Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

MADE IN TURKEY (մաս 32-րդ)

MADE IN TURKEY (մաս 32-րդ)
21.12.2024 | 17:09

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 31-ՐԴ

(կամ` «Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»)

«Ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա»

(Ծննդոց, 4, 12)

ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԻՑ ԵՎ ՄԱՐԴՈՒ` ԴՐԱԽՏԻՑ ՎՏԱՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

- ՈՒ՞ր է քո եղբայր Աբելը:

- Չգիտեմ: Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ:

- Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ:

(Ծննդոց, 4, 9-10)

ՄԵՐ ՕՐԵՐ. ԼՍԵ՛Ք ՁԱՅՆԸ

- Հայաստա՜ն, ու՞ր է Արցախը:

- Ճակատին Կայենի «նշանն» ունեցողին հարցրու:

- Ի՞նչ արեց նա, որ հազարավորների արյան կանչը երկրից բողոքում է ինձ:

- Կայե՛նը նորից սպանեց եղբորը: ՈՒրացավ Արցախը:

«ԵԿԱ, ՍՏԱՑԱ, ՏՎԵՑԻ»

Որքան էլ ֆանտաստիկայի ժանրից է, այնուամենայնիվ, մտովի տեղափոխվենք աբսուրդի թատրոն (կառավարական ամառանոց` Ձորափի 74, 3-րդ մասնաշենք), ուր հերթական մոնոներկայացումն է` բոլորի և ոչ մեկի համար, որ հետո փոխարկվում է տրագիկոմեդիայի:

Գործող անձինք

Հազարավոր ոստիկաններով պահպանվող` Կայենի նշանն ունեցող եզակի մի բրածո:

ՀՀ վարչապետի աթոռի բարձրությունից երկրի ներսում լա՛վ էլ աքլորանում է, հայհոյաբանում ու սպառնում:

Դրսում բոլորի, առանձնապես Ալիև-Էրդողան դուետի համար մաշված ու քայքայված «շինանյութ» է:

Հարճի հնազանդությամբ տալիս է, ինչ պահանջում են: Ծառայամտորեն անում է` ինչ թելադրում են:

Վախկոտ է:

Թուլությունը` կոնծել և ուտել:

Ինքնամոռաց ուտել:

ՈՒ էլի ուտել:

ՈՒտել ամեն ինչ ու ամենքին: Հատկապես ազգի ջահել, սիրուն հերոսներին:

ՈՒտել և արբենալ նրանց տաք արյան գույնից ու բույրից:

Սողոմոնի ձայնը:

Այն Թեհլերյանի, որի մատը, Վազգեն Վեհափառի բնութագրմամբ, ժողովուրդն ավելի շատ է համբուրել, քան իր աջը:

«Եվ դա է ճշմարիտը,- հավաստել է Վեհափառը:- Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:

Վազգեն I-ի նշած հերոսներին, Հայաստանի անցյալն ու ողջ պատմությունն առոչինչ համարող մի տիկին:

Սա հարկատուների, որոնց կենացը սիրում է խմել իր անկողնակիցը, հաշվին արքայադստեր կերպար ու անցյալ է քանդակում:

Ձեռքի հետ էլ փորձում է իրազեկել գիտական, մշակութային ու տնտեսական էլիտաներին` «ագրեսիվ պայքար» է սկսում տգիտության դեմ:

Կես դար ապրելուց հետո, մի անգամ տոլմա փաթաթելիս, հույն մաթեմատիկոս և մեխանիկ Արքիմեդի նմանությամբ, սա հանկարծ բացականչել է.

- է՜վրիկա` «կրթվելը նորաձև է»:

ՈՒրե՞մն...

... առանց երկմտելու բացե՛ք ձեր դռներն ու դրամապանակները` «Анка рэкетчица»-ն է գալիս:

Երկրի ինտելեկտուալ հատվածին «կրթել» փորձող ձևաբանաֆիզիոլոգիական այս միավորն իր «պալիտրայում», ցավոք, անտեսել է կարևոր մի նրբերանգ` մարտնչող միջակությունն իրավունք չունի խոսելու տգիտության դեմ պայքարից:

Նույնն է, թե Լուկրեցիա Բորջան ճամարտակեր կուսությունից,

Եկատերինա II-ը` բարոյականությունից,

Сонька Золотая Ручка-ն ազնվությունից,

Իսկ Էրատոն` հաղթանակից:

Տիկնայք և պարոնայք, ուշադիր` հնչել է օրվա պրեմիերայի սկիզբն ավետող զանգը:

Վարագույրը բարձրացված է:

Մարդասպանի նշանակիրը սրահներից մեկում կոշիկներով փռվել է բազմոցին:

Մերթ ընդ մերթ անհասկանալի մռլտոցներ է արձակում:

Հատակին ընկած են օղու շշեր, երկու ցմրուր դատարկ բաժակներ, սեղանիկին չորացած լավաշի փշուրներ, կիսակրծած ոսկորներ ու դեռևս չհոշոտված կտորներ:

Դժվարությամբ նստում է, ձախով վերցնում խոշոր ու ճարպոտ չալաղաջը, ակնդետ ուսումնասիրում լփռիկ չտեսի աչքածակությամբ ու աջ ցուցամատն օդում պտտեցնելով մենախոսում խորովածի հետ.

- Հայաստանի բանակը պետք է խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի` ինչպես այս պատառն իմ բերանում,- քրքջում է սրբապիղծ համեմատության վրա, ատամներով կառչում մսին, կծում-պոկում մի մեծ հատված ու ամբողջությամբ տեղավորում լայն բացված երախում:

- Իլհամից էնքան ես վախենում, որ բանակն է՞լ ես ուզում քո պատկերին նմանեցնել:

Անսպասելի ձայնից խեղդվելով հազում է, մատներով արագ-արագ խառնշտորում բերանի խոռոչը, դուրս քաշում կիսածամած խոշոր կտորն ու շպրտում ձայնի ուղղությամբ: Ճենճոտ ափերով լեղաճաք շփում է ալկոհոլից կարմրատակած դեմքն ու խելագարված բառաչում.

- Ի՞նչ պատկեր, ո՞ր պատկերով:

-Եվնուխի:

- Արա՛, էս ո՞վ ա:

- Սողոմոնը:

Բռունցքներով տրորում է արնակալած աչքերն ու հոգեշեղվածի հայացքով «քրքրում» դատարկ տարածությունը, ապա ճչում.

- Ի՞նչ Սողոմոն:

- Է՛ն, որի մատի սառը «շունչը» շատ մոտ ապագայում զգալու ես ծոծրակիդ` Վան Գոգի վրձնի ջերմության փոխարեն:

Այսահարը փորձում է թռչել բազմոցից:

- Հանգիստ նստիր տեղդ,- սպառնալից պահանջում է աներևույթ տղամարդը:- Իզուր ես Իլհամի կամակատար ծաղրածուն դարձել: Նրա ոտքերն ավարտվում են սրունքներով: Հաջորդ անգամ վզովն ընկնելիս ուշադիր զննիր` ոտնաթաթերը չկան:

Կավե ոտքերով կուռքդ, որին հատկապես քեզ նման նապաստակն առավել լկտիացրեց, երկար չի ձգելու:

- Սպանելու՞ են:

- Քո՛ մասին մտածիր:

- Ինձ ի՜նչ, նրա ոտքերն են կավից: Մեհրիբանը թող մտածի:

- Ասեմ` դու ի՛նչ. բաժակներն արդեն լցված են գինով… Դու ճակատիդ` իմ «մատից» 9 գրամ կստանաս:

- էս ու՞մ ձենն ա… մամա ջա՜ն, էս ո՞վ ա պախկվել ստեղ: Հարձակում ա: Եկել են իմ հետևից: Ի՞նչ ես ուզում, ո՞վ ես:

- Չճանաչեցի՞ր:

- Չէ՜,- արտաբերում է լացակումած:

- Պապիդ` Թալեաթին կհարցնես:

- Հանգուցյալին ո՞նց հարցնեմ:

- Հոգոցն հանգուցելոց լինելուց հետո:

- Ո՞վ ես դու: Քեզ ո՞վ է ուղարկել:

- Նրա հարատև ոգին, լսեցի՞ր` հա՜-րա՜-տև՜, որի անցյալն ես ուրանում, ներկան բզկտում և կպած ուզում ես կործանել ապագան:

Որի թագավորներից Պապի, հերոսներից էլ` Մոնթեի կերպարների մեջ ես անվերջ խցկվում:

Որի ազգին նվիրյալ վրիժառուների հիշատակն ես անվերջ նսեմացնում:

Որի մահվան զանգն ես ամեն վայրկյան փորձում հնչեցնել:

«Կադաստրի վկայական» չունեցող թշվառ կեսդ էլ, Խորենացու պատմությունը թևի տակ առած գզիրի նման շրջում է դռնեդուռ ու «երեք մանեթանոց» լացող- ողբասաց է խաղում:

Չե՛ք տեսնի:

Հայաստանն ու հայը հավերժ են:

Երկուսիդ վրա ողբ «կարդացող» էլ չի լինելու:

Արյունոտ թաթերդ հեռու՛ պահիր հայոց բանակից:

Հինգ միլիարդ դոլարի ընդհանուր արժեքով սպառազինությունն ու տեխնիկան մեր թշնամուն թողեցիր:

Զինված ուժերը կազմաքանդեցիր ոչնչացնելով ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն:

Լակեցիր 2000-ականների սերնդի արյունը:

Հիմա էլ բանակի մնացորդները «խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորելով» նոր աբելների մա՞հն ես փորձում գուժել:

- Ե՞ս եմ սպանել աբելներին,- ծղրտում է տղամարդուն ոչ հատուկ լացակումած ֆալցետով:

- Ոճրագործությունդ վկայեցիր քո իսկ հարցով:

- Կանխամտածված զրպարտություն ա:

- 10 253 թիվն է՞լ է ամբաստանություն:

- Չգիտեմ` ի՞նչ ա էդ:

- Դավաճանված աբելների ցուցակի իրական պատկերը:

- Սու՛տ ա, անամոթ սու՛տ,- բացականչում է արցունքախեղդ:- Բոլորը զբաղված են կեղծիքներով ու հավելագրումներով: Դեռևս անհայտ ա նրանց ճշգրիտ քանակը:

- Անհա՞յտ: Դու՛ էիր ասում. «Զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի՝ պլյուս-մինուս 50»:

- Ճիշտ էի ասում: Այսօրվա դրությամբ ընդամենը 3825 զոհված ա հայտնի:

- Բայց դու ի՞նչ արեցիր նրանց փրկելու համար:

- Արդեն խոստովանել եմ` տարածքները հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եվ, թերևս, նմանօրինակ դեպքերի համար ա ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում ա՝ դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ, ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին ա, քան դավաճանությունը, դա սխալ ա։

- Բավակա՛ն է զառանցես: Կարո՞ղ էիր կանխել պատերազմը:

- Հա՛, կարող էի: Արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի:

- Խոստովանում ես` գործել ես սխալ, որն ավելին է, քան դավաճանությունը:

Երկրի ղեկավար են կարգել մեկին, որը դավաճանությունից ավելի մեծ սխալ է գործել, որը կարող էր փրկել 3825 կյանքեր, բայց չի արել:

- Հա՛, 2018-ի ապրիլի դրությամբ, մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք ա գնանք զիջումների ճանապարհով։ Ճիշտը դա կլիներ, ճիշտը դա կլիներ։ Ես ինձ դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք ա գնայի գոնե ԱԺ փակ ռեժիմով ասեի, որ մենք պետք ա համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք ա լինի։ Ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական համատեղ կառավարմամբ պետք ա լինի։ Եվ մեր զիջումների սահմանը պետք ա լինի մեր 29,743 քառակուսի կիլոմետրը:

- Ա՛յ, տավարի ցավ, ի՞նչ ես զառանցում` 42 500 քառակուսի կիլոմետր տարածք են տվել քեզ: Բայց դու ի՞նչ արեցիր: Քանի՞ մարդու գլուխ կերար: ՈՒ՞ր է Արցախը: Ինչու՞ ուրացար:

- Հերի՜ք ա՜ա՜ա՜: Հա՜, իմանալով ամեն ինչ, չե՛մ կանգնեցրել պատերազմը: Չե՛մ արել: Չէի ուզում ասեին` դավաճան պապի դավաճան թոռը: Չէի ուզում ճակատիս դավաճանի խարանը կրել:

- ՈՒ ի՞նչ պետք է անեիր նման ճակատի հետ:

- Այն, ինչ արեցի: Ես ստորագրեցի 2020-ի նոյեմբերի 9/10-ի հայտնի փաստաթուղթը և փրկեցի 25-30 հազար կյանքեր:

- Սուտն ու ստորությունը կաթի հետ մտել են մեջդ, հոգուդ հետ էլ դուրս կգան: Դու ո՛չ մեկին էլ չես փրկել: Անմեղ հոգիներին գիտակցված տարել ես մահվան: Էս խորովածի կտորների նման խժռել ես երկրի ապագա սերմնացանների բաց երակներից հոսող արյունը: Կործանել ես մի ողջ սերունդ:

- Ես փրկիչ եմ, ոչ թե կործանիչ:

- Դու ստի վաճառական ես, ինչպես յուրաքանչյուր մարդասպան, այն էլ` սերիական: ՈՒ արյունոտ այդպիսի հետագծի առկայությամբ դեռ հարբում ես ու խորովածա-քյաբաբային զկռտոց-բխկոցներով ներծծված շնչովդ ապականում ամեն ինչ:

Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը մեր զավակների` քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար:

Մո՛տ է ժամը, պատրաստվի՛ր:

- Ինչի՜ի՜ի՜ն,- բղավեց որքան ուժ կար ներսում:

- Հատուցմանը: Ասված է.

«Ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա»:

Կենդանական վայնասունը թրատեց մթնոլորտը.

- Էս իմ չար տնակի դղյակ դառնալու մասին հեքիաթն ա՞ կրկնվում: Իմ ստեղծածը խժռում ա ի՞նձ,- անմարդկային ձայնով ոռնաց Կայենի «կնիքն» ունեցողը:

- Տնկոզ քեֆս մի՛ հարամի ահարկու գոռոցներովդ,- հռհռաց ներս մտած տիկին Առոչինչը:

- Ինչ-որ մեկն ինձ հարցնում էր. «Ինչու՞ ուրացար Արցախը»:

- Քանի՜ անգամ եմ ասել` օղին, վայելելով են խմում: Չէ՛, ո՞նց կլինի: Չտեսի նման պտի քաշես գլուխդ: Հետո էլ «белая горячка»-ի մեջ մենամարտես սատանեքի ու մեռելների հետ:

Որքան էլ տիկնոջ դիմակը ժպտում էր, նենգ աչքերից չարություն էր առկայծում:

- Էսօ՞ր ո՛վ էր «հյուրդ»:

- Թալեաթին ասֆալտին փռողը:

- «Գինի լից»-ն էլ չերգե՞ց,- հռհռաց տիկինը:

- Չէ՛, չերգեց, բայց ոնց որ ձեռքին գինով լի բաժակ էր:

- Չֆայմեցի՞ր ասել. «ՈՒրացողները նախկին երեքն էին: 2018-ին էլ ինձ զիջեցին իշխանությունը, որովհետև հողերը հանձնելու ժամանակն էր»:

- ՈՒղեղս եռում է: Խելագարվում եմ: Ոչինչ չեմ հասկանում: Ոչինչ չգիտեմ: Նմանվել եմ էն մարդուն, որ ասել էր 2500 տարի առաջ` ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ:

- Գլխիս նոր Արա Աբրահամյան մի՛ դարձի`«филос Сократ сказал»!..

Տիկինն ականջ ծակող քրքիջով շրմփաց բազմոցին:

- Զզվցրին` անհիմն մեղադրանքներով.

հանձնեց Արցախը,

փոշիացրեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը,

սպանեց 5000-ից ավելի աբելների:

Չեն ուզում Ղարաբաղի օրինակով ընկալել, թե որքան խաղաղասեր եմ ու բաց ձեռ:

- Գրեթե «veni, vidi, vici», մի փոքր խմբագրված`

«եկա, ստացա, տվեցի»,- նորից ականջներում հնչեց Սողոմոնի ձայնը:

- Հա՛, տվեցի,- գոռոցով վերցրեց բաժակն ու ամբողջ ուժով խփեց հատակին:- Տվեցի՛: Նման եմ մեծ Տվողին: Հետևում եմ նրա խրատին` տու՛ր առատորեն: Ժլատության զգացումը հան քո սրտից,- ղժղժալով վերցրեց հատակին ընկած շին ու շպրտեց ձայնի ուղղությամբ: Հետո դարձավ կնոջը,- Աստված ասում ա`

տուր քո սերը, մտածումները, ողջ ունեցվածքը:

Տու՛ր, տու՛ր, դու հետևորդն ես Աշխարհի Մեծագույն Տվողի: Տու՛ր քո ժամանակից, անձնական հնարավորություններից, վայելքից, հանգստից. քո անունից, փառքից, բժշկելու կարողությունից, զորությունից, համակրանքից. այս բոլորից և դեռ` ինչ-որ հնարավոր ա: Աստված ի՛նքն ա հրահանգել`

սովորիր այս կարևոր դասը և դու էլ կդառնաս մի մե՜ծ ուժ` կարո՛ղ օգնելու ուրիշներին և հզո՛ր գործեր կատարելու: Ես էլ տվել եմ այն, ինչ ունեցել եմ` Արցախ, գյուղեր ու տարածքներ Հայաստանից: ՈՒ էլի՛ եմ տալու:

Հա՛, տալու՛ եմ: Ես տվող եմ:

- Բա Իլհամ Հեյդարօղլի՜ն…,- թունդ գինովցած աչքերով երկիմաստ արտաբերեց տիկինը:

- Ալիևն ի՜նչ, Ալիևը չտես է, իսկական գյորմամիշ, անկուշտ:

Ինչ ուզում ա` տալիս եմ, էլի չի կշտանում:

Արցա՞խն ես ուզում`ա՛ռ, տա՛ր:

Հայաստանի սահմանը խախտեցի՞ր…

- Փո՛ղ տու…,- հռհռաց կինը:- Ոնց էիր ասու՞մ` փող տու` խախտի: Խախտի` փող տու: Էլի փող տու՛, էլի խախտի:

Փող տու՛, վերցրու ի՜նչ ուզում ես:

- Բայց ի՜նչ անկուշտ գյադա ես, այ Իլհամ:

Ես աչքս կուշտ, խաղաղասեր, մարդասեր տղա եմ: ՈՒզողին տալիս եմ:

- Միայն փող լինի,- կիսատ միտքը լրացրեց կինը:

- Նաև կիրթ մարդ եմ: Սերժի նման չեմ: Ո՜նց կարելի էր էնքա՜ն լկտիանալ, որ Լուկաշենկոյի առաջարկին.

«Տու՛ր Ալիևին Ղարաբաղի 7 շրջանները, նա քեզ 5 միլիարդ կվճարի առաջին փուլի համար»,

գռեհկաբար պատասխանես.

«Ես նրան կտամ 6 միլիարդ. թող նա հրաժարվի 7 շրջաններից»։

- ՈՒ մինչև հիմա ո՛չ մեկը չհարցրեց` իսկ քեզ որտեղի՞ց 6 միլիարդը,- ոգևորվեց տիկինը:

- Եկած օրվանից խաղաղությունից եմ խոսում, հավասարությունից, եղբայրությունից,- տիկնոջ եզրահանգումն անտեսելով շարունակեց բորբոքված,-

վա՞տ բան եմ ասում` մոռանա՛նք հակասությունները, տարաձայնությունները, թշնամանքը:

- Եկեք հեծանիվ քշենք ու երջանիկ ապրենք,- ընդմիջեց տիկինը:

- Էն ոնց են ասու՞մ. «Дают-бери, бьют-беги»!

Ականջներում կրկին թնդաց Թեհլերյանի ահարկու ձայնը.

- «Мудрость» жадной и трусливой сволочи!

Մինչ հանդիպում, сво́лочь!..

- ՍվոլիՃը հերդ ա, արա՛…ա՜…ա՜…

«Գերագույն հրամանատարի» ոռնոցը ցնցեց «չար տնակից» դղյակ դարձած շինությունը:

Վարագույր:

Անլու՞րջ ստացվեց:

Ես էլ եմ կարծում:

Բայց երբ երկրին ու մեր ապագային վերաբերող հարցերը քննարկվում են քյաբաբ-խորովածի սիրահար, օղու շիշը մտած «ոմն»-ի ու նրա գինովցած կողակցի ալկոհոլախառն զկռտոցային տիրույթում, այլ կերպ չես կարող շարադրել ասելիքդ:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 20248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ