Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը լուրջ դիլեմայի առաջ են հայտնվել: Վերցնե՞լ մանդատները, թե՞ չվերցնել:
Վերցնելը բարոյապես սխալ է, չվերցնելը՝ քաղաքականապես ոչ ճիշտ: Ընդդիմադիրներին վստահության քվե տված հավաքական ընտրողը բարոյական քայլի է սպասում, բոլոր ընտրություններում մշտապես առկա ներքին և արտաքին շահառուները թելադրում են քաղաքական հանգուցալուծում:
Իրոք դիլեմա է, բառարանային բացատրությամբ՝ երկսայրաբանություն, այսինքն, մի վիճակ, երբ երկու հնարավոր հակադրություններից յուրաքանչյուրի ընտրությունը հավասարապես դժվարին է ու ծանր:
Ո՞րն ընտրել:
Որպես հավաքական ընտրողի լիիրավ ներկայացուցիչ՝ հորդորում և պահանջում եմ այս քարկապ-գորդյան հանգույցը բարոյական շեշտակի հարվածով կտրել՝ չվերցնել մանդատները: Մի անգամ ապացուցեք ինքներդ ձեզ, ընտրողին, ներքին և արտաքին բոլոր շահառուներին, որ քաղաքականությունը կարող է նաև բարոյական լինել: Չէ՞ որ ասում էիք՝ Հայաստան պետության լինել-չլինելու հարցն է վճռվում այս ընտրություններով: Վճռեք, ուրեմն, գրողը տանի, կոտրեք կարծրատիպը, թե քաղաքականությունը անբարոյականության արվեստն է: «Լինե՞լ, թե՞ չլինել»-ու դիլեմային բախված շեքսպիրյան հերոսի նման մի անգամ հարց տվեք ինքներդ ձեզ.
«Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,
տանել գոռ բախտի պարսաքարերն ու սլաքնե՞րը,
թե՞ զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ
և դիմադրելով վերջ տալ բոլորին»:
Այդ ԶԵՆՔԸ հենց հիմա ձեր ձեռքին է՝ հարյուր հազարավոր հայ մարդկանց ՔՎԵՆ: Մեր «ցավ ու վիշտն» էլ քնած հանրության ականջի մեջ «խաղաղության թույն» կաթեցնող, դավադրաբար գահին տիրացած իշխանությունն է: Մտաք խորհրդարան թե չէ՝ բոլոր դավադրությունների «պարսաքարերն ու սլաքներն» ուղղելու է ձեր դեմ, և պոկել չի լինելու այլևս գահից:
Լուծեք դիլեման:
Մի՜ փոքր, գոնե, մակեդոնացի եղեք:
Լիլի Մարտոյան