«ՀՀ իշխանություններն ԱՄՆ-Իրան հակամարտության տարբեր սցենարների համար նախօրոք մշակված պլաններ պետք է ունենան»
10.01.2020 | 00:13
«Իրատեսի» զրուցակիցն է իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ:
-Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը, ինչը, ըստ երևույթին, պատասխանն է հունվարի 3-ին Բաղդադում սպանված Իրանի ԻՀՊԿ-ի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Իրավիճակն ինչպիսի՞ն է այժմ Իրանում։
-Իրաքում գտնվող Այն ալ-Ասադի ռազմաբազայի խոցումը որպես պատասխան գործողություն Ղասեմ Սոլեյմանիի սպանության, Իրանում, իրանական հասարակության շրջանում ընդունվեց մեծ ոգևորությամբ։ Հատկանշական է, որ գործողությունը ժամանակային առումով տեղի է ունեցել ճիշտ այն ժամին, երբ Քերման քաղաքում թաղում էին Ղասեմ Սոլեյմանիին։ Ինչքան էլ մեծ էր կորուստը իրանական հասարակության համար, իրանցի հրամանատարն իր նահատակությամբ նոր լիցք հաղորդեց իրանական հասարակության համախմբման և միավորման գործընթացին։
-ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել ԱՄԷ-ի Դուբայ և իսրայելական Հայֆա քաղաքների վրա «Նահատակ Սոլեյմանի» օպերացիայի երրորդ փուլի շրջանակում։ Սա Սոլեյմանիի վրեժխնդրության «օպերացիայի» մա՞ս է կազմում, թե՞ փաստացի պատերազմի հետ գործ ունենք արդեն։
-Իրանում հայտարարել են, որ կհարվածեն այդ քաղաքներին, եթե ԱՄՆ-ը որոշի հակահարված տալ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հրթիռակոծության դիմաց։ Բացի Դուբայ և Հայֆա քաղաքներից, շրջանառվում է նաև Թել Ավիվը, ինչը նշանակում է, որ Իրանում Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ մեղադրում են նաև Իսրայելին։ Վերջին օրերի ընթացքում Իրանում բազմիցս են հայտարարել՝ եթե պարզվի, որ Իսրայելը որևէ կապ է ունեցել Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ, ապա «ահեղ վրեժը» կտարածեն նաև այդ երկրի վրա։ Իսկ Իսրայելին կասկածում են այն պարզ պատճառով, որ Ղասեմ Սոլեյմանիի մեքենան խոցվել է ԱԹՍ-ով, որը կարող է լինել իսրայելական արտադրության և կառավարված լինել հենց Ադրբեջանի տարածքից։ Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է Իրանի կողմից հովանավորվող Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական շիա աշխարհազորային կազմակերպության ուժերի փոխհրամանատար և Ղասեմ Սոլեյմանիի հետ նահատակված Աբու Մահդի Մուհանդեսիի՝ ամիսներ առաջ կատարած այն հայտարարությունը, համաձայն որի՝ Իրաքի տարածքում հարվածել են ԱԹՍ-ների, որոնց շարժման հետագծի ուսումնասիրությունը ցույց է տվել Ադրբեջանի տարածքից դրանց արձակված լինելը։
-Փորձագետներն ասում են, որ տարածաշրջանում կարող են նաև տնտեսական խնդիրներ առաջանալ։ Մասնավորապես՝ հրթիռային հարձակումից ժամեր անց նավթի գները բարձրացել են, միջազգային բորսաներում խնդիրներ են առաջացել։
-Նավթը որոշակիորեն թանկացել է, ինչը բնական է նմանատիպ իրավիճակների համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը հուշեց, որ իրավիճակն առժամանակ չի սրվելու, և սպասվող կայունությունը, կարծում եմ, դրականորեն կազդի նաև տնտեսական ոլորտի վրա՝ թույլ չտալով կտրուկ տատանումներ։ Ավելին, հետաքրքիրն այն է, որ Թրամփի ելույթից անմիջապես հետո նկատվեց իրանական ազգային արժույթի՝ դոլարի նկատմամբ մոտ 10 %-ոց արժևորում, ինչը դրականորեն կանդրադառնա իրանական տնտեսական շուկայի վրա։ Միաժամանակ պետք է փաստել, որ Դոնալդ Թրամփը հունվարի 8-ի ելույթում խոսեց Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների խստացման և նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, սակայն թե կոնկրետ որ ոլորտներին կարող է դա վերաբերել, այս պահին հայտնի չէ։
-Օրեր առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել էր, որ Իրանը երբեք պատերազմ չի շահել, բայց բանակցություններում էլ չի պարտվել: Դա կարո՞ղ է ակնարկ լինել Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին:
-Դատելով և՛ այդ, և՛ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, որում կոչ էր արվում Իրանին մտածել ԱՄՆ-ի հետ միասին «Իսլամական պետության» և առհասարակ ահաբեկչության դեմ պայքարելու մասին, ԱՄՆ-ում կա ցանկություն բանակցելու Իրանի հետ։ Ընդ որում, այդ բանակցությունների մասին ԱՄՆ-ում պարբերաբար նշել են նաև վերջին մեկ տարվա ընթացքում։ Այլ խնդիր է, որ այն պայմանները, որոնք առաջ է քաշում ամերիկյան կողմը բանակցությունների սկսման համար, մասնավորապես՝ Իրանում հրթիռաշինության դադարեցում, անընդունելի է իրանական կողմի համար։ Իրավիճակը ավելի է բարդանում նրանով, որ ԱՄՆ-ը դուրս է եկել միջուկային համաձայնագրից, իսկ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո նաև Իրանը հայտարարեց միջուկային համաձայնագրից ամբողջությամբ դուրս գալու մասին։
-ԱՄՆ-ի նախագահի այս տարվա ընտրություններից առաջ Թրամփը փորձում է կոշտացնել իր արտաքին քաղաքականությունը՝ շահելով ընտրողների համակրանքը հնարավոր իմպիչմենտի ֆոնին: Ընդ որում, նույն բանի մեջ Թրամփը ժամանակին մեղադրում էր Օբամային:
-Պարզ է մի բան, որ ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավում վերջին անգամ քննարկվող խնդիրներից մեկը եղել է իրանական խնդիրը, և այս անգամ ևս դա առանցքային տեղ է ունենալու թեկնածուների նախընտրական ելույթներում։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինեն Թրամփի՝ իրանական քաղաքականության վերջնական արդյունքները մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը։ Ակնհայտ է, որ ԻԻՀ հանդեպ կոշտ դիրքորոշումը դեռևս չի տվել այն ցանկալի արդյունքը, որն ակնկալում էր ամերիկյան կողմը՝ ի դեմս Թրամփի և իր կառավարության։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ: ՈՒժային կառույցների ղեկավարների հետ ունեցած խորհրդակցությունից հետո նա նաև հայտարարել է, որ իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Ի՞նչ պետք է անեն իշխանություններն այս իրավիճակում։
-Պետք է ակնդետ հետևեն իրավիճակի զարգացմանը, կանխատեսեն, թե ինչպիսի հնարավոր զարգացումներ կարող են լինել, և տարբեր սցենարների համար ունենան արձագանքման նախօրոք մշակված պլաններ։ Ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ, թե սցենարներից յուրաքանչյուրն ինչպիսի վտանգներ ու հնարավորություններ է պարունակում ՀՀ ազգային շահերի առումով և գործել՝ առաջնահերթությունը տալով ՀՀ ազգային շահին։
-Տարածաշրջանում, պարզից էլ պարզ է, լարված իրավիճակ է, տեսակետ կա անգամ, թե այս ամենը կարող է հանգեցնել համաշխարհային երրորդ պատերազմի։ Ի՞նչ զարգացում եք տեսնում տարածաշրջանում ու աշխարհում առհասարակ։
-Մերձավորարևելյան տարածաշրջանում գրեթե միշտ է լարված։ Այդպես է նաև այսօր։ Մոլորակի այս հատվածը նման է կրակի վրա դրված եռացող կաթսայի։ Դժվար է գնահատել, թե ինչպիսի փոփոխություններ են սպասվում այստեղ, բայց 2020-ը կարևոր տարի է լինելու հատկապես Իրանի համար։ Այս տարի Իրանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, մյուս կողմից, ընտրություններ են սպասվում նաև ԱՄՆ-ում: Հատկապես վերջին երկու տարիներին Իրանում որոշ հարցեր, արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների առումով, հաշվարկվել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի չվերընտրվելու հեռանկարով:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ