Երկու հրաժարականների հետքերով
20.10.2026 | 10:33
Նիկոլ Փաշինյանի ջանքերով և ֆինանսական լրացուցիչ հոսքերի միջոցներով լռեցված գիտական աշխարհում վերջին օրերին հրաժարականների շարք է սկսվել:
Սկզբում հրաժարական տվեց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ այսօր էլ նրա տեղակալը՝ Արթուր Մովսիսյանը: Ես չեմ ցանկանում մեկնաբանել իրենց որոշումներն ու դրանց դրդապատճառները, սակայն չեմ կարող չանդրադառնալ մի արատավոր երևույթի, որը մշտնջենական տեղ է գտել վերջին տասնամյակների համարյա բոլոր հրաժարականներում. դա արդեն նախկին շեֆերին առատորեն շնորհակալություն ու երախտագիտություն հայտնելն է՝ ճոխ ու քաղցր արտահայտչամիջոցներով: Ու չես հասկանում՝ դա իրո՞ք այդպես է, թե՞ նոր, ավելի «ճոխ» նշանակումների ակնկալիքով է արվում:
Ի՞նչ է գրում Սարգիս Հայոցյանն իր հրաժարականի տեքստում:
Ուշադի՛ր կարդացեք.
«…Պաշտոնում աշխատելուս տարիներին ես պատիվ եմ ունեցել մասնակցել և դերակատարում ունենալ բարեփոխման քաղաքականությունների մշակմանը և բարեփոխման խիստ հավակնոտ օրակարգի իրականացմանը, ինչի համար շնորհակալ եմ ինձ տրված վստահության և իմ հավատացած նպատակին ծառայելու հնարավորության համար՝ ինչպես, նախ և առաջ, իմ ղեկավար նախարար Ժաննա Անդրեասյանին, այնպես էլ իմ քաղաքական ղեկավար (!) վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Սարգիս Հայոցյանը նույնիսկ իր հրաժարականի տեքստում շարունակում է ձոներ հղել «Ակադեմիական քաղաք» կոչվող մեգակոռուպցիոն նախագծին՝ այն համարելով ՀՀ-ում գիտության թռիչքաձև զարգացման կարևոր խթանիչ:
Ըստ այդմ՝
• Սարգիս Հայոցյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ, որևէ ջանք չգործադրեց պարզելու, թե ի՞նչ կոռուպցիոն ու քրեորեն պատժելի արարքներ են կատարվել թանգարանի անվան տակ, և այդ կերպ անուղղակիորեն ներքաշվեց փողերի լվացման, խոշոր չափի գումարների անհայտացման ու ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերը կոծկելու գործողություններում՝ դառնալով անուղղակի հանցակից:
• Սարգիս Հայոցյանի օրոք շարունակվեց այնպիսի «գիտական» հրատարակությունների ֆինանսավորումը, որոնք որևէ քննություն չեն բռնում գիտականության ու որակի չափանիշներով, պարունակում են կոռուպցիոն ռիսկեր և որպես գրահրատարակչական միավոր՝ ուղղակի խոտան են:
• Վերջին տարիներին Գիտության կոմիտեն լռությամբ «համակերպվեց» հանրակրթական դպրոցների պատմության առարկայի խայտառակ բովանդակությամբ դասագրքերի տպագրության փաստի հետ՝ այն դեպքում, երբ պատմաբանների մեծ մասը հիմնավոր քննադատության էր ենթարկում դրանք՝ պահանջելով հանել շրջանառությունից:
Իսկ այս «գոհարները» Ս. Հայոցյանի տեղակալ Արթուր Մովսիսյանինն են.
«Շնորհակալ եմ նախարարներ Արայիկ Հարությունյանին, Վահրամ Դումանյանին և Ժաննա Անդրեասյանին ինձ վստահելու համար, ես շատ բան եմ սովորել ձեզանից․․․ Շնորհակալություն եմ հայտնում նաև կառավարությանը, որը հավատացել է գիտության ներուժին, հզոր գիտակրթական համակարգով ուժեղ Հայաստան ունենալու տեսլականին և վերջին տարիներին էական ներդրումներ է կատարել ոլորտում՝ ապահովելով շոշափելի արդյունքներ… Վերջում քննադատությունս ուղղում եմ կառավարությանը, սուտի ընդդիմադիրները թող չառիթավորվեն (ինչպիսի՜ սկզբունքայնություն – Հ. Դ.), ես քննադատում եմ իմ կառավարությանը, որին ընտրել եմ և առնվազն այդ իմաստով իրավունք ունեմ…»
Ես ընդամենը կարող եմ ենթադրել, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի տված բնութագրումն առ այն, որ ինքն արհամարհած ունի ձեզ ու ձեր՝ գիտության ոլորտին լրացուցիչ ֆինանսավորում տալու խնդրագրերը, պատճառ հանդիսացավ այս հրաժարականները ներկայացնելու համար: Ձեզ այդ կերպ հանրայնորեն ստորացնելու համար մի հատ էլ «շնորհակալություն հայր Ստալինին՝ երջանիկ պաշտոնավարման համար» ոճով տեքստ եք շարադրում:
Բա որ լրացուցիչ գումարներ եք խնդրում ձեզ խաբած Նիկոլի կառավարությունից՝ գիտություն զարգացնելու ու ձեր «երազանքներն իրագործելու» համար, բա ինչո՞ւ մի կես բերան այդ «սուտի ընդդիմադիրների» նման չեք ասում՝ ֆեստիվառների, համերգների, շինծու տոնակատարությունների, հրավառությունների ու հանդեսների գումարներն ուղղե՛ք գիտության ոլորտ, ու կստանանք մեր երազանքի արդյունքները: Այդքան սկզբունքայնություն չկա, չէ՞:
Հրաժարականների տեքստերում այսպիսի մտքեր շարադրող անձինք առաջին հերթին չունեն ինքնություն, չունեն սկզբունքայնություն ու գիտնականին բնութագրող ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ:
Ակադեմիական աշխարհում ներքին ազատությունը գիտնական կոչվելու առաջին ցուցիչն է: Վերջին հաշվով, նման մտքեր հանրայնացնելու որոշումը ևս մեկ ապացույց է այն ճղճիմության, որի հետևանքները մաքրելու համար մի քանի սերունդ ստիպված կլինի տառապել:
Թե բա՝ «Ես խաբել չեմ կարող․․․»: Դուք ի սկզբանե սկսել եք ծառայել մեծագույն խաբկանքին ու ստորությանը, էլ ու՞մ պիտի խաբեք սրանից հետո…
Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Մեկնաբանություններ