«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Ավարա՞յր, թե՞ անասնագոմ

Ավարա՞յր, թե՞ անասնագոմ
28.05.2026 | 14:50

Նախկինում, երբ կարդում-ծանոթանում էինք Վարդանանց պայքարի պատմությանը, ակամա մի հարց էր առաջանում, թե ինչպես է ստացվել, որ մեր ժողովրդի մի ստվար հատված հարել է Վասակին, միացել է նրա զորքին և կռվել է Վարդանանց դեմ՝ պարսիկների կողմից։ Այսօր ստանում ենք այդ հարցի պատասխանը՝ տեսնելով, թե ինչպես է նորից մեր ժողովրդի մի հատված ի տես ունենալով ներկայիս իշխանությունների կատարած բոլոր հանցանքները` մեր երկրի, պետության, Արցախի, բանակի, հայ ընտանիքի, Եկեղեցու դեմ, հարում է նրան ու նրա հանցավոր կլանին։

Դարեր առաջ Հազկերտի պարսից արքունիքը նույնպես հայությանը առաջարկում էր խաղաղություն, կուշտ կյանք, հարմարավետ, ապահով ու տաքուկ անկյուն իր հովանու ներքո, միայն թե մեր նախնիները հրաժարվեին իրենց ինքնությունից, հավատից, ԱՍՏԾՈՒՑ։

Ներկայիս թուրք հազկերտների հրահանգներով մեր պետության ղեկը բռնած անձինք նույն քարոզն են անում և նույն ծրագիրն են փորձում իրականացնել։ Պատմությունը պարուրաձև պտտվելով կրկնվելու հատկություն ունի։

Ավարայրի ճակատամարտում մեր ազգի սերուցքը նահատակվեց, պարսիկները թվացյալ հաղթանակ ունեցան, բայց դրանով պատերազմը չավարտվեց, այն շարունակվեց Ավարայրի հերոս նահատակների որդիների կողմից և այդ սերունդը՝ սրբացման արժանի Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հասավ իրենց սուրբ ծնողների նպատակին։ Ի վերջո Վարդանանց սկսած պայքարը ավարտվեց փառահեղ հաղթանակով, որը հիանալի և մանրամասն ներկայացված է մեր պատմիչ Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» գործի մեջ։

Եթե որևէ մեկի համար գերադասելի է գոմի թրքահոտ կարծեցյալ ջերմությունը, որոճալու համար տերերի կողմից մսուրում դրված ձրի ու լրացուցիչ մի խուրձ խոտը, ապա հարկ է հիշել, որ այդ ժամանակավոր ու թվացյալ ապահովության շարունակությունը միշտ լինում է կթվելն ու խուզվելը, իսկ վերջում հանգիստ ու համբերությամբ սպասում է մորթելու համար պատրաստված մսագործի դանակն ու սպանդանոցը։

Չի կարող իրապես հայ մարդը, առավել ևս ճշմարիտ հավատացյալ քրիստոնյան ընտրություն կատարել սուտը, կեղծիքը, ուրացումը, պղծությունն ու դավաճանությունը մարմնավորող, սատանայի կամակատարներ հանդիսացող վասակների և ԱՍՏԾՈՒ միջև ու ընտրել առաջինը։ Հայերեն խոսող, խաչակնքվող, եկեղեցի մտնող, մոմեր վառող ամեն մարդ չի, որ իրապես հայ կարող է համարվել։

ՏԻՐՈՋ Արարչագործությունում գոյություն չունի ոչ մի պատահականություն և հայ ծնվելը նախախնամություն է, հայ ապրելը` առաքելություն, հայ մեռնելը` օրհնություն։

ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ հավատարիմ ամեն մարդու կոչ ենք անում իրենց սրտերում դիմել ՏԻՐՈՋԸ՝ Մովսես մարգարեի նման աղերսելով․ «Հոգիների ու բոլոր էակների ո՜վ ՏԷՐ ԱՍՏՎԱԾ, այս ժողովրդի վրա մի մարդ նշանակի՛ր, որ կարողանա առաջնորդել նրան, որ հանի և տանի նրան այստեղից, որպեսզի ՏԻՐՈՋ այս ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն» (Թվեր 2։16-17)։

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ