Չեն կարող ասել, թե արդար է վարվել, բայց և քննադատել էլ չեն կարող
04.10.2019 | 00:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից Նորաշենի համայնքապետի լիազորությունները դադարեցնելուց և գյուղապետի պաշտոնակատար նշանակելուց հետո համայնքում լարված մթնոլորտ է: Գյուղացիները միաբերան պնդում են՝ գյուղապետին պաշտոնանկ անելը մարզպետի անձնական վրեժխնդրությունն է: Գարիկ Սարգսյանը, ըստ շրջանառվող լուրերի, չի կարողացել կուլ տալ, որ արդեն նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ոչ թե իրեն, այլ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանին է սատարել:
Գարիկ Սարգսյանի կուսակից ընկերներն ու խորհրդարանի իշխող թևի ներկայացուցիչները հնարավոր ու անհնար բոլոր ձևերով խուսափում են անդրադառնալուց այս թեմային: Արարատի մարզը ներկայացնող պատգամավորները մեր հարցերին պատասխանելու համար կամ ժամանակ չեն գտնում, կամ նիստերից, կամ «կարևոր հանդիպումներից» են ուշանում, կամ էլ ուղղակի արձանագրում են` չեն ցանկանում մեկնաբանել: «Ի՞նչ մեկնաբանեն, պետք է ասեն, որ սխալ բան է արել Սարգսյանը, հիմա էլ չգիտի՝ տակից ինչպես դուրս գա: Իրենց կուսակից ընկերն է, իրենց հետ ճանապարհ է անցել, չեն կարող ասել, թե արդար է վարվել, բայց և քննադատել էլ չեն կարող. առանց այն էլ նա անընդհատ «հետաքրքիր» դեպքերի կիզակետում է հայտնվում»,- «Իրատեսին» ասաց իմքայլական պատգամավորներից մեկը:
Սարգսյանի կուսակցական ընկերների ու խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչների՝ լրատվամիջոցներին պարզաբանումներ տալուց խուսափելը ոչ թե հօգուտ, այլ ի վնաս մարզպետի է աշխատում: Պարզից էլ պարզ է՝ եթե անմեղ լիներ, ապա պատգամավորները, իրար հերթ չտալով, կպաշտպանեին նրան ու գուցե հերթական անգամ մեզ մեղադրեին, թե «լուն ուղտ ենք սարքում»: Հուսով ենք՝ գոնե անձնական շփումների ժամանակ միասին քայլած ընկերներն Արարատի մարզպետին եղբայրական խորհուրդներ են տալիս ու հորդորում այնպիսի վարք ցուցաբերել, այնպիսի որոշումներ կայացնել, որ ոչ միայն իրեն, այլև գործընկերներին անհարմար դրության մեջ չդնի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ