Գրագողությունը՝ հանրաքվեի կրեդո
28.02.2020 | 11:22
Խելքից դուրս աննախադեպ իրողություններ արձանագրելու առումով իշխանությունները հանգիստ կարող են Գինեսի ռեկորդների հանձնաժողով դիմել 2020-ին տպագրվելիք գրքում տեղ գտնելու համար: Պատմությանը դժվար թե մեկ այլ դեպք հայտնի լինի, երբ հանրահավաքի համար նախատեսված լոգոն բառիս բուն իմաստով գրագողություն է: Քաղաքացիների «այո»-ն ստանալու համար երեք միլիոն ծախսած ու լոգո պատվիրած ՔՊ-ականները Facebook սոցիալական ցանցի իրենց էջերում մեկը մյուսի հետևից գրում են, թե 3 մլն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի և Ստեփան Նարոյանի իրավահաջորդի միջև, յուրաքանչյուրին՝ 1 միլիոն դրամ։ 1991-ի սեպտեմբերի 23-ի համարի հենց առաջին էջում տպագրված նկարի մի մասը ճիշտ և ճիշտ այն «լոգոն» է, որ Ռաֆայել Դանիելյան անունով երիտասարդն իրեն է վերագրել ու փորձել վաճառել իշխող ուժին: Գրադարաններն ընկնելուց, արխիվը փորփրելուց, պատմական թերթի առաջին էջը լուսանկարելուց ու այն Facebook սոցիալական ցանցում տարածելուց հետո իշխանությունները հայտարարեցին, որ գումարը կփոխանցեն լոգոյի իրական հեղինակներին: Փաստորեն, ստվերվեց գրագողության հանգամանքը, որը, ի դեպ, հեղինակային իրավունքի կոպտագույն խախտում է: Իշխանավորները, որ բարձր ամբիոնից գովասանքի խոսք են ասել լոգոն գողացած անձին, ըստ տրամաբանության՝ նույն տոնայնությամբ պետք է դատափետեին գրագողությունը ու պատասխանատվության կանչեին երիտասարդին: Բայց եթե դա չի արվում, ավելին՝ պատգամավորներն ասում են, թե պատասխանատվության կանչելու մեխանիզմներին ծանոթ չեն, ապա բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ լոգոն փոխառած երիտասարդն ինչ-ինչ կապեր ունի իշխանությունների հետ: Ավելին, եթե գործին չխառնվեինք մենք՝ լրագրողներս, իշխանությունները դժվար թե ջանք թափեին ու փորձեին բացահայտել լոգոյի իրական հեղինակներին: Նորերին բնորոշ հեգնական ոճով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե «փնտրվում է լոգոյի իրական հեղինակը»: Թե որքանով է նրա կատակը տեղին կամ համապատասխան զբաղեցրած պաշտոնին, թողնում ենք իր խղճին, բայց այն, որ դա պարզելը նրա աշխատակազմի համար հաշված րոպեների հարց պետք է լիներ, կասկածից վեր է: Անկեղծ ասած, լոգոյի պատմությունը Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում կատարվող իրադարձությունների ուղիղ պատկերումն է: Իշխանությունները, որոնց թվում է, թե մարդիկ հիշողություն չպետք է ունենան, աջ ու ձախ սևացնում են վաստակը, կասկածի տակ դնում նրանց թողած ժառանգությունն ու բոլորին սևի ու սպիտակի տխրահռչակ շրջանակում դիտարկում: Ինչևէ, փառք Աստծո, որ ամեն ինչ ջնջել ու իբրև թե նոր տողից սկսել հնարավոր չէ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ