Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Ճարպի «ռեքվիեմ-ճռճռթոցը»

Ճարպի «ռեքվիեմ-ճռճռթոցը»
26.04.2026 | 15:17

(ծուխ, մուխ և ազգային ինքնության հրապարակային դիակիզում)

Ապրիլի 25-ին՝ «Քաղաքացու օր» պսևդո-տոնի «պատվին» կազմակերպված «խորոված-փարթիի» ընթացքում, Երևանի հենց կենտրոնում, «Համաշխարհային քաղաքական մտքի դեգրադացիա» անվանակարգում գրանցվեց այնպիսի ձեռքբերում, որը Գինեսի գիրք կմտնի «Ստամոքսային գեոպոլիտիկա» անվանումով։

Ընդ որում, ռեկորդը գրանցվեց ոչ թե հեղափոխության հովերով «անասնաֆերմայից» փախած ու ակամա «փարթիի» զոհը դարձած խոզերի քանակով, այլ մեկ քառակուսի մետրի վրա մեկտեղված ցինիզմի ու ճենճահոտ ծխի խեղդող խտությամբ։

Այստեղ ազգային արժանապատվությունը չափվում էր մանղալի երկարությամբ, իսկ քաղաքացիական ինքնությունը՝ խոզի ճարպի հալման ջերմաստիճանով։

Աննախադեպ էր ու հայոց պատմության մեջ առաջին դեպքը, երբ պետական մակարդակով իրականացվող մնեմոցիդը՝ հիշողության սպանդը, համեմվեց ադրբեջանահաճո մեկնաբանություններով և մանղալների վրա սեփական արժանապատվությունը խորովողների քսու ժպիտներով։

Սովորական կերուխում չէր սա, այլ ազգային ինքնության հրապարակային դիակիզում՝ համեմված խորովածի ճարպի և բարոյական անկման «դժգույն ու դժբախտ» երանգներով։

Սահմանված նոր «ռեկորդի» հիմնադիր-մանղալչին գործնականում աշխարհին ապացուցեց, որ «ինքնիշխանության» սահմանները ոչ թե քարտեզի վրա են կամ պետականության խրամատներում ու ռազմավարական բարձունքներում, այլ մանղալի եզրագծին՝ չալաղաջի ճարպոտ շերտերի արանքում։

ՈՒ սա ՔՊ-ի գծած այն «իրական սահմանն» էր, որտեղ ճարպի հալոցքի տակ վերջնականապես մոխրացավ քաղաքացիական սթափությունը՝ տեղը զիջելով ստամոքսային տոտալիտարիզմին։

«Հանճարեղ» էր «վարչաբենդի» «ռազմավարական» հայտնագործությունը․ եթե թշնամին հայրենիքիդ օկուպացրած հատվածում ջնջում է ազգիդ մշակութային հետքը, դու պարզապես թեժացնում ես մանղալի կրակը։

Ինչու՞։

Հաշվարկը պարզ է. խոզահոտ ծուխը պետք է այնքան թանձր լինի, որ հուսալիորեն ծածկի «հպարտ քաղաքացու» տեսադաշտն ու քողարկի թե՛ օկուպացված տարածքում Ալիևի՝ ընդամենը երեկ իրագործած հոգևոր-մշակութային ցեղասպանությունը, թե՛ ճարպի «ռեքվիեմ- ճռճռթոցի» ուղեկցությամբ կամաց-կամաց մարող արժանապատվության վերջին ճիչը։

Ֆանտասմագորիկ այս «կտավում» առավել «էլեկտրիկ» երանգավորում ունեին թոշակառուների հենց աքիլեսյան գարշապարին հարվածած տնտեսական «աճպարարության» թունոտ նետերը։

Ընդհանուր խճանկարը պետական մակարդակի «մաստեր-կլաս» էր։

Ընդամենն օրեր առաջ «անհարմար» թոշակառուներին, որոնք, ի դժբախտություն վարչակույտի, «սկսել են երկար ապրել», կերակրում ես «2 եվրոյանոց» ավիատոմսերի և բարեկեցիկ ծերության հեքիաթներով, իսկ հետո հրավիրում ես «խորոված-փարթիի» և մատուցում 1000 դրամանոց կարտոֆիլ կամ 6000 դրամանոց չալաղաջի մի կտոր՝ հենց այն նույն հրապարակում, որտեղից ժամանակին բոլոր «հպարտներին» խոստանում էիր «տոտալ երջանկություն»։

ՈՒ երբ Լառնակա թռչելն ավելի էժան է, քան սեփական մայրաքաղաքում մեկ կարտոֆիլ ուտելը, որի կիլոգրամը փարթիի գներով ստացվում էր 10 000 դրամ, նշանակում է՝ պետական քաղաքականությունը «տոնական» այս օրով քաղաքացուն կանգնեցնում է դաժան դիլեմայի առաջ․ կա՛մ թռչել երկրից՝ առանց հացի, կա՛մ մնալ ու հոտոտել խորովածը՝ առանց ուտելու իրավունքի։

Այսպիսով, «ռեկորդը» կայացավ։

Պատմության մեջ առաջին անգամ հայը հրապարակում խորոված արեց ոչ թե հաղթանակը տոնելու, այլ սեփական արժանապատվության հոգեհանգստի չուտվող գներով հացը՝ ծուխ ու մխի տեսքով, ճաշակելու համար։ «Վարչաբենդին» հաջողվեց անհնարինը. մատուցվեց աշխարհի ամենաթանկ «փարթին»։

Մուտքն անվճար էր, բայց հաշիվը փակելու են սերունդները՝ վճարելով կորսված արժանապատվությամբ ու հիշողությամբ և ճարպի մեջ խեղդված «ինքնիշխանությամբ»։

Բարի ախորժակ, պարոնայք «զորահանդեսի հրամանատարներ», տեսարանը ստացվեց, սակայն հետհա՜մը...

Հետհամը դեռ երկա՜ր է խեղդելու բոլորիս։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ