Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը
Սկիզբը՝ այստեղ
Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) մարտի 11- ին ԱՄՆ- ի և Ուկրաինայի բանակցություններից հետո ԱՄՆ- ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահություն էր հայտնել, որ հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել «մի քանի օրվա ընթացքում»: Այսօր մարտի 24- ն է, անցել է արդեն գրեթե երկու շաբաթ, և ի՞նչ՝ կնքվե՞ց առաջարկված թեկուզ 30- օրյա զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում կոչ է արել չգայթակղվել, պատրանքներ չունենալ Ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում: Նրա հավաստմամբ, Ուկրաինական կարգավորման և նույնիսկ կրակի դադարեցման հարցը լի է նրբություններով, և լուծման արագ հեռանկարներից գայթակղվել չարժե:
«Գայթակղվել չարժե,- ասել է Պեսկովը:- Շատ լուրջ, քրտնաջան աշխատանք է սպասվում։ Պետք է խորասուզվել մանրամասների մեջ»,- խոսելով կարգավորման հեռանկարների մասին, նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Կան նրբերանգներ, կան հարցեր, որոնց պատասխաններն առաջիկայում (ՌԴ- ն և ԱՄՆ- ը) պետք է միասին փնտրեն,- հայտարարել է Պեսկովը:- Սրանք պարզապես շատ բարդ բաներ են, և շատ աշխատանք է սպասվում: Մենք միայն այդ ճանապարհի սկզբում ենք»:
«Այդ նրբություններից մի քանիսը հիշատակվել են (ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ), բայց այդ աշխատանքը, անշուշտ, պետք է շարունակվի»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Արձագանքելով Ուկրաինայում 30- օրյա զինադադարի մասին ԱՄՆ- ի նախաձեռնությանը, Պուտինը նշել է մի շարք կարևոր նրբերանգներ, այդ թվում՝ պայմանավորվածությունները, պայմանագիրը հարգելու Կիևի անընդունակության, խնդիրը, արևմտյան ռազմական օգնության շարունակման, սահմանազատման գծում անհասկանալի իրավական ռեժիմի և Կիևի վարչակարգի կողմից հարկադիր մոբիլիզացիան շարունակելու խնդիրները։ Ընդ որում, նշված ու մյուս խնդիրները հաշվի առնելու դեպքում հրադադարի գաղափարը ՌԴ նախագահը պաշտպանել է։
Ի դեպ, Պեսկովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ, Life.ru- ի փոխանցմամբ , հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկար ժամանակ կուղեկցեն երկրին: Սա էլ է ինչ- որ բան հուշում…
Ըստ «Bloomberg»- ի հրապարակման, Վաշինգտոնը ցանկանում է հրադադարի հասնել մինչև ապրիլի 20- ը, երբ և՛ ուղղափառները, և՛ կաթոլիկները տոնելու են Քրիստոսի Հարությունը: Սպիտակ տանը, սակայն, խոստովանել են, որ հրադադարը կարող է մինչև ապրիլի 20- ը չլինել կողմերի տարաձայնությունների պատճառով։
Անդրսահմանային համագործակցության և ինտեգրման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Սապրիկայի կարծիքով, ապրիլի 20- ին էլ հրադադար չի լինի: Նրա խոսքով՝ կրակի հնարավոր դադարեցման կրոնական համատեքստը նույնպես նշանակություն չունի Զելենսկու թիմի համար: Նրա Եկեղեցին կանգնած է պառակտման ճանապարհին, և ինքը՝ Կիևի վարչակարգի ղեկավարը, պարբերաբար հակաեկեղեցական արտահայտություններ է թույլ տալիս:
Ռուսաստանի արտգործնախարարությունը, РБК- ի տեղեկացմամբ, մարտի 22- ին հայտարարել է երկրի վառելիքաէներգետիկ համակարգի օբյեկտներին Կիևի շարունակվող հարվածներին համաչափ պատասխան տալու, այսինքն՝ Ուկրաինայի նույնաբնույթ օբյեկտներին հարվածները վերսկսելու Մոսկվայի իրավունքի մասին:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ- ն իրեն իրավունք է վերապահում պատասխանել էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարձակումներին, այդ թվում՝ սիմետրիկ, չնայած նման հարվածներից հրաժարվելու մասին պայմանավորվածությանը (նկատի ունի ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը): Զախարովայի հայտարարությունը պետք է համարել Ռուսաստանի զգուշացումը, քանի որ հարվածները վերսկսելու Պուտինի հրամանն առայժմ դեռ չկա: Առայժմ…
Զախարովան նշել է ռուսական էներգետիկ օբյեկտների, մասնավորապես «Սուջա» գազաչափիչ կայանի նկատմամբ շարունակական հարձակումները և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները:
«Նման արարքներով Կիևը կրկին ցուցադրում է պայմանագրվելու լիակատար անկարողություն, ինչպես նաև խաղաղության հասնելու ձգտման բացակայություն, – հայտարարել է Զախարովան:- Ինչպես և 2022 թվականին, կրկին գործի են դրվել սադրանքները՝ բանակցային գործընթացը խափանելու նպատակով»:
Ինչպես արդեն հայտնի է, մարտի 18- ին ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելուն ու համապատասխան հրաման է տվել զինվորականներին:
Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ Կիևը կողմ է էներգետիկ հարձակումներից հրաժարվելուն: Մարտի 19- ին Թրամփի հետ զրույցից հետո նա հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է դրան: Մինչդեռ հենց նույն օրվա գիշերը Ուկրաինայի ԶՈւ- ն ԱԹՍ- ներով հարվածել է Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթաբազային, առաջացել է մասշտաբային հրդեհ, որի դեմ պայքարի համար մոտ 500 հրշեջ ու բացի մի քանի տասնյակ միավոր տեխնիկայից, 4 հրշեջ գնացք է ընդգրկվել, այնուհանդերձ, հրդեհի հետևանքով հետագայում պայթել է նավթի ռեզերվուարը: Ուկրաինայի ԶՈւ-ն հաջորդ օրը՝ մարտի 20-ին, ԱԹՍ- ներով հարվածել է նաև Էնգելսի նավթավերամշակման գործարանին, լսվել են պայթյուններ, գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:
Մարտի 20-ի լույս 21- ի գիշերն ուկրաինական ԱԹՍ- ների հարվածի հետևանքով պայթել է «Սուջա» գազաչափիչ կայանը, պայթյունի արդյունքում կայանը ծանր վնասներ է կրել, գազատարի վրա մասշտաբային հրդեհ է բռնկվել: Սակայն սա դեռ ամենը չէ…
Ռուսաստանի ԱԳՆ մարտի 22- ի հայտարարություն- զգուշացումից հետո էլ Կիևն ակնհայտորեն ունենալով Պուտինին, Մոսկվային սադրելու նպատակ, շարունակել է ԱԹՍ- ներով և ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հարձակվել ՌԴ վառելիքաէներգետիկ համակարգի օբյեկտների վրա: Այսպես անվերջ չի կարող շարունակվել, ռուսական արջի համբերությունը մի օր կհատի՝ ապրիլի 12- ից առաջ կամ հետո…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան