Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եռյակ համագործակցության ողջամտությունից է կախված մոլորակի աշխարհաքաղաքական իրավիճակը

Եռյակ համագործակցության ողջամտությունից է կախված մոլորակի աշխարհաքաղաքական իրավիճակը
05.05.2017 | 11:06

Մոսկովյան հեռուստատեսային մի բանավեճի ժամանակ ԱՄՆ-ից հյուրընկալված քաղաքագետը ինքնագոհ տոնով հայտարարեց, թե իր երկրի հզորության ու նրա համաշխարհային ազդեցության հիմքը առաջին հերթին գերզարգացած էկոնոմիկան է: Նրա ընդդիմախոսները, անշուշտ, չնվազեցնելով տնտեսության դերը, բերելով պատմական բազմաթիվ փաստեր Չինգիզ խանի ժամանակներից սկսած, համոզմունք հայտնեցին, որ, այնուամենայնիվ, պետության հզորությունը պայմանավորված է ռազմական գործոնով: Նորագույն ժամանակներից բերվեց երկու օրինակ՝ ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի: Խորհրդային Միությունը աչքի չէր ընկնում տնտեսական մեծ կարողությամբ, սակայն շատ ուժեղ էր իր ռազմարդյունաբերական համալիրով ու բանակով և արդյունավետորեն հակազդում էր իր ստրատեգիական հակառակորդին աշխարհի ցանկացած վայրում. հնարավոր չէր հաշվի չնստել միջուկային գերտերության հետ: Մյուս կողմից՝ Ճապոնիան աննախադեպ հաջողությունների է հասել տնտեսական բնագավառում, սակայն զիջում է ռազմական առումով, ինչն էլ նրան դարձնում է նվազ ազդեցիկ համաշխարհային գործերում: Ինչո՞ւ է Ռուսաստանը, հարցադրեց բանավեճի մասնակիցներից մեկը, որ էկոնոմիկայով զիջում է Կանադային, բնակչության քանակով՝ Նիգերիային, ճանաչվում որպես աշխարհի ամենաազդեցիկ պետություններից մեկը:


«Իսկանդերի» հայտնվելուց հետո Հայաստանում հակառուսական կրքերը փոքր-ինչ հանդարտվել են: Սակայն, այնուամենայնիվ, հանդիպում են հրապարակումներ, որոնցում նույնիսկ արհամարհանք է արտահայտվում Ռուսաստանի նկատմամբ, կարծես նա բանանային պետություն է: Զբիգնև Բժեզինսկին, որի հակառուսական տրամադրությունները հայտնի են ի սկզբանե, ռուսաստանյան ամսագրերից մեկում տպագրված իր վերջին հոդվածում ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը համարում է համաշխարհային ուժի երեք բևեռները, և որ այս եռյակ համագործակցության ողջամտությունից է կախված մոլորակի աշխարհաքաղաքական իրավիճակը: Պետք է իրատես լինել Ռուսաստանի հարցում, առավել ևս, որ ռուսները երբեք չեն էլ թաքցնում, որ իրենց արտաքին քաղաքականության գլխավոր գործող ուժը միշտ էլ եղել է հզոր պետություն ստեղծելու ձգտումը, որ իրենց անվտանգության գլխավոր երաշխիքը ռազմական ուժեղ պետությունն է՝ պատրաստ և ընդունակ գործելու ագրեսիվորեն հօգուտ սեփական ազգային շահերի:


Ահա և, ըստ Ստոկհոլմի աշխարհի խնդիրների հետազոտման համաշխարհային ինստիտուտի ապրիլի 24-ին հրապարակված ամենամյա զեկույցի տվյալների, Ռուսաստանը անցյալ տարվա արդյունքներով աշխարհում դուրս է եկել երրորդ տեղը պաշտպանական ծախսերի ծավալով, զիջելով միայն ԱՄՆ-ին ու Չինաստանին: Մինչ այդ երրորդ հորիզոնականը զբաղեցնում էր Սաուդյան Արաբիան: Ռուսաստանը ռազմական ծախսերն ավելացրել է 5,9 տոկոսով, և 2016 թվականին դրանք կազմել են 69, 2 միլիարդ դոլար: Իհարկե, այս ցուցանիշը դեռևս համեմատելի չէ առաջին և երկրորդ տեղերը գրաված ԱՄՆ-ի՝ 611 միլիարդ դոլարի և Չինաստանի՝ 215 միլիարդ դոլարի ցուցանիշների հետ, սակայն առկա է վերընթաց զարգացման դինամիկան: Չմոռանանք նաև նշել, որ, ունենալով ռազմական արդյունաբերության մեծ բազա ու հարուստ ավանդույթներ և անբավ բնական հարստություններ, Ռուսաստանն այդ ասպարեզում զգալի հաջողությունների է հասնում համեմատաբար էժան ծախսերով: ՈՒշագրավ է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, նավթարդյունահանող պետությունների մեծ մասը՝ 13-ը 15-ից, կրճատել է իր ռազմական ծախսերը, ընդ որում` էապես. Վենեսուելան՝ 56 տոկոս, Ադրբեջանը՝ 36, Սաուդյան Արաբիան՝ 30, և այլն:


Առհասարակ ստոկհոլմյան այս վերջին ամփոփագիրը հետաքրքրական է համաշխարհային ռազմական ծախսերի (1,69 տրիլիոն դոլար) զարգացման միտումների տեսանկյունից: Նման աճ առաջին անգամ է նկատվում վերջին 5 տարում: Ծախսերը շարունակում են աճել Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Հակառակ միտումն է նկատվում Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանի երկրներում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ամերիկայում:
Արևմտյան Եվրոպայում ռազմական ծախսերը վերջին երկու տարում մեծացել են 2,6 տոկոսով և, ամենայն հավանականությամբ, կշարունակեն աճել ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հայտնի դիրքորոշման պահանջով:
Իսկ այ, որոշ փորձագետների կարծիքով, Կենտրոնական Եվրոպայի շատ երկրներում ծավալված ծախսերի մրցավազքը մասնակիորեն բացատրվում է նրանով, որ այդ պետությունները Ռուսաստանի ռազմական հզորացումն ընկալում են որպես իրենց անվտանգությանն սպառնացող հարաճուն սպառնալիք:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ