Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Չինաստանը այլ աշխարհ է»

«Չինաստանը այլ աշխարհ է»
20.07.2018 | 10:23

Չինաստանի Ցզյանսու նահանգի ղեկավարության և Նանկինի մանկավարժական համալսարանի հրավերով հայ նկարիչների խումբը հյուրընկալվեց այդ երկրում՝ մասնակցելով «Երեք գույն» փորձի փոխանակման համապարփակ մշակութային նախագծին: Նախագիծը կազմակերպված էր եռակողմ ձևաչափով, կերպարվեստի չինացի, հայ և ղազախ վարպետների մասնակցությամբ: Նախագծի նպատակն էր՝ հիմնավորել, որ արվեստն ունակ է միավորելու միմյանցից աշխարհագրորեն շատ հեռու գտնվող, գեղարվեստական ավանդույթներով և մշակութային ընկալումներով բավական տարբեր երկրների ժողովուրդներին: Իսկ համատեղ ստեղծագործական աշխատանքի պտուղը նոր հոյակապ կտավների, ժամանակակից արվեստի օրինակների ստեղծումն էր:
Բաց երկնքի տակ մեկշաբաթյա համատեղ աշխատանքը պսակվեց նկարահանդեսով, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց հասարակության կողմից:

Նախագիծը կյանքի կոչվեց 2018-ի մարտի 30-ից մինչև ապրիլի 12-ը: Հայ կերպարվեստագետների համար այն ընթացավ «Հայկական ներկապնակ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողը Նանկինի համալսարանի և նրան կից փորձարարական դպրոցում դասավանդող, ՀՆՄ վարչության անդամ, Նանկինի համալսարանի պրոֆեսոր ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է: Ծրագրի խնամարկուներն էին նույն համալսարանի պրոֆեսոր ԼԻ ՅԱՆԳԸ և արվեստաբան ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:


Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկացա նրա մասնակիցներ Վահագն Գալստյանից, Լևոն Աբրահամյանից, Մելքոն Ավետիսյանից, Սուրեն Սաֆարյանից և Սուրեն Ամիրյանից: Ներկայացնում ենք նրանց տպավորությունները:
ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆ. «Մեր եռագույնի ներքո ես, Լևոն Աբրահամյանը, Սուրեն Սաֆարյանը (Սաֆար), Մելքոն Ավետիսյանը, Արա Հակոբյանը և Սուրեն Ամիրյանը յուրովի հայտարարեցինք մշակույթի ոլորտում Մետաքսի ճանապարհի վերածննդի մասին: Մեր նկարիչների ստեղծագործական լեզվամտածողության առանձնահատկությունները և վարպետությունը ուշադրության արժանացան, քանզի հայ նկարիչն առանձնանում է շրջակա աշխարհի արագ ընկալմամբ, երփնագրի բազմազանությամբ և ինքնատիպությամբ:
Նախագիծը ներառում էր աշխատանք բնության գրկում, վարպետության դասեր Նանկինի համալսարանի փորձարարական դպրոցի սաների համար և գալիք նկարահանդեսի ցուցադրության նախապատրաստություն:


Պետք է նշել, որ չինական կողմը ապահովեց լիարժեք ստեղծագործելու և կեցության բոլոր անհրաժեշտ պայմանները: «Բնության գրկում» (այսինքն՝ պլեներում) նկարում էինք Նանկինի գեղատեսիլ անկյուններում և ՈՒսի քաղաքում: Գրավիչ էր ամեն բան՝ և՛ անսովոր տեղանքը, և՛ բուդդայական մշակույթին առնչվող կառույցների ճարտարապետական նկարագիրը:
Ես առաջին անգամ էի լինում Չինաստանում, որի մշակույթի և պատմության մասին գիտեի շատ բան: Սակայն մի բան է կարծիք կազմել հեռվից, միանգամայն այլ բան՝ ճանաչել երկիրը, թեկուզ կարճ ժամանակ ապրելով այնտեղ: Չինաստանը այլ աշխարհ է, էապես տարբերվում է և՛ հայկական աշխարհից, և՛, առհասարակ, կովկասյան մշակույթից: Չինացիները, ըստ էության, բավականին հյուրընկալ մարդիկ են, ինչն օգնում է ավելի խոր ընկալելու նրանց խիստ ինքնատիպ մշակույթը: Աշխատանքին զուգահեռ մենք հաճախում էինք թանգարաններ և այլ տեսարժան վայրեր, հանդիպում էինք չինական ավանդական ջրաներկի լավագույն վարպետների հետ, որոնց արվեստն ուղղակի ցնցեց ինձ:

Նախագծի շրջանակներում, փորձի փոխանակման կարգով շփվեցին հայ, չինացի և ղազախ նկարիչները: Չինացի վարպետները նույնպես հայտնաբերեցին հետաքրքիր շատ բաներ մեր նկարիչների գործերում, նրանց մտածելակերպում»:


ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ կարծում է, որ Հայաստանում նկարիչներն ավելի արագ են նկարում, քանի որ մտածում են ավելի էքսպրեսիվ, քան Չինաստանում, որտեղ աշխատանքը մեկ նկարի վրա ավելի երկարընթաց է և շատ օրեր, անգամ շաբաթներ կարող է տևել: Ըստ նկարչի, Չինաստանը դարձավ միանգամայն նոր ստեղծագործական հարթակ, որը և հնարավորություն ընձեռեց հայ նկարիչներին հանդես բերելու գեղանկարչական նոր մոտեցումներ և բացահայտելու նոր հնարավորություններ: «Վերադարձ արմատներին և առաջադեմ գեղագիտության կառուցում, սրանց վրա է հենվում ժամանակակից Չինաստանի արվեստը»,- համոզված է նա:


ՄԵԼՔՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ վարպետացել է ոչ միայն գեղանկարչական, այլև փայտի փորագրման արվեստում: Բնական էր նրա հետաքրքրությունը Չինաստանի հնագույն ճարտարապետության նկատմամբ, որի ավանդույթով այսօր էլ կառուցվում են բավականաչափ շինություններ: Մելքոնն ուսումնասիրել է հին վարպետների քանդակագործական և կոմպոզիցիոն աշխատանքները: Նա ուղղակի հիացած էր, այցելելով բրուտագործական արհեստանոց, ուր տեղացի խեցեգործները պատրաստում են ավանդական չինական թեյնիկներ, որոնց վրա վարպետը երբեմն աշխատում է երեք ամիս:

Նախագծի ուշագրավ հատվածը վարպետության դասերն էին Նանկինի համալսարանի փորձարարական դպրոցի սաների համար: Հայկական պատվիրակությանը պարզապես գերել էին սաների կազմակերպվածությունը, ունկնդրելու ունակությունն ու սովորական ուրվանկարի վրա աշխատելու համբերությունը: Զարմանալի էր նաև նոր գիտելիքներ կլանելու պատանի չինացիների ցանկությունը: Հաճախ էին հյուրընկալված վարպետներին մոտենում դպրոցի սաները, վերցնում նրանց ձեռքից գեղանկարչության բաղադրիչներն ու նկարակալը. նրանց համար պատիվ էր վարպետների աշխատանքային գործիքների տեղափոխությունը:
Պլեներում կատարած աշխատանքների ցուցահանդեսով էլ ավարտվեց այս աննախադեպ նախագիծը, յուրաքանչյուր մասնակից ներկայացել էր իր ստեղծագործությամբ: Բացման արարողությանը մասնակցեց ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԸ: Ցուցահանդեսը կայացավ Նանկինի համալսարանի շենքում:

ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ տպավորված էր ցուցահանդեսի հանդեպ դրսևորված բուռն հետաքրքրությամբ: Պատվավոր հյուրերի մեջ էին Նանկինի քաղաքապետարանի ներկայացուցիչները, համալսարանի ղեկավարությունը և դասախոսները, մամուլը և անգամ Չինաստանում ուսանող հայ երիտասարդներ:


ՍՈՒՐԵՆ ԱՄԻՐՅԱՆՆ իր հերթին տպավորված էր չինական հյուրընկալությամբ. ըստ նրա, Չինաստանը ոչ միայն Հեռավոր Արևելք է, այլև մի երկիր, որն ամենևին նման չէ մեզ ծանոթ արևելյան երկրներին: Այնտեղ պատմությունն ու ավանդույթը ներդաշնակվում են ժամանակակից կրթությանն ու տեխնոլոգիաներին:

Զրուցակիցներս հավաստիացրին, որ այս նախագիծը մեկնարկային էր: Այն շարունակվելու է ոչ միայն գեղանկարչության, այլև քանդակագործության ոլորտում: Ի դեպ, Չինաստանի նշանավոր քանդակագործներից մեկն այսօր աշխատում է մի արձանի վրա, որը մտադիր է տեսանելի ապագայում նվիրաբերելու Հայաստանին:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ