Այժմ, ըստ էության: Հայաստանի հնդկական համայնքում Անիլ Քոսլան հայտնի «գործ անող է»: Վստահելով Անիլ Քոսլային, երկու հնդիկ դիմել են վերջինիս, որպեսզի նա Դելի-Երևան ավիատոմսեր գնի: Անիլ Քոսլան ստանում է ավիատոմսերի գումարը, սակայն ավիատոմսեր չի գնում, իսկ գումարը հետ չի վերադարձնում: Ընդհանուր առմամբ` 1400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երկար «բանակցություններից» հետո Անիլ Քոսլան վերադարձնում է 100 000 ՀՀ դրամ: Մնացած գումարը հրաժարվում է վերադարձնել: Սա է նախապատմությունը: Քոչարյան Ռոբերտը կասեր, որ «ուչաստկովու գործ է»: ՀՀ քննչական կոմիտեն այլ կարծիքի է: Այլ կերպ ասած` Քննչականն ասում է, որ «քցող» Անիլ Քոսլան ճիշտ է, «քցված» հնդիկները` սխալ:
Խարդախությունը դա հափշտակության ձև է, երբ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով ձեռք է բերվում զգալի չափերի գույք կամ դրամական միջոցներ։ Քննարկվող դեպքում, «քցված» հնդիկներն Անիլ Քոսլային վստահել են գումար, իսկ վերջինս վստահությունը չարաշահելու միջոցով ձեռք է բերել զգալի չափերի դրամական միջոցներ: Կրկին մեջբերեմ Քոչարյան Ռոբերտին` «ուչաստկովու գործ է»:
Քննչականն ասում է, որ առերևույթ հանցանք չի տեսնում, քանզի հնդիկներն Անիլին գումարը կամավոր են տվել: Ավելին` քանի որ Անիլ Քոսլան վերադարձրել է յուրացված ընդհանուր գումարի 15%-ն, ապա վերջինս խարդախ չէ: Փաստորեն, Քննչականը խմբագրում է «խարդախություն» հասկացությունը: Ըստ այդմ, այլևս բոլորս կարող ենք խաբեությամբ այլ անձանցից կամավոր գումար վերցնել, վերադարձնել գումարի 15%-ը և հանգիստ ապրել: Քննչականը մեզ պահապան:
Կարծում եմ` Քոչարյան Ռոբերտը նույնպես պետք է վերանայի իր` երբեմն «թևավոր», խոսքը: Հայաստանում այն այլևս կիրառելի է բացառապես քաղաքական հալածանքների դեպքում:
Կարեն Հեքիմյան