Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Հայոց պատերազմը չի ավարտվել

Հայոց պատերազմը չի ավարտվել
28.01.2026 | 20:50

Հայկական բանակի օրվա առթիվ ասելիք շատ կա, բայց ուզում եմ մեջբերել դեռևս 2010 թ. նոյեմբերի 26-ին «Հայաստանի զրուցակից» երկլեզու թերթում հրապարակված «Հայկական հարցն այսօր. I. Ռազմավարական մակարդակ» իմ հոդվածից ընդամենը մեկ պարբերություն:

«Եթե 1991-1994 թթ. ղարաբաղյան պատերազմը խորապես գիտակցվեր Հայկական հարցի համատեքստում (այլ ոչ իբրև, նախ և առաջ, ինքնապաշտպանություն ու գոյապայքար), ապա իր ստեղծման օրվանից Երրորդ հանրապետության բանակը կարելի էր լիակատար իրավունքով ուղղակի անվանել «Հայկական ազատագրական բանակ», քանի որ ազատագրության օբյեկտիվ-պատմական իր առաքելությունը մասամբ ու պատվով արդեն կատարել է։ Թե ապագայում որքանով նրան կհաջողվի կատարել նույն այդ անավարտ առաքելությունը՝ ցույց կտա ժամանակը։ Պարզ է, սակայն, որ այդ առաքելության ձախողումը կարող է նշանակել հայկական քաղաքակրթության վերջնական կործանում արդեն մեր սերնդի օրոք, ինչպես որ ծրագրում են Անկարայի և Բաքվի պետական իշխանության խորքային ոլորտները։ Ուրեմն Հայկական բանակն իր առաքելությունը պետք է կատարի բոլոր հանգամանքներում՝ անկախ ամեն ինչից»։

Այսօր գտնվում ենք արդեն բոլորովին ուրիշ իրականության մեջ՝ Հայաստանը մասամբ հայաթափված է, ճնշված, ներսից ու դրսից դավաճանված։ Սակայն, որքան էլ հակառակը պնդեն դավաճաններն ու մանկամիտները, հայոց պատերազմը չի ավարտվել։ Այն ընդամենը տեղափոխվել է քաղաքական, ժողովրդագրական և տնտեսական ճակատներ։

Ամեն ինչ դեռ առջևում է։ Իրական խաղաղությունը դեռ պետք է վաստակել։ Հիշենք, սթափ հաշվարկենք և գնահատենք իրավիճակը և, ամենակարևորը, պատրաստվե՛նք, պատրաստվե՛նք, պատրաստվե՛նք։ Այլ ճանապարհ չկա։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ