Ես, երևի թե ՀՀ ՊՆ-ում ավելի քան 25 տարի ծառայած այն բացառիկ, ավելի ճիշտ` եզակի զինծառայողներից եմ, որ երբևէ չի օգտվել «կթու կովի» ծառայություններից։ Մտքովս անգամ երբևէ չի էլ անցել. անգամ ամենաանհրաժեշտ պահերին։
Ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր իրենց բոլշևիկ ու դաշնակցական, ՀՀՇ ու չգիտեմինչ զառամյալ ապուտատուպապերի անվամբ էլ են ՊՆ-ի կթու կովի գրպանները մտել։
Թերևս միակ բանը, որ ՊՆ-ից օգտվել եմ, արտերկիր մշտապես շրջագայությունների մեկնելիս` պաշտպանության նախարարի գրավոր թույլտվությունն է եղել։ Որ, ինչպես «Վիզա կոնկորդ» տուրիստական գործակալության աշխատակցուհի Նառան էր ասում. «Կանաչ լույս է» աշխարհի ճամփեքին։
Հիշում եմ` երբ 2010-ից արգելվել էր Թուրքիա մեկնել, անգամ այդ ժամանակ Արևմտյան Հայաստան ուխտագնացությունս չմերժվեց։
Ինչու՞ հենց հիմա հիշեցի։
Ասեմ՝ է՛լ դրամական օգնություն, է՛լ «պետպատվերի շրջանակներ»-ում անվճար վիրահատություններ, է՛լ թանկուկրակ իմպլանտների հատկացում (կորեական մեկ իմպլանտի արժեքը 120 000 դրամ է), է՛լ ծննդյան, հարսանիքի ու հուղարկավորության ծախսերի փոխհատուցում, է՛լ բուհերում ուսանող իրենց երեխաների ուսման վարձի ու բնակարան ունեցող, բայց իրենց անվամբ չձևակերպված «վարձու բնակարանի» բնակվարձի փոխհատուցում, է՛լ, է՛լ, է՛լ...
Այստեղ տեղին է հիշել մի արտառոց դեպք։
«Ընտանեկան կապալի» տիպիկ ներկայացուցիչ Ալեքսանյան (կարծեմ թե` ծանր տարիներին Արցախից ճողոպրած) ազգանունով ամուսինները (առանձին-առանձին) դիմել էին դստեր հարսանիքի օգնություն հատկացնելու։ Լավ էր` նախարարը ազգանունով ճանաչել էր, մակագրել` «Ամոթ է»։
Ինչ խոսք, լավ բան է պետության օգնությունն ու աջակցությունը։ Բայց եթե այն բոլորին է հասու։ Ավելի ճիշտ` երբ հասու է խիստ կարիքավորներին։
Երեկ պատահաբար հանդիպեցի զոհվածի մոր` խեղճացած, կուչ եկած, ծերացած, ատամները թափված։
Հարցնում եմ. «Ինչու՞ չեք դիմում ՊՆ-ին»։
Դառնացած նայեց. «Այդ ծառայությունները մեզպեսներին հասու չեն, դրանք արտոնյալների բաժինն են, «ընտրյալներինը»։
Անկեղծ ասած` չպատասխանեցի։ Ի՞նչ ասեի։ Ճիշտ էր ասում, տեղին։
Ես տասնյակ տարիներ «դափոն»-ներով՝ գրությունների տեսքով, ականատես եմ եղել այդ «օգնություն-
հատկացումներին»։
Էլ չասեմ` հազարավոր դոլարներով օգնությունները նույն «արտոնյալներին»։
ՈՒղղակի վիրավորական է։
Եվ այնպիսի տպավորություն է, որ «ՊՆ-ն կթու կով է» որոշ արտոնյալների համար։
Տեղին է միջնադարի հայ բանաստեղծ Ֆրիկի «Գանգատ»-ը հիշելը։
Մեկն ի պապանց պարոնորդի,
Մեկն ի հարանց մուրող լինի.
Մեկին հազար ձի և ջորի,
Մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի:
Մեկին հազար դեկան ոսկի,
Մեկին ոչ փող մի պղինձ.
Մեկին հազար հատ մարգարիտ,
Մեկին ոչ ուլիկ մի ապակի:
Մեկին հազար գառնով մաքի,
Մեկին ոչ մէկ չորքոտանի.
Մեկին բեհեզ և ծիրանի,
Մեկին բրդե շալ մի չանկնի:
Մեկին ատլաս և ղրմզի,
Մեկին շապիկ մի չի հասնի.
Մեկին հարամն յաջողի,
Մեկին հալալն կորուսի:
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ.
Ինչու՞ հենց այս պահին հիշեցի այս ամենը. կայծակնահար զինվորի մահվան առիթով հիշեցի։
Տհասնե՛ր, բանակը կթու կով դարձրած տկարամիտնե՛ր, տեր դարձեք կարկուտին ու անձրևին հայրենիքի սահմանին կանգնած զինվորին։