«Քաղաքական որևէ ուժ չպետք է ցանկանա հասարակությանը բևեռների, «սևերի» ու «սպիտակների» բաժանել»
25.02.2020 | 01:02
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչներն ահազանգում են՝ ատելության խոսքն ու անհանդուրժողականութան մթնոլորտն ահագնանում են: Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ իշխող ուժը հասարակությանը «այո»-ականների ու «ոչ»-ականների, ասել է թե, սևերի ու սպիտակների է բաժանել, ու բացի հանրաքվեի` իրավականության հետ կապված հարցերից, դա է նաև պատճառներից մեկը, որ ԼՀԿ-ն չի մասնակցում ատելություն հրահրող «այո»-ի ու «ոչ»-ի ընտրամարտին:
«Ատելության խոսքի դեմ պայքարը մեզ համար օրակարգային հարց է, - «Իրատեսի» հետ զրույցում նշում է Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ,- գրգռվող իշխանական ուժի խոսույթում՝ վարչապետից սկսած մինչև շարքային կուսակցական, ատելության խոսք է, ինչի դեմ պետք է պայքարել: Իհարկե, պայքարը զսպված պետք է լինի, որովհետև, եթե ատելության դեմ ատելությամբ կամ վիրավորանքով ես պայքարում, այն ավելի մեծ ատելություն է գեներացնում: Եթե վարչապետն ասում է, թե իրենք չեն թողնում, որ ժողովուրդը «սամասուդ» անի այս կամ այն խմբին, ապա պարզից էլ պարզ է, որ հասարակության համար դա կարող է նորմալ համարվել: Կամ երբ Ազգային ժողովի բարձր ամբիոնից շեշտում է, թե «այո»-ի շտաբին չմիացողներին, այդ թվում՝ նաև մեզ, պետք է հակապետական ուժեր հռչակել, դե պատկերացրե՛ք, թե դրանից հետո Facebook-ում ինչ է կատարվում: Նույն բառապաշարով մեզ վիրավորում են, ու իշխանության ներկայացուցիչները դրա դեմ որևէ քայլ չեն ձեռնարկում»:
Խաժակյանը վստահ է՝ իշխանության ներկայացուցիչներն այս ամենին վերջ տալու կամք չունեն, այս կամ այն գործչին թիրախավորելը նրանց հիմնական գործն է, կառավարման ղեկը ստանձնածները տարբեր ամբիոններից ատելության խոսք են գեներացնում, ինչը փոխանցվում է իրենց համակիրներին. «Բազմաթիվ գործիչների հետ՝ բարեկամ, թե մրցակից, երբ զրուցում ենք կամ քննարկումներ ունենում, ասում են` ինչ-որ բանի մասին ուզում էին գրել, բայց չեն գրել, քանի որ սոցիալական ցանցերում իշխանության համակիրներն անցնելու էին հայհոյախոսության։ Դա է պատճառը նաև, որ ասում ենք՝ այս ժամանակահատվածում ընդդիմություն լինելը բարդ է: Իշխանություններն էլ իրենց համեմատում են նախկինների հետ ու ասում, թե բա նախկինում լա՞վ էր, երբ ընդդիմադիրներին դալաններում ծեծում էին: Բայց եթե նրանք այդ տրամաբանությամբ են առաջնորդվում, ապա մի գեղեցիկ օր ժողովուրդը չի կարողանալու ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ շեշտում է՝ ատելության դեմ պայքարն առաջնային պետք է լինի ցանկացած քաղաքական ուժի համար, ու որևէ կուսակցություն կամ միավոր չպետք է ցանկանա, որ հասարակությունը բևեռների, «սևերի» ու «սպիտակների» բաժանվի: Եթե սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը հանրությանն օտարների ու յուրայինների բաժանելու սկզբունքով ընթանա, ապա բևեռացումը տուրբուլենտության հիմք է հանդիսանալու ու թշնամանքի նոր դոզա է բերելու: «Նույն բանն է կատարվում նաև հասարակության մաս կազմող բանակում: Այն, ինչ տեղի է ունենում հասարակության ներսում, ավելի խտացված ձևով երևում է բանակում: Երբ մարդու օրգանիզմը հիվանդանում է կամ խնդիր է ունենում, ապա ամբողջ օրգան-համակարգի աշխատանքն է, չէ՞, խաթարվում: Նույնն էլ բանակի դեպքում է»,- ասում է պատգամավորը:
Այս տեսակետին համակարծիք է նույն խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Անհանդուրժողականության մթնոլորտն ու կիրառվող բառամթերքը, նրա համոզմամբ, բնականաբար նաև բանակ է տեղափոխվում: Դրա հետևանքներն առաջին հայացքից կարող են պատճառահետևանքային կապ չունենալ, բայց եթե խոր նայենք իրադարձություններին, կտեսնենք, որ այն, ինչ անում ենք հասարակության մեջ, ուղղակիորեն արտահայտվում է բանակում: Ավելին, լարումը վաղ թե ուշ շատ ավելի փոքր սոցիումներում է արտահայտվելու. «Բայց չպետք է կորցնել զգոնությունն ու թույլ տալ, որ հանկարծ սոցիալական բախում հրահրվի: Մենք ունենք բարձրագույն արժեք՝ ազգային միասնականությունը, և այն որևէ ձևով չի կարելի խաթարել, անգամ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով: Որևէ կերպ ընդունելի չէ ատելության խոսքի տարածումը. դա կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Չլինի թե անցնենք բարոյական այն շեմը, որից այն կողմ սոցիալական որևէ գործընթաց վերահսկելի չէ: Բացեք սոցիալական ցանցերը` վիրավորանքներ են, լուտանքներ, բարությունից հեռու խոսքեր, որ հասարակությանը որևէ լավ տեղ չեն տանում: Եթե անգամ այդ խոսքերն ուղղված են նախկինում հանցագործություն կատարած անձանց, դա որևէ ձևով չի արդարացվում: Մենք քաղաքակիրթ հասարակություն ենք, որտեղ խնդիրները պետք է լուծվեն օրենքով սահմանված կարգով»:
Խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ բնական է համարում, որ ատելության խոսք տարածողները չեն խոստովանում, որ ատելության խոսք են տարածում: Իշխանության ներկայացուցիչները աչք են փակում այն բոլոր սպառնալիքների վրա, որ տարբեր քաղաքական գործիչներ ստանում են Facebook-ում կամ այլ հարթակներում, ինչը կոչվում է ջայլամի քաղաքականություն. «Հիշեցնում ենք՝ այդպես նաև հանրապետականներն էին անում. սեփականաշնորհում էին մանկապարտեզներ, հետո ասում, թե դա արել են հանուն հայրենիքի: Քաղաքի կենտրոնում աննորմալ շինթույլտվություններ էին տալիս, հետո ասում, թե ներդրումներ են բերում, քաղաքաշինություն զարգացնում ու այդպես շարունակ: Եթե մեր նոր գործընկերները մեզ նույն բառերով պետք է պատասխանեն, կասե՞ք՝ որն է տարբերությունը»:
Պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆՆ ահազանգում է՝ սոցիալական ցանցերից ատելության մթնոլորտը վաղուց արդեն իրական կյանք է տեղափոխվել: Հարսանիքների ժամանակ քաղաքական հողի վրա մարդիկ իրար են ծեծում, մտերիմ ընկերները բակում այդ նույն պատճառաբանությամբ վիճաբանում են, այս իրավիճակն ազդում է նաև բանակի վրա, որովհետև զինվորներն իրականությունից կտրված չեն: «Իշխանությունը ատելության «պանդորայի արկղ» է բացել ու որևէ կերպ չի վերահսկում, թե ինչ է կատարվում: Չգիտեմ՝ որ պահից են նրանք կանգ առնելու, բայց ինչ-որ պահից պետք է կանգ առնեն, այլապես արդեն իսկ հատում են բոլոր սահմաններն ու կարմիրը գծերը: Երբ հայհոյանքն ու վիրավորանքը պարբերաբար, մշտապես, հատուկ մեթոդներով ուղղվում են որոշակի անձանց կամ խմբերի, արդեն ատելության խոսք է: Իսկ եթե մեր գործընկերները դա չեն նկատում, ուրեմն իրականությունն ընկալելու լուրջ խնդիր ունեն»։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ