Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Երկակի ստանդարտները

Երկակի ստանդարտները
19.10.2025 | 12:11

Ցավոք, մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ:

ԴԵՊՔ 1

2025թ. հոկտեմբերի 15-ին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի բռնի անհետացման հետ:

Սրբազանին առավոտյան 09:30-ից ձերբակալել էին, սակայն թաքցնում էին ինչպես ձերբակալվելու փաստը, այնպես էլ գտնվելու վայրը: Սրբազանի գտնվելու վայրի մասին իմացել ենք միայն ժամը 16:30-ից հետո ՄԻՊ ներկայացուցիչներից, այսինքն 7 ժամ հետո:

ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածը այդ վարքագիծը համարում է բռնի անհետացում և նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով՝ երեքից յոթ տարի ժամկետով: Ըստ այդ նորմի՝ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ .. գործող պաշտոնատար անձի … կողմից ազատությունից օրինական հիմքերով .... զրկված անձի ազատությունից զրկելու փաստը թաքցնելը ...., որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս:

Արդեն երրորդ օրն է, սակայն մենք որևէ լուր չունենք նշված հաղորդման ընթացքի մասին: Դատախազությունը չի շտապում:

ԴԵՊՔ 2

2021թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող և նախընտրական քարոզչության ժամանակ ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր հետևյալը.

- «Դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ»։

- «Ճակատից շարեմ կասեք բռնությունա»։

- «Հանկարծ չփորձեք թպրտալ». Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր.

«Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»:

Գլխավոր դատախազությունը և քննչական որևէ մարմին իրավական ռեակցիա չի տվել վերը նշված հրապարակային սպառնալիքներին, որոնք ազդեցություն են թողել ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա:

Իմ կարծիքով, այս վարքագիծն առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցակազմը (Համապատասխանում է նախորդ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին), որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով

Այդ ելույթների հղումները՝

https://www.youtube.com/watch?v=g3eA5Mlsl90

https://www.youtube.com/watch?v=xQUBp6m_vCc

https://www.youtube.com/watch?v=mOdQyFjQW_A

ԴԵՊՔ 3

Երեկ համացանցում հայտնվել է (ըստ լուրերի) Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։

Քննչական մարմինը կայծակնային արձագանքելով հայտնել է, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (այս հոդվածով մեղադրանք է ներկայացվել նաև Մկրտիչ Սրբազանին):

Հատկանշական է, որ նույն քննչական մարմինը վարույթը չի նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է մարդու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելուն:

Քննչական մարմինը պարտավոր է գնահատական տալ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու վարքագծին:

ԴԵՊՔ 4

Ալեքսանդր Կոչուբաևի գրառման վերաբերյալ (գնահատական չեմ տալիս գրառման բովանդակությանը, իսկ եթե գնահատվի էլ, ապա՝ քրեական օրենսգրքի տիրույթից դուրս) կրկին գործել է կայծակնային արդարադատությունը և Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքները կոպտորեն խախտելով, այդ թվում նրան նվաստացնելով իրավապահ մարմինը ձերբակալել է: Ակնհայտ է, որ այդ ձերբակալումը պարունակում էր պատժիչ տարրեր:

Այս դեպքերը շատ են:

Տարիների ընթացքում փաստաբանների պայքարի, ինչպես նաև բարեխիղճ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների աշխատանքի շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանությունը որոշակի դրական մակարդակի էր հասել:

Փաստաբանը հասնում էր իր վստահորդին թե ոստիկանության, թե քննչական մարմիններում առանց խոչընդոտի (իհարկե բացառություններ եղել են):

Իսկ հիմա, երբ օրը ցերեկով քննչական մարմինը, իր քննիչների միջոցով, որոնցից մի մասն էլ փաստաբանի արտոնագիր ունի, խոչընդոտում է փաստաբաններին հասնել իրենց վստահորդներին և նույնիսկ չեն թողնում շենք մտնել, երբ փաստաբաններին ծեծի են ենթարկում ոստիկանության բաժանմունքում, ......... փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ անպաշտպան:

Իհարկե, այս ապօրինությունները կշարունակվեն՝ նույնիսկ ավելի կոպիտ դրսևորումներով, սակայն մի բան պետք է հիշել, որ այս ամենը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է:

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 210

Մեկնաբանություններ