Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը
Սկիզբը՝ այստեղ
Վերնագրում նշվածի առումով իրադարձությունները ծավալվում են սրընթաց կերպով, նույնիսկ քնի, հանգստի, սնվելու համար անհրաժեշտ ժամանակի զոհաբերումը հազիվ է բավարարում դրանց հետևելու համար:
Ինչպես արդեն հայտնի է, երեկ կայացել են ԱՄՆ- ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսային բանակցությունները: Ավելի քան 2 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփին հաջողվել է ինչ- որ կերպ (ճնշման կամ ՌԴ- ի համար շահեկան խոստումներ տալու, համոզելու միջոցով) Վլադիմիր Պուտինից խոստում կորզել, որ խաղաղության հասնելու ճանապարհին Ռուսաստանի ԶՈւ- ն նախ 30 օրով կդադարեցնի հարվածներն Ուկրաինայի բոլոր էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներին: ՌԴ նախագահը համաձայնել է ամերիկյան առաջնորդի առաջարկին, ըստ որի, Մոսկվան և Կիևը փոխադարձաբար հրաժարվում են հարվածներ հասցնել էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներին:
Միաժամանակ դժվար չէ հասկանալ, որ եթե ՌԴ նախագահը հրաժարվեր Թրամփի առաջարկից, ԱՄՆ- ին (և ոչ միայն…) հիմք կտար համարելու և հայտարարելու, որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը ու կողմ է մարդկային կյանքեր խլող մսաղացի պտույտները շարունակելուն:
Թրամփի հետ բանակցություններից անմիջապես հետո Պուտինը ՌԴ ԶՈւ- ին հրամայել է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները, ավելին՝ ՌԴ ԶՈւ- ն նույնիսկ խոցել է իր այն յոթ ԱԹՍ- ները, որոնք դեպի Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ ճանապարհին էին (տես՝ այստեղ ):
Թեև ՌԴ նավթավերամշակման ձեռնարկությունները, նավթաբազաները և գազային հատվածը նույնպես լուրջ վնասներ են կրում ուկրաինական ԱԹՍ- ների հարվածներից, սակայն մարտական գործողությունների ընթացքում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելուց հրաժարվելը ՌԴ- ին ձեռնտու չէ, զուտ ռազմական առումով չի բխում նրա շահերից, քանի որ Ուկրաինայի կրած վնասներն այս առումով ավելի մեծ են: Այնուհանդերձ, ԱՄՆ- ի հետ հարաբերություններում կա նաև խնդրի քաղաքական կողմը, միգուցե նաև՝ տնտեսական, և, հետևաբար, Պուտինը համաձայնել է:
Թրամփի առաջարկին ՌԴ նախագահի համաձայնելը, կարծում ենք, պետք է դիտարկել որպես մարտավարական նահանջ, որի ուղերձը հետևյալն է՝ մենք ձեր ուզածն արեցինք, հիմա տեսնենք, թե դուք ինչ կանեք, ինչ կանի Զելենսկին… Այս կարծիքի հաստատումն է Կուբանում ուկրաինական դրոնների հարձակման կապակցությամբ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այսօրվա մեկնաբանությունը :
Իսկ թե ինչ էր անելու Զելենսկին, լիովին կանխատեսելի էր: Խաղաղություն հաստատելու համար Թրամփի նախաձեռնությունը տապալելու նպատակով, կասկածից դուրս է, որ հենց Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Զելենսկու հրամանով Կիևն անցած գիշեր ԱԹՍ- ներով հարվածել է Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքում գտնվող նավթաբազային: Ոչ բոլոր ԱԹՍ- ներն է հաջողվել խոցել, պայթյունները հաջորդել են միմյանց, բռնկվել է հրդեհ: Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի «Կրոպոտկինսկայա» կայանը դուրս է բերվել շահագործումից:
ԱԹՍ- ներով հարված է հասցվել նաև Կրասնոդարի մոտ գտնվող Կովկասյան շրջանի Կովկասյան գյուղաքաղաքի նավթաբազային, բռնկվել է հրդեհ, նավթաբազայի աշխատանքը դադարեցվել է : Վերը շարադրվածով, սակայն, չի ավարտվում Թրամփի նախաձեռնությունը և բանակցությունները տապալելուն նպատակաուղղված Զելենսկու սադրանքների շարքը, դրանցից մեկն էլ Կուրսկի մարզ կատարած հարձակման արդյունքում պարտվելուց հետո ՌԴ Բելգորոդի մարզի վրա հարձակումն է (տես՝ այստեղ ):
Տողերիս հեղինակը կիսում է Սահմանային համագործակցության և ինտեգրման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Սապրիկի այն կարծիքը, որ «Ռուսաստանի տարածքի վրա նման հարձակումները կշարունակվեն և հետագայում, քանի որ Զելենսկուն անհրաժեշտ է ռազմական գործողությունների շարունակություն, առանց որի, նա գործ չի ունենա»:
Ըստ Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր, անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմետի, Զելենսկին գիտակցաբար սադրանք է սկսել Բելգորոդի մարզում՝ Թրամփի գործողություններն արժեզրկելու համար։
«Զելենսկին սադրանքի գնաց հենց Ռուսաստանի և ԱՄՆ- ի նախագահների հեռախոսազրույցի օրը մի պատճառով. նա որոշել է Ռուսաստանին հրահրել պատասխան գործողությունների, որպեսզի այդպիսով իսկ դավի Թրամփին և արժեզրկի նրա բոլոր խաղաղ նախաձեռնությունները»,- ասել է Շերեմետը «РИА Новости»- ի հետ զրույցում ։
Կրասնոդարի նավթաբազաներին Ուկրաինայի ԶՈւ հասցրած հարվածներից հետո Պուտինը, ինչպես այսօր, Газета.Ру- ի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, չի չեղարկել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի ուղղությամբ հարվածները դադարեցնելու հրամանը: Այդպիսով, ըստ Պեսկովի, Ռուսաստանը ցույց տվեց, որ հետևում է Պուտինի և Թրամփի ձեռք բերած պայմանավորվածություններին:
Պեսկովի կարծիքով, ռուսական շրջանների վրա Ուկրաինայի ԶՈւ գիշերային հարձակումը կարելի է դիտարկել որպես խաղաղ կարգավորման փորձերի սաբոտաժ։
«Եվ դա չի կարող մտահոգության առարկա չլինել»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ավելի ուշ հայտարարել է, որ հրադադարի շուրջ պայմանավորվածության հարցում Կիևին վստահել չի կարելի։
«Այո, այդ իմաստով հավատալ չի կարելի,- ասել է Մեդվեդևը:- Ամենակարևորն այն է, որ ամերիկացիները կատարեն այն աշխատանքը, որը նրանք պետք է կատարեն: Տեսնենք, թե ինչ կանեն նրանք»:
Նա նշել է, որ ԱՄՆ- ի՝ որպես միջնորդի դերը կայանում է նրանում, որպեսզի Ուկրաինային պարզաբանվի Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների էությունը:
«Դրանում է ԱՄՆ- ի միջնորդական առաքելությունը, հենց դրա մասին է եղել խոսակցությունը, թող զբաղվեն դրանով»,- հավելել է Մեդվեդևը:
Պուտինը խորամիտ դիվանագետ է, գիտե ինչ է անում. հարվածները վերսկսելու հրաման չտալով, նա թողել է, որ Թրամփն իր զայրույթը պարպի բացառապես Կիևի վրա, և ոչ թե միաժամանակ նաև Մոսկվայի՝ երկուսին էլ մեղադրելով իր նախաձեռնությունը տապալելու մեջ: Սա նշանակում է նաև Թրամփին հնարավորություն տալ Զելենսկուց ավելին պահանջելու:
Բացի վերոնշյալից, Պուտինը գնդակը թողել է հենց Թրամփի դաշտում: Դրա իմաստը հետևյալն է՝ պայմանավորվիր Զելենսկու հետ, որ այլևս որևէ հարված չլինի ՌԴ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, իսկ եթե չպայմանավորվեցիր կամ չկարողացար, եթե այսուհետ էլ հարվածները շարունակվեցին, ուրեմն Զելենսկին ձեզ ու ձեր ղեկավարած պետությունը բացարձակապես չի հարգում, և խոսքդ էլ, ի տարբերություն իմի, զրոյի արժեք ունի, ուրեմն մոռացիր խաղաղության շուրջ որևէ բանակցություն ու պայմանավորվածություն, հետևաբար և Ռուսաստանն իրեն լիարժեք իրավունք կվերապահի Ուկրաինայի հարվածներին պատասխանել և այնպես պատասխանել, ինչպես կցանկանա:
Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե ՌԴ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին որևէ նոր հարված լինի Թրամփի և Զելենսկու այսօրվա հեռախոսային բանակցություններից հետո, ապա Ռուսաստանն այն այլևս անպատասխան չի թողնի…
Հարկ է ընդգծել, որ Պուտինից խոստումներ կորզելու առումով Թրամփի ակնկալությունն ավելի մեծ էր. շուրջ մեկ շաբաթ առաջ Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները պայմանավորվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 30- օրյա հանընդգրկուն զինադադարի շուրջ, այսինքն՝ ոչ միայն երկնքում ու ծովում, այլև ցամաքում, եթե, ըստ Կիևի, դրան իր համաձայնությունը տա նաև Մոսկվան: Սակայն երեկվա բանակցությունների ընթացքում Պուտինը Թրամփին չի տվել մարտական գործողությունները երկնքում ու ցամաքում 30 օրով դադարեցնելու որևէ խոստում, Թրամփն այդպիսի որևէ համաձայնություն ձեռք չի բերել, իսկ Սև ծովում ռազմանավերին և քաղաքացիական նավերին հարվածելու մորատորիումը, ըստ ամերիկյան կողմի, այժմ դեռ մշակման փուլում է:
ՌԴ ԶՈւ- ն կշարունակի մարտական գործողությունները հատուկ ռազմական գործողության շրջանակներում մինչև Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական հանձնումը. այս մասին, Ura.ru- ի տեղեկացմամբ , հայտնել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը։
«Մինչև հակառակորդն ամբողջությամբ չհանձնվի, զենքը վայր չդնի և ձեռք չբարձրացնի, մեզ համար մարտական գործողությունները շարունակվում են»,- հայտարարել է Ապտի Ալաուդինովը:
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ հատուկ գործողության նպատակն է ուկրաինական զորքերի դուրսբերումը ԴԺՀ- ից, ԼԺՀ- ից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, ինչպես նաև Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ- ի անդամակցությունից և նրա կողմից ոչ միջուկային կարգավիճակի ընդունումը:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան