Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այսօր հանդես է եկել կարևոր և սկզբունքային նախաձեռնությամբ։
Կաթողիկոս Արամ Ա-ն հատուկ հանձնարարությամբ Երևան է ուղարկել իր պատվիրակին՝ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին, որը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա դուրս է արարողակարգային հանդիպման շրջանակից․ այն հստակ և հրապարակային ազդակ է, որ Կիլիկիո կաթողիկոսությունը մտադիր չէ անտեսել պետություն–եկեղեցի հարաբերությունների խորացող ճգնաժամը և պատրաստ է ստանձնել ակտիվ ու պատասխանատու դեր իրավիճակի հաղթահարման գործում։
Հասարակության արձագանքը, սակայն, երկակի է։
✦ Մի հատված տեղի ունեցածը գնահատում է որպես անտեղի քայլ՝ հիշեցնելով գործող իշխանության հետևողական հակաեկեղեցական քաղաքականությունը և մտահոգվելով, որ նման շփումը կարող է ընկալվել որպես վարչապետի վարքագծի լեգիտիմացում։
✦ Մյուսները, հակառակը, կարևորում են Արամ Ա-ի նախաձեռնությունը՝ այն դիտարկելով որպես արժանապատիվ և ուղիղ ազդակ իշխանությանը, որով բարձրացվում է հոգևորականների ապօրինի կալանավորումների հարցը և պահանջվում են իրավական ու քաղաքական լուծումներ։
Իմ համոզմամբ, Անթիլիասի այս քայլը կարևոր է իր նշանակությամբ։
Այն ցույց է տալիս, որ Կիլիկիո կաթողիկոսությունը չի սահմանափակվում հոգևոր առաքելությամբ, այլ պատրաստ է պաշտպանել ազգային ինստիտուտների արժանապատվությունը և նպաստել պետություն–Եկեղեցի հարաբերությունների վերականգնմանը։
Մյուս կողմից, իրատեսորեն պետք է արձանագրել, որ գործող իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը հետևողական ու համակարգված է, ու քիչ հավանական է, որ անգամ այս մակարդակի միջամտությունը կբերի Փաշինյանի քաղաքականության շրջադարձի։
Սակայն հենց այդ պատճառով էլ Արամ Ա-ի նախաձեռնությունը դառնում է բացառիկ կարևորություն ունեցող գործընթաց։
Այն հստակ ուղերձ է, որ Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է անել իր քայլը հանուն ազգային համերաշխության և ինստիտուցիոնալ հավասարակշռության։
Հիմա հերթը իշխանությանն է։
Արամ Ա-ն իր քայլը կատարել է՝ հանուն երկխոսության, հանուն փոխադարձ հարգանքի և հանուն ազգային միասնականության։
Հարցն այն է՝ ի՞նչ պատասխան կտա Նիկոլ Փաշինյանը։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ