Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 9

Թվերն ավելի խոսուն են, քան  իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 9
15.11.2025 | 18:27

Դիտարկում 8․ Առողջապահությունը՝ որպես սոցիալ-տնտեսական ռիսկի հայելի (երբ առողջապահությունը դառնում է ոչ թե սոցիալական պաշտպանություն, այլ սոցիալական բեռ)

Սկիզբը՝ այստեղ

Թվերով՝ առողջապահական համակարգը թվում է կայուն: Հիվանդացության մակարդակներում արտակարգ տատանումներ չկան, պետական ծրագրերն աշխատում են, ծախսերն էլ, ըստ հաշվետվությունների, աճել են։ 2025թ․ հունվար–սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է շուրջ 2.34 մլն բժշկական այցելություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը +0.9%-ով։

Բժշկի դիմելու հաճախականությունը՝ մեկ բնակչի հաշվով 0.76 այցելություն (2024-ին՝ 0.75)։ Թվերով՝ կարծես շարժ չկա։

Բայց եթե նայենք այս թվերի հետևը՝ իրական պատկերը խորը սոցիալ-տնտեսական խնդիր է։ Համակարգը շարունակում է աշխատել հետաձգված և ռեակտիվ սկզբունքով, ոչ թե կանխարգելիչ։

Առողջապահական ծախսերի մեծ մասը՝ ավելի քան 82%, ծախսվում է բուժման, ոչ թե կանխարգելման վրա (կանխարգելիչ առողջապահության բաժինը կազմում է ընդամենը 8–9%։)։ Սա նշանակում է, որ պետությունը առողջ մարդուն չի պաշտպանում, այլ պարզապես փորձում է բուժել արդեն հիվանդ քաղաքացուն։

Երբ առողջության համակարգը գործում է միայն հետո, ոչ թե առաջ, այն վերածվում է պետական ֆինանսական ռիսկի, ոչ թե հանրային ներդրման։

Բացի այդ, յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի իր բուժման ծախսերը հոգում է սեփական միջոցներով՝ առանց ապահովագրական կամ պետական փոխհատուցման։

Սա սոցիալ-տնտեսական իմաստով նշանակում է, որ հիվանդությունը Հայաստանում շարունակում է մնալ աղքատացման հիմնական գործոններից մեկը։

Երբ ընտանիքը ստիպված է բժշկի գնալ վարկ վերցնելով, ապա առողջապահության խնդիրը դառնում է նաև վարկային և եկամտային քաղաքականության խնդիր։

Վարակիչ հիվանդությունների պահպանվող բարձր մակարդակը՝ հատկապես թոքաբորբեր, աղիքային և կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակներ (զոոնոզային), խոսում է կանխարգելման և հանրային վերահսկողության թուլության մասին։

Հատկապես մտահոգիչ է, որ հիվանդացության աճը գրանցվում է հիմնականում աշխատունակ տարիքի բնակչության շրջանում (20–59 տ.), ինչը նշանակում է՝ կորուստներ ոչ միայն առողջապահության, այլև աշխատանքի շուկայի և արտադրողականության համար։ Այսինքն՝ աա միայն առողջապահական խնդիր չէ, այլև աշխատունակ բնակչության առողջության, հետևաբար՝ տնտեսության արտադրողականության խնդիրն է։

Երբ պետությունն ունի «աճող տնտեսություն», բայց ունի նաև աճող հիվանդություն, երբ աշխատող մարդը ամիսներով դուրս է մնում աշխատանքի շուկայից առողջական պատճառներով, երբ գյուղական համայնքը բուժօգնությունից կտրված է, սա արդեն ոչ թե ոլորտային, այլ համակարգային՝ տնտեսական կայունության սպառնալիք է։

Առողջապահությունը պետք է դիտարկել ոչ թե որպես «ծախս», այլ որպես արդյունավետ ներդրում մարդկային կապիտալի մեջ։ Առողջ մարդն է տնտեսության արտադրող ուժը, ոչ թե կարճաժամկետ թվային աճը։

Շարունակելի

Դավիթ Անանյան

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ