ՏԵՍԱԿԵՏ
Հարգելի, արդեն իսկ պաշտոնապես «ՏԻՏՂՈՍԱԿԻՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» հռչակված «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդներ:
Արդեն իսկ պատմություն դարձած հունիսի 7-ի ընտրությունները աշխատատեղի, էժան պոմիդորի, ցածր տոկոսով հարկերի կամ ճարահատյալ խաղաղասիրության համար չէին: Դա ազգային արժանապատվության վերականգնման, ինքնության իրավունքի պահպանման և արժանավայել խաղաղ գոյատևման համար այքարի ընդամենը մի հանգրվան էր, որը ցավոք հաջողությամբ չպսակվեց: Եվ կես միլիոնից ավել մարդկանց ճնշող մեծամասնությունը իրենց ձայնը ձեզ տվեցին նպատակ ունենալով հենց դա:
Եթե մեկ-երկու օրվա ընթացքում հանդես չեք գալիս համատեղ հայտարարությամբ (որին ի դեպ, համոզված եմ կմիանան նաև անցողիկ շեմը չհատած և ընտրություններին չմասնակցած բազմաթիվ ուժեր ևս), որ հրաժարվում եք ճանաչել ընտրությունների արդյունքներն ու չեք հռչակում համաժողովրդական, ոչ բռնի շարժում սկսելու մասին, որը կունենա ընդամենը 1(մեկ) օրակարգ, այն է. «Իշխանությունից ՆՓ & ՔՊ-ի խաղաղ ճանապարհով հեռացում» և ժամանակավոր, համաձայնության կառավարության ձևավորմաբ նոր, օրինակարգ ընտրությունների անցկացում, ապա բոլորով միասին կնքում եք ձեր քաղաքական մահկանացուն: Որ դա կլինի ձեր կորուստներից ամենամեղմը և այն կվերածվի տոտալ աղետի, կասկած լինել չի կարող, զի դա են հուշում առ այսօր տեղի ունեցած իրադարձություններն ու արձանագրված փաստերը:
Եթե գնում եք որևէ ցանկացած այլ ճանապարհով, ապա մի քանի ամիս անց դուք անձամբ կամ միջնորդավորված, հայ ժողովրդին, նրա առանձին հատվածներին կամ անհատ գործիչներին կոչ չանեք ի աջակցություն հավաքվելու դատարանների բակերում, որտեղ ընթանալիս կլինեն ձեր՝ առաջնորդների, ձեր թիմերի առանցքային դեմքերի և ընդհանրապես աչքի ընկած ակտիվիստների հարյուրավոր դատավարություններ: Բացի դատվողների ընտանիքների անդամներից, մերձավորագույն ազգականներից և մի քանի հարյուր այլ հավատարիմ մարդկանցից, ոչ-ոք այլևս չի արձագանքելու այդ կոչին: Եվ այդ ժամանակ «Ազգային ժողով» կոչվող հիմնարկում ձեր ունեցած մանդատները համարժեք կլինեն առավելագույնը «զուգարանի թղթի» և ոչինչ ավելիին:
Անվիճելի է, որ ՆՓ-ն հակված է ձեզ՝ առաջնորդներիդ «ամբողջովին ունեզրկել», «դարձնել բոմժ» և «երկարաժամկետ բանտային ռեժիմում պահել», որի մասին քանիցս հայտարարել է բաց տեքստով և ամեն ինչ անելու է, որ օր առաջ իր ասածները իրականություն դարձնի: Հայաստանի իրավական համակարգի որևէ օղակի կամ անհատի մտքի ծայրով իսկ չի անցնի հանդգնել և չկատարել այն ամենը, ինչ կհանձնարարի ՆՓ-ն, որովհետև սա այլևս 2021-26թթ. չեն և հիմա բոլորովին այլ իրավիճակ է...«եղբայրական» Ադրբեջանի և Թուրքիայի, «Ժողովրդավար Եվրոպայի» գործուն և առարկայական աջակցություն էլ ձեզ փեշքեշ: Իսկ երբ ձեր՝ առաջնորդներիդ հարցերն իր ուզած ձևով լուծեց, ապա ձեզ պատկան քաղաքական, տնտեսական և այլ բնույթի կառույցները ոչնչացնելը նրա համար կդառնա ընդամենը дело техники.
Ընտրությունը այլևս այն կես միլիոնից ավել մարդկանցը չէ, որոնք կանգնեցին ձեր կողքին և համոզված եմ շարունակելու են կանգնած լինել, եթե հայտարարեք պայքարի ակտիվ շարունակություն. «Իշխանությունից ՆՓ & ՔՊ-ի խաղաղ ճանապարհով հեռացում և ժամանակավոր, համաձայնության կառավարության ձևավորմամբ նոր, օրինակարգ ընտրությունների անցկացում» մեկ-միակ օրակարգով:
Ընտրությունը այլևս ձերն է, պարոնայք...
Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ քաղաքացի