Գունաթափված հագուստով, աչքի չընկնող ու համեստ արտաքինով ամուսինները եկել էին Հարվարդի համալսարանի ռեկտորի մոտ՝ առանց նախօրոք գրանցվելու: Գործավարը, ոտքից գլուխ նրանց չափելով, մտածում է՝ այս գավառականներն անելիք չունեն իրենց համալսարանում, ու տեղեկացնում է այցելուներին, որ ռեկտորը շատ զբաղված է լինելու ողջ օրը ու չի կարողանա նրանց ընդունել: Կինը պատասխանում է, որ կսպասեն:
Մի քանի ժամ շարունակ գործավարը բացահայտ արհամարհական վերաբերմունք էր ցուցաբերում, որպեսզի նրանք հիասթափվեն ու հեռանան: Վերջապես գործավարը հասկանում է, որ առանց հանդիպման այցելուները չեն հեռանա, և շատ դժկամորեն տեղեկացնում է ռեկտորին հյուրերի մասին:
-Գուցե ընդունե՞ք նրանց մեկ րոպեով, նրանք արագ կհեռանան,- հարցնում է գործավարը:
Ռեկտորը նույնքան դժկամորեն համաձայնում է:
Երբ ամուսինները ներս են մտնում՝ ռեկտորը հանդուգն հայացքով նայում է նրանց:
-Մեր որդին մեկ տարի սովորել է ձեր համալսարանում: Նա շատ էր սիրում իր համալսարանը ու իրեն այստեղ երջանիկ էր զգում: Դժբախտաբար, մեկ տարի առաջ մեր որդին հանկարծամահ եղավ: Ամուսինս ու ես ուզում ենք մի հուշ թողնել մեր որդու մասին համալսարանի տարածքում,-ասում է կինը:
Առաջարկը ռեկտորին դուր չի գալիս, անգամ զայրացնում է:
-Հարգելինե՛րս,-ջղաձգված բացականչում է նա,- մենք չենք կարող կիսանդրիներ տեղադրել բոլոր նրանց համար, ովքեր երբևէ սովորել են մեր համալսարանում: Եթե այդպես վարվենք՝ համալսարանը կվերածվի գերեզմանոցի:
- Սպասեք,- արագորեն ընդհատում է կինը,- մենք արձան չենք ուզում տեղադրել, մենք նոր մասնաշենք ենք ուզում կառուցել Հարվարդի համալսարանի համար:
Ռեկտորը նորից է արհամահանքով ուսումնասիրում տիկնոջ գունաթափված վանդակավոր զգեստը, ամուսնու աղքատիկ կոստյումն ու բացականչում.
-Մասնաշե՞նք: Դուք գոնե պատկերացնում ե՞ք, թե ինչ գումարի մասին է խոսքը: Մեր բոլոր մասնաշենքերն արժեն ավելի քան 7 միլիոն դոլար:
Տիկինը լռում է:
Ռեկտորը հեգնանքով ու հաղթական ժպիտով սպասում է, որ դուրս գան ոչ ցանկալի հյուրերը:
Կինը շրջվում է դեպի ամուսինն ու ցածր ձայնով հարցնում.
-Մի՞թե այդքան քիչ արժի նոր համալսարան կառուցելը: Ինչու՞ չկառուցել մեր սեփական համալսարանը:
Ամուսինը գլխի շարժումով համաձայնում է կնոջ հետ:
Ռեկտորը շփոթվում է, տարակուսանքի մեջ ընկնում:
Պարոն և տիկին Ստենֆորդները դուրս են գալիս ռեկտորի աշխատասենյակից:
Նրանք Կալիֆորնիայում և Պալո-Ալտո քաղաքներում հիմնում են համալսարան, որն անվանակոչում են իրենց ազգանվամբ` Ստենֆորդի համալսարան, ի հիշատակ իրենց որդու:
Լիլիթ Դանիելյանի ֆեյսբուքյան էջ