 
													 Ամերիկյան հայտնի Huffington Post կայքը, ըստ Tert.am կայքի, տարածել է տեղեկություն, համաձայն որի, ԱՄՆ-ի իշխանությունները Միջին Արևելքի, Աֆրիկայի, Կովկասի առնվազն 7 երկրում գործող ամերիկյան դեսպանատներին նախազգուշացրել են պատրաստ ու զգոն լինել հնարավոր հարձակումներից խուսափելու համար: 
 
  Ամերիկյան կայքում թվարկված  ահաբեկիչ երկրներն են` Բուրունդի, Քուվեյթ, Սուդան, Թունիս,  Զամբիա, Եգիպտոս: Եվ, ի զարմանս մեզ,  7-րդ տեղում` մուսուլմանական  երկրների շարքում,  ահաբեկչական գործողությունների տեսանկյունից իբրև վտանգավոր երկիր հիշատակվում է նաև քիրստոնյա Հայաստանի անունը: 
 
Ամերիկյան իշխանությունների զգոնության կոչը` ուղղված մուսուլմանական վերոհիշյալ երկրներին, իհարկե, հասկանալի է, քանի որ օրեր առաջ Լիբիայի Բենգազի քաղաքում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի դեսպանի և դեսպանատան 3 աշխատակիցների սպանությունը: Նախօրեին էլ  հարձակման էր ենթարկվել Եգիպտոսի դեսպանատունը: Մոտ 3000 սալաֆիականներ դեսպանատան շենքի վրայից հանել են ամերիկյան դրոշը` փոխարենը տեղադրել սև դրոշ. «Չկա այլ աստված Ալլահից բացի» գրությամբ:
Սակայն անհասկանալին Հայաստան պետության անվան հիշատակումն է: 
Պարզաբանման նպատակով դիմեցինք ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ` արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարությունը տեղյակ է, որ Հայաստանը  հայտնվել է ահաբեկիչ  7 երկրների ցանկում, որոնցում, ըստ ԱՄՆ-ի, կարող են իր դեսպանատները ենթարկվել հարձակման: 
ԱԳՆ խոսնակի պատասխանն այսպիսին էր. «Հայաստանը լիովին կատարում է Վիեննայի կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները` օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության վերաբերյալ»:
Անշուշտ, կասկածից վեր է, որ «Հայաստանը լիովին կատարում է Վիեննայի կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները` օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության վերաբերյալ»:
Սակայն, անհանգստացնողն այն է, որ քրիստոնյա Հայաստանը, ԱՄՆ-ի ներկայացմամբ, հայտնվել է մուսուլմանական երկրների ցանկում և  դիտվել վտանգավոր ահաբեկիչ երկրների շարքում: Հետևաբար, բացի վերոնշյալ փաստն արձանագրելուց, թե «Հայաստանը լիովին կատարում է Վիեննայի կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները», ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնելու    ՀՀ ԱԳՆ-ն`  բողոքի ձայն բարձրացնելու և Հայաստանի անունն այդ ցանկից հանելու ուղղությամբ: Մեր հարցին` ԱԳՆ խոսնակի պատասխանն առավել զարմացնող էր. «Ոնց որ դաս տալու տոնայնություն եմ նկատում, հավելյալ մեկնաբանություններ չունեմ»:
 
 
Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց  է լրագրողի հնչեցրած հարցը սկսել  «դաս տալ» համարվել: Եվ վերջապես, այն, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակն այս կարևորագույն փաստի առնչությամբ ասելիք, մեկնաբանություն չունի, խիստ մտահոգիչ է: ՈՒ եթե այս  կառույցը  լռում է մեր երկրին առնչվող կարևորագույն  իրավիճակներում, ապա հերթական անգամ փաստում է իր վախվորած, անգործունյա լինելը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ 
Հ.Գ.- Քիչ առաջ ստացանք ԱԳՆ խոսնակի արձագանքը: Փոխանակ անդրադառնալու լրագրողի հարցին և տեղեկացնելու, թե այս ուղղությամբ  ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնելու Հայաստանի արտաքին գերատեսչությունը, Տիգրան Բալայանն արդարացման տոնով գրում է. «Դիվանագիտության մեջ մեկնաբանության բացակայությունն արդեն իսկ մեկնաբանություն է»: Եթե ԱԳՆ խոսնակի ասածն ի գիտություն ընդունենք, կնշանակի, որ ՀՀ ԱԳՆ-ի չմեկնաբանությունները պետք է ընդունել որպես լիարժեք մեկնաբանություններ, հետևաբար, անգործությունն էլ` տքնաջան   աշխատանք: