ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոնները ապաստան հայցողների համար՝ տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։                
 

Հայն առանց լավաշի նույնն ա, ինչ ջութակն առանց լարերի

Հայն առանց լավաշի նույնն ա, ինչ ջութակն առանց լարերի
30.04.2026 | 18:11

Բոլոր երկրներում, որտեղ եղել եմ, միշտ մի տեղից լավաշ եմ ճարել։ Որտեղ թեկուզ մի քանի հայ կա, հաստատ մեկը լավաշի արտադրություն ա դրել, որովհետև հայն առանց լավաշի նույնն ա, ինչ ջութակն առանց լարերի։ Ինձ թվում ա՝ եթե հանկարծ ոտս լուսին ընկնի, էլի yellow card ստացած մի բուռ խոպանչի հայ կգտնեմ, որ լուսնի խառնարաններից մեկը սեփականացրել են, փուռ են դարձրել, լավաշ են թխում ու առաքում գալակտիկայի տարբեր անկյուններ։ Ու երևի այլմոլորակայիններին էլ համոզել են, դրանց դուրս գրված թռչող ափսեներից մեկը վերցրել են ու մեջը խմորն են սարքում։

Բայց լավաշը Հայաստանում ու Հայաստանից դուրս լրիվ տարբեր ֆունկցիաներ ա կատարում։ Ուրիշ երկրներում լավաշը հայի համար ավելի շուտ սիմվոլիկ նշանակություն ունի՝ ինչպես, ասենք, Մասիսի նկարը կամ գրպանում մնացած հազար դրամանոցը։ Եթե կա, արդեն մեծ բան ա, էլ չես նայում՝ լա՞վն ա, վա՞տն ա, քո ուզա՞ծն ա, քո ուզա՞ծը չի։ Համարյա ընտրություն չունես։ Իսկ Հայաստանում՝ ուրիշ։ Եթե մեկն ուզում ա իմանա, թե լավաշն ինչ ա, պիտի անպայման Հայաստան գա, որ հասկանա։ Հայաստանում լավաշը հաց ա՝ հաց հանապազօրյա, ու ամեն քայլափոխի կա։

Ես մեր ավտոբուսի կանգառից մինչև տուն եմ հասնում, էդ մի քանի քայլի վրա առնվազն ութ տեղից կարելի ա լավաշ առնել՝ թոնրատնից, հացի խանութից, մթերային խանութից, փռից, կրպակից, սուպերմարկետից... Ու բոլորը՝ տարբեր՝ մեծ ու փոքր, հաստ ու բարակ, մուգ ու բաց, փափուկ ու կոշտ, փխրուն ու ռեզին, ծաղկած ու հարթ, հատով ու քաշով։ Էլ չասած, որ սուպերմարկետի հացի բաժնում մի տաս տեսակի լավաշ են ծախում՝ կտրտած ու սիրուն՝ ցելոֆանի մեջ դրած։ Մենք Հայաստանում լավաշը նենց ենք ընտրում, ինչպես միջին վիճակագրական կինը կոշիկ ա ընտրում... Վա՜յ, չէ՛, կներե՛ք, էս ի՜նչ եմ ասում։ Միջին վիճակագրական կին չկա, յուրաքանչյուր կին մի առանձին գեղագիտական երևույթ ա։ Լա՜վ, մենք լավաշը նենց ենք ընտրում, ինչպես նկարիչը գույն ա ընտրում ներկապնակից։ Տաս-քսան տարբեր տեսակի լավաշներից մեր սիրած մի տեսակի լավաշն ենք ընտրում։ Հիմա նույնիսկ սև լավաշ կա, որը հայ ազգի ռասսայաբուլկեղենային հանդուրժողականության վառ ապացույցն ա։

Որովհետև լավաշը մեր համար կյանք ա, ապրելակերպ ա։

Սովետի տարիներին հացի խանութում լավաշ չէին ծախում, կամ էլ ե՛ս լավ չեմ հիշում։ Լավաշը շուկայից էինք առնում կամ հացի փռից։ Ես Կուտուզով-Խաչատրյան անկյունի փռից էի առնում։ Մեծ փուռ էր, ու միշտ հերթ էր լինում. կարող ա մի ժամ սպասեիր։ Բայց ժամանակն արագ էր անցնում, որովհետև հետաքրքիր էր՝ աչքիդ առաջ էին թխում։ Սպիտակ խալաթներով մարդիկ թղթի նման բարակ խմորը խփում էին մեծ, հորիզոնական էլեկտրական սալիկին, խմորն ուռում էր, տեղ-տեղ փուչիկ էր տալիս, սևանում, ու մի քիչ հետո պոկում էին պատրաստի լավաշը։ Վերցնում էիր քո հինգ-տաս հատ լավաշը ու հաղթական քայլերով տուն գնում։ Ամբողջ ճանապարհին լավաշի անուշ հոտը քթիդ էր խփում, ու գլուխդ պտտվում էր։ Պատահում էր՝ չէի դիմանում, չոր, ծաղկած լավաշի անկյունից մի կտոր պոկում էի ու խրթխրթացնելով ծամում։ Իսկ կողքովս անցնողների հայացքներից հասկանում էի, որ լավաշի անուշաբույրն իրանց քթերն էլ ա խուտուտ տալիս ու խռովում ախորժակները։ Եթե էդ պահին ինձ աշխարհի ամենահամով խորտիկն առաջարկեին, չէի փոխի իմ լավաշի հետ։

Չէ՛, ինչ ուզում եք՝ ասեք, էն ազգը, որը լավաշ ունի, լավ գիտի կյանքի համն ու հոտը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ