Օրերս Երևանում, Հայաստանի քաղաքագետների միության կառույցում գործող իրավիճակային վերլուծությունների քաղաքական կանխատեսումների «POLITLOGOS» ակումբում տեղի ունեցավ «Հայաստանը կատարեց գեոռազմավարական ընտրություն. հետևանքները մեր երկրի և Կովկասյան տարածաշրջանի համար» թեմայով ինտերնետ-կոնֆերանս։ Կոնֆերանսում ելույթ ունեցավ և քաղաքագետների ու ինտերնետ-օգտատերերի հարցերին պատասխանեց ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։ Կոնֆերանսը վարում էր ՀՔՄ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը։
Ամենատարբեր քաղաքական ուժեր էին ներկայացված կոնֆերանսում։ Այստեղ էին, օրինակ, կառավարող հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի անդամ Մկրտիչ Մինասյանը, վերջին ընտրություններում նախագահի ընդդիմադիր թեկնածու Անդրեաս Ղուկասյանը, ով հիմա զբաղված է իր կուսակցության կազմավորմամբ, խորհրդարանի նախկին անդամ («Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից) Արամ Սաֆարյանը, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը և այլք։ Մանրամասների վրա ժամանակ չվատնելու համար ընթերցողներին առաջարկում ենք տեսահոլովակը դիտել web-էջում։
Հայաստանի քաղաքագետների միությունը բավական հաճախ է անդրադառնում հանրապետության քաղաքական զարգացման օրախնդիր թեմաների։ Որպես կանոն, եթե աչք փակենք տեխնիկական որոշ հարցերի վրա, նրա միջոցառումներն անցնում են ակադեմիական ոճով, և քննարկումները հազվադեպ են վերածվում ինչ-որ «բազարի»։ Համենայն դեպս, եթե կոնֆերանսի չեն գալիս ինչ-որ «դեղնություն» հաղորդելու համար կանխավ պատվիրակված անձինք (ինչպես Ս. Կուրղինյանի մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ) կամ էլ այս կամ այն պատճառով անհամարժեք անձինք։ Բարեբախտաբար, անգամ հյուրին առաջադրելով լուրջ ու սուր հարցեր, Ա. Միհրանյանի հետ հանդիպման մասնակիցներից ոչ ոք չիջավ փողոցի մակարդակի։ Հնարավոր է և ոմանք նման մտադրություն ունեին էլ, սակայն նրանց զսպում էր քննարկման սեղանի շուրջ Ռուսաստանի ներկայացուցչի` դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևի ներկայությունը։
Այսպես թե այնպես, խոսակցությունը կայացավ` ով կամ ինչպես էլ գնահատի նրա ընթացքն ու արդյունքը։ Իհարկե, մեկ կոնֆերանսով հազիվ թե հնարավոր լինի գտնել բոլոր հարցերի պատասխանները։ Իրականում էլ, Ա. Միհրանյանի ոչ բոլոր պատասխաններն էին սպառիչ ու, երևի, հանդիպման ոչ բոլոր մասնակիցները կարող էին բավարարված լինել միջոցառման բովանդակությամբ։ Ասենք, հազիվ թե հիմք կար հարցնելու, և այն էլ Ա. Միհրանյանին, թե ինչու «Կրեմլը չի մտածում» հայրենիքից Ռուսաստան հայերի արտագաղթի մասին կամ էլ, թե ինչպես կարող են պահպանել կամ համալրել իրենց զորահավաքային ռեսուրսը հայկական զինված ուժերը։ Չգիտես ինչու, ոչ ոքի Երևանում չի հետաքրքրում, թե մեր քաղաքացիներից քանիսն են «գրին քարտով» մեկնում ԱՄՆ կամ, միգրացիոն այլ ծրագրերով, Կանադա և Եվրոպայի երկրներ։ Եթե ոմանց թվում է, թե Ռուսաստան ավելի շատ են գնում, ապա ավելի լավ է մտածեն, թե ինչից է, որ նման երևույթ կա մեզանում, և ոչ թե ուրիշներին մեղադրեն սեփական մեղքերի համար։ Առանց Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) մտնելու էլ դեպի ՌԴ մեր երկրից տեղի ունեցող արտագաղթը ապշեցուցիչ չափերի էր հասնում։ Ավելի բարդ է ԵԱՏՄ կառույցների կառավարմանը մասնակցության իրավահավասարության հարցը. ավաղ, հյուրի պատասխանը «կիսատ» էր, մի տեսակ «անլիարժեք»։ Բայց ընդհանուր առմամբ լիովին տրամաբանական և ընթացիկ իրողություններից բխող։
Որպես այդ կոնֆերանսի մասնակից, ես փորձեցի Ա. Միհրանյանին խոսակցության մեջ ներքաշել ավելի սուր խնդրի շուրջ. ինչպե՞ս խուսափել ԵԱՏՄ շարքերի ընդլայնման քաղաքականացված «արագացումից» ի հաշիվ Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և այլոց։ Միաժամանակ հիշեցնելով, որ աշխարհը տեսել է, թե, ի վերջո, ինչի է հանգեցրել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի շարքերի քաղաքականացված ընդլայնումը։ Խնդիրն այն է, որ կա պահի շահի շուրջ քաղաքական սակարկության գայթակղության տրվելու սպառնալիք` և հենց ինտեգրման գործընթացների քաղաքականացման պատճառով։ Հյուրը նրբորեն շրջանցեց Ադրբեջանի և Տաջիկստանի հարցը և հիմնականում խոսեց Ղրղզստանի հանդեպ, իբրև հանրապետության, իր վերաբերմունքի մասին։ ՈՒ նշեց, որ, այդուամենայնիվ, ինտեգրման գործն անհրաժեշտ է և պետք է գտնել մեխանիզմներ և ուղիներ։ Թեև ինտեգրումն ընթանում էլ է արագացված տեմպերով, ոչ ոք չտեսնելու չի տալիս դժվարին խնդիրները։ Իսկ այդպիսիք քիչ չեն, նշեց Ա. Միհրանյանը, այդ թվում նաև արևմտյան երկրների համար, ընդ որում Ռուսաստանի խնդիրները մանկական խաղ են այն խնդիրների համեմատ, որ լուծում է ԱՄՆ-ը։ Աշխարհը բարդ է շատ, բայց այն մի ինչ-որ կերպ պետք է, այնուամենայնիվ, ինտեգրել նոր համակարգերի մեջ։ Ամեն երկիր չլուծված խնդիրների իր մակարդակն ունի. իսկ մեր խնդիրն է այդ ամենը հասկանալ և հաշվի առնել։ Ինչ խոսք, դա այդպես է, սակայն, այդուամենայնիվ, ինչպե՞ս վարվել Ադրբեջանի ու Ղրղզստանի հետ:
Բայց և նման հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը կասկած չի հարուցում։ ՈՒղղակի ափսոս, որ Երևանում կան նախանձոտ անձինք, ովքեր, լսելով այս կամ այն միջոցառման մասին, անմիջապես շտապում են սևացնել, ընդ որում, Աստված իրենց հետ, եթե խոսքը այս կամ այն քաղաքական կամ ինտեգրացիոն գաղափարի մասին լինի։ Բավական է նայել մի շարք լրատվամիջոցների հրապարակումները Ա. Միհրանյանի մեկ այլ հանդիպման` հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հոկտեմբերի 29-ին կայացած կլոր սեղանի մասին։ Հետաքրքիր է, այդ կլոր սեղանի կազմակերպիչները արդյոք իրենց բաժին պատասխանատվությունը զգո՞ւմ են, ըստ էության, հրահրված սկանդալի համար։ Երևի կազմակերպիչներն ու նրանց հրավիրած լրագրողներն այլ նպատակ են ունեցել` վարկաբեկելու առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների գոյության փաստը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ