլում են կարդացել նրա մասին: Եվ արդեն բարձր մակարդակով քննարկումներ են արվում այն մասին, որ մեղվապահությունը Շվեյցարիայում ճանաչվի իբրև մասնագիտություն, ոչ թե իբրև հոբբի: Պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ մեկը խնձոր կամ ծիրան է վաճառում, նա պրոֆեսիոնալ վաճառող չէ: Իսկ ինչպե՞ս են հայտնվել վաճառասեղանին այդ խնձորն ու ծիրանը: Նախ և առաջ` մեղուների շնորհիվ: Եթե մեղուները ծաղիկների խաչաձև փոշոտում չանեին, չէին լինի ո՛չ խնձորը, ո՛չ էլ ծիրանը: Էյնշտեյնն ասել է, որ եթե միջատները վերանան, Երկիր մոլորակն ուղղակի կկործանվի, չի կարողանա գոյատևել: Այսինքն` ամեն ինչի ակունքում միջատներն են, տվյալ դեպքում` մեղուները: Շվեյցարացիները մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն. նրանք կարծում են, որ եթե որևէ բան աշխատում է, պետք չէ այն այլ բանով փոխարինել: Եվ իրենք կարիք ունեն, որ ինչ-որ մեկը գա ու իրենց ցույց տա այնպիսի բաներ, որոնք իրենց համար անսովոր են, իրենց իմացածից տարբեր: Այս իմաստով Իբրահիմը նրանց մոտ տեսել և նրանց համար նկատելի էր դարձրել մի երևույթ, որն իրենք չէին նկատել մինչ այդ: Իբրահիմը եկել էր Շվեյցարիա մի երկրից, որտեղ իրեն արգելված էր խոսել մայրենի լեզվով: Եվ հանկարծ Շվեյցարիայում տեսնում է, որ պետական թղթադրամների վրա գրառումները կատարված են չորս լեզվով, անգամ խիստ սահմանափակ թիվ ունեցող բնակիչների լեզուն է ներառված պաշտոնական փաստաթղթի վրա: Սա անսովոր բան էր Իբրահիմի համար, և նա շվեյցարացիների ուշադրությունը հրավիրել էր այդ հանգամանքի վրա: Շվեյցարացիները կարիք ունեն, որ ինչ-որ մեկն օտար երկրից գա, տեսնի իրենց ունեցածը, զարմանա և իրենց համար էլ նկատելի, գնահատելի դարձնի այն: Իրենց համար այդ ամենը սովորական բան է, և նրանք արժևորում են այդ սովորականը, երբ այն տեսնում են ուրիշների աչքերով: Մի բանի մասին էլ կցանկանայի խոսել: Շվեյցարիայում կան փոքրիկ պարտեզներ, որոնք անվանում են մեծ եդեմական պարտեզ: Ես այդ մասին նույնիսկ վավերագրական ֆիլմ եմ նկարել 2010-ին` «Եդեմի մեր պարտեզը» վերնագրով: Շատ զարմանալի է տեսնել, որ իրար կողքի գտնվող այդ պարտեզներից յուրաքանչյուրի վրա դրված է այն աճեցնողի պետական դրոշը: Քրդստանի դրոշի կողքին հայտնվել է Թուրքիայի, Սերբիայի դրոշի կողքին` Բոսնիայի դրոշը: Եվ այդ մարդիկ Շվեյցարիայում շատ հանգիստ ապրում են կողք կողքի:

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ՔՐԴԵՐՆ ԷԼ ԿՈՒՆԵՆԱՆ ԻՐԵՆՑ «ՀԱՅԵՐԵՆԸ»՝ ԻՐԵՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ»


-Ֆիլմում կա հարսանիքի մի ուրախ տեսարան. ամուսնանում է Իբրահիմի թոռը: Սա խորհրդանշում է քուրդ ազգի շարունակականության, նրա ապագայի հանդեպ լավատեսության գաղափա՞րը:
-Գիտեք, հույսը վերջինն է մեռնում: Եթե հույս չունենաս, էլ ինչի՞ համար ես ապրում ընդհանրապես: Հիմա Միջին Արևելքում այնպիսի դեպքեր են կատարվում, որ դժվար է ապագայի մասին դատողություններ անել: Բայց ես հույս ունեմ, որ քրդերն էլ կունենան իրենց «հայերենը»` իրենց պետական լեզուն, և երկիրն էլ կկոչվի «Քրդստան», ինչպես կա Հայաստան անունով երկիրը:
-Այս տարի արդեն նկարել եք նոր գեղարվեստական ֆիլմ` «Ծիծեռնակը»: Ինչի՞ մասին է այն:
-Խաղարկային ֆիլմ է, ճանապարհային կինո, որ պատմում է Շվեյցարիա ներգաղթած իրաքցի մի քրդի մասին: Նա ամուսնանում է շվեյցարուհու հետ, իսկ ամուսնությունից որոշ ժամանակ անց անհետանում: Կինն ունենում է աղջիկ ու նրան ասում, որ իր հայրը եղել է ազատամարտիկ, կռվել Սադամ Հուսեյնի դեմ ու մահացել: Բայց քսանութ տարի հետո աղջիկը գտնում է նամակներ, լուսանկարներ և պարզում, որ իր հայրը կա, չի մահացել: Շատ է վրդովվում, որ իրեն խաբել են: Որոշում է գնալ Իրաք, գտնել հորը: Ֆիլմն այս որոնման, հորը գտնելու, ճշմարտությունը գտնելու ճանապարհի մասին է: Շատ ծանր բան է, երբ գնում ես դեպի քո որոնածը, դեպի քո երազանքը և զգում ես, որ այն գտնելու, երազանքդ իրականություն դարձնելու սահմանին ես արդեն:
-Մինչև այստեղ գալը հենց այսպիսի՞ն էիք պատկերացնում Երևանը:
-Առաջին անգամ է, որ այստեղ եմ, բայց վերջինը չի լինի հաստատ: Ես ծանոթ էի ձեր պատմությանը, տեսել էի շատ նկարներ, գրքեր: Շատ ընկերներ, բարեկամներ ունեմ, որոնցից լսել եմ հայերի, Հայաստանի մասին: Այնպես որ, շատ զարմացած չեմ իմ տեսածով, նորություն չէ տեսածս: ՈՒղղակի ինձ համար ուրախալի է, որ գոյություն ունի Հայաստանը, չնայած աշխարհում կա այդքան մեծ հայկական սփյուռք: Սփյուռքը գիտի, որ ունի իր տունը, որտեղ կարող է միշտ գալ, վերադառնալ: Եվ անպայման ասեմ, որ հայ կանայք շատ գեղեցիկ են, հատկապես գեղեցիկ են նրանց աչքերը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ