Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

Հայաստանի եվրոպական «հաջողության պատմությունը» ներկայացվում է մի քանի ծիրանով

Հայաստանի եվրոպական «հաջողության պատմությունը» ներկայացվում է մի քանի ծիրանով
24.06.2026 | 11:38

Ագրարային ծայրամա՞ս

Եվրահանձնակատար Մարթա Կոսը հանդիսավոր հայտնում է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ։ Նաև լուսանկար հրապարակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ` ծիրանը ձեռքին։

Սա՞ է այն Հայաստանը, որը ցանկանում ենք ներկայացնել աշխարհին։

Երբ ենթակառուցվածքների, արդյունաբերության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների և ռազմավարական նախագծերի փոխարեն Հայաստանի եվրոպական «հաջողության պատմությունը» ներկայացվում է մի քանի ծիրանով, դա պարզապես գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին չէ։ Դա երկրի խորհրդանշական դիրքավորման մասին է։

Աշխարհում պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, միկրոչիպերով, ատոմային էներգետիկայով, լոգիստիկ հանգույցներով և տեխնոլոգիական էկոհամակարգերով։ Իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը։

Ծիրանը հրաշալի մթերք է, հայկական մշակույթի կարևոր խորհրդանիշ։ Եվ այս ակցիայի քաղաքական հաշվարկն առավել քան պարզ է։ Բայց երբ պետության արտաքին տնտեսական կապերի առանցքում հայտնվում է բացառապես ծիրանը, այն կամա թե ակամա դիրքավորվում է որպես ագրարային ծայրամաս, այլ ոչ թե որպես արդյունաբերական, տեխնոլոգիական և ինժեներական ներուժ ունեցող երկիր։

Ամենախոսունն այստեղ հենց լուսանկարն է։ Սա իրականում արտացոլում է Հայաստանի ծայրամասային ընկալումը եվրոպացիների կողմից։ Կարելի էր նույն լուսանկարն անել հայ ֆերմերի հետ, բայց ոչ` ենթակառուցվածքների նախարարի։

Սիմվոլները քաղաքականության մեջ երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 0

Մեկնաբանություններ