«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ալեքսանդր Մանթաշյանց – 183

Ալեքսանդր Մանթաշյանց – 183
03.03.2025 | 11:47

Մարտի 3-ը Ա․Մանթաշյանցի՝ հայոց բարեգործության գագաթի ծննդյան օրն է, մարդ, որն իր ողջ գիտակցական կյանքում՝ 45 տարի շարունակ, քսակը լայնորեն բաց պահեց իր ժողովրդի համար։ Առանց որևէ մեկի օգնության, մեն-մենակ, Աստվածատուր ձիրքի շնորհիվ նա դարձավ բանկատեր, կալվածատեր, նավատեր, «նավթարքա»։ Պատմական տեսակետից նա առաջինն էր, ով աշխարհով մեկ հայտնի դարձրեց հայի անունը։ Ով հայոց ազգային կապիտալի կապիտալի պատմության մեջ գրավեց այն տեղը, ինչ Խորենացին՝ պատմագրությունում, Զորավար Անդրանիկն ու Հովհ․ Բաղրամյանը՝ ռազմարվեստում, Նժդեհն ու Հ․ Ասատրյանը՝ ազգէության պահպանման, Շիրակացին ու Վ․ Համբարձումյանը՝ գիտության, Կոմիտասը, Ա․ Խաչատրյանն ու Ազնավուրը՝ երաժշտության, Այվազովսկին ու Սարյանը՝ գեղանկարչության մեջ, Նարեկացին, Հովհ․ Թումանյանն ու Չարենցը՝ պոեզիայում, Սարոյանն ու Կ․ Զարյանը՝ արձակում, Փարաջանովը՝ կինոյում։

Նշելով այդ երջանկահիշատակ մարդու տարեդարձը, մեջբերեմ մի հատված 1910 թ․ Կ․ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հրապարակումից։

ՀԱՅ ՄԻԼԻՈՆԱՏԷՐԻՆ ԿԵԱՆՔԷՆ

Պ․ ԱՂԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇԵԱՆ

Պ․ Աղեքսանդր Մանթաշեան մէկն է բոլորովին զուտ և բնատոհմիկ հայկական այն դէմքերէն, որոնք իրենց նիւթական շլացուցիչ այս ճոխութեան մէջ դարձեալ հայ են սրտով, իրենց սիրտը փափուկ և խնամոտ գորովով մը լեցուած է հանդէպ այն հարստահարուած և նիւթապէս փճանալու անդունդը հասած ազգին, որուն անունը անգամ տալ իրենց ծագումին անպատուաբեր կը նկատեն եւրոպական և ամերիկեան՝ զգլխիչ միջավայրերու մէջ գտնուող շատ մը հայեր։

Իբր մտքի մարդ, ինք ծայր աստիճան սիրահար մըն է գեղարուեստի, մանաւանդ երաժշտութեան։ Կը սիրէ թատրոնը։ Կը վարձատրէ դերասանները։ Կովկասի մէջ հայ թատրոնին համար իր ըրած այնքան նիւթական և բարոյական գնահատումները շատ արդիւնաւոր եղած են մեր ռուսահայ տոհմային թատրոնին բարգաւաճման։ Կը սիրէ արհեստը և կ՛ուզէ որ հայ երիտասարդներ սիրեն արհեստները, ինչ որ ըլլայ, զայն միակ օգտակար և գործնական ուղղակի միջոց կը դաւանի հայ ազգին տնտեսական և բարոյական բարգաւաճման։ Իր չորս հարիւրի չափ սաները, որոնք եւրոպական և ռուսական միջավայրներու մէջ կ՛ուսին, մեծամասնութիւնով ձեռական և գործնական արհեստներու կը հետևին։

Մեր Ազգին մասին իր դաւանանքն է պահպանել Լուսաւորչական Առաքելական Եկեղեցին (Մայր Եկեղեցին) իր ինքնուրոյնութեան պահպանման համար ամէն զոհողութիւն ընել և որքան կարելի է ցրուած, ուծացած մեր միւս եղբայրները անոր երդիքին տակ հաւաքել՝ միակ միջոցը հայ ժողովուրդին անկորնջման և ապագայ յառաջդիմութեան։ Անոնք որ եկեղեցիին նուիրականութեան դէմ ոտնձգութիւններ կ՛ընեն՝ անոնք թշնամիներ են հայութեան։

Այս նպատակէն մղուած էր որ Բարիզի ամենայարգի տեղերէն մէկուն մէջ՝ Շանզ Էլիզէի մօտիկը, կառուցանել տուաւ հայկական փառաւոր տաճար մը, որ մէկ միլիոն ֆրանքէն աւելի արժեց, թեպետև Բարիզի վատասերած հայերուն համար պզտիկ, խոնարհ մատուռ մը շատ իսկ էր։

Վերջապէս պ․ Մանթաշեան բարութիւնով ու ազնուութիւնով լեցուած արդի միակ պանծալի պաշտպանն է Հայ Առաքելական եկեղեցիին

Գալով իր ներքին կեանքին, ինք խիստ պարզասէր է։ Յաճախ կուգայ պատարագի իր կառուցած շքեղ եկեղեցիին մէջ, կը քաշուի ամենայետին մէկ անկիւնը համեստ և բարեպաշտ հաւատացեալի մը նման։ Երբեմն կը մօտենայ տիրացուներուն և խիստ անուշ խօսուածքով մը, առանց վիրաւորելու, երգեցողութեան մէջ անոնց սխալներուն դիտողութիւն կ՛ընէ։ Պնակի շրջագայութեան ատեն երբէք դրամ չի ձգեր պնակներուն մէջ, գուցէ իր ներկայութիւնը զգացնել չտալու համեստութիւնով, թէպէտև միշտ ահագին նուէրներ կ՛ընէ եկեղեցիին։ Երբեմն երիտասարդներ, դպրոցականներ իրեն կը մօտենան երբ ինք պտոյտի ելած է, և դրամ կը պահանջեն, իր սովորական բարեսրտութիւնով կը գոհացնէ ամէնքն ալ, զանոնք «որդի» կ՛անուանէ և անոնց հայրական գորովալից խրատներ կուտայ։

Կը մտածեմ թէ այս մարդը հայութեան համար բարիք մը ծնած է, և գուցէ իբր բարի օրինակ մեր քանի մը ջոջերուն, որոնք նիւթական քիչ մը յաջողութիւն ունեցած, կը մոռնան իրենց ազգը, իրենց ծագումը, կը խորտակեն իրենց խիղճը և անասնական կրքերով կոշտացած, յղփացած, իրենց անձը միայն կը խորհին։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 16986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ