2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Արևմուտքը զգուշացնում է Հայաստանին վտանգի մասին

Արևմուտքը զգուշացնում է Հայաստանին վտանգի մասին
05.04.2026 | 13:05

Ներկայացնում եմ «168.am»-ի իմ հարգելի գործընկերների՝ պրոֆեսոր ՋԵՖՐԻ ՍԱՔՍԻ հետ հարցազրույցի հիմնական թեզերից մի քանիսը։ Ջեֆրի Սաքսն աշխարհահռչակ տնտեսագետ է, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը, Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրենը, ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի նախագահը, ինչպես նաև Լեհաստանի, Ռուսաստանի, Էստոնիայի, Սլովենիայի և այլ երկրների կառավարությունների նախկին խորհրդականը։

Նրանց, ովքեր խոսում են Արևմուտքի անունից՝ չունենալով ո՛չ արևմտյան կրթություն, ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ էլ միջազգային հարաբերությունների մասին տարրական պատկերացում, խորհուրդ կտայինք ուշադիր լսել։ Այս մարդը հենց ինքը՝ Արևմուտքն է։ Հենց նրա խորհուրդներին են ականջալուր լինում արևմտյան կառավարությունները։

ՀԱՐՑ - Ինչպես Իրանի պատերազմը կանդրադառնա Կովկասյան տարածաշրջանի վրա։ Իսկ ի՞նչ կասեք TRIPP-ի մասին. արդյո՞ք այն երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը։

ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՔՍ - Ցանկացած մարդ, ով հիմա գործ է բռնում պարոն Թրամփի հետ, լավ կանի գլուխը ստուգի։ Խոսե՛ք Բահրեյնի, Կատարի, Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի հետ։ Իսկապե՞ս դա լավ միտք է։ Հարցրեք նրանց՝ ԱՄՆ-ն պաշտպանե՞ց իրենց։ Ձեր տարածքում Թրամփի նախագծի առկայությունը ձեզ օգնո՞ւմ է։

Սա խելահեղ միտք է, և ցավում եմ, որ այսպես ուղիղ եմ ասում։ ՀԵՌՈՒ՛ ՄՆԱՑԵՔ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՑ։ Սա այն գործը չէ, որը պետք է Կովկասին, այնպես որ՝ հեռո՛ւ մնացեք։ Ապահո՛վ եղեք, հեռո՛ւ մնացեք այս խելագարությունից։ Ամերիկան խաղեր է խաղում մնացած աշխարհի հետ։

Կովկասը հիասքանչ, հրաշալի վայր է՝ հազարամյա մշակույթով։ Մի՛ ներքաշվեք ամերիկյան հիմարության մեջ։ Նայեք երեկվա Թրամփին. արդյո՞ք նա այն մարդն է, որի հետ ուզում եք գործ ունենալ։ Չարժե՛։

Ձեզ անհրաժեշտ են լավ հարաբերություններ ինչպես Կովկասի ներսում, այնպես էլ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ։ Դուք ներս եք թողնում ԱՄՆ-ին և դրանով իսկ պատերազմ եք հրավիրում։ Խնդրում եմ, մի՛ արեք դա։

ԱՄՆ-ին չի հուզում ձեր տարածքում ընթացող պատերազմը։ Նայեք Բահրեյնին, Կատարին, Էմիրություններին։ Թրամփն ասաց. «Մենք հեռանում ենք, իսկ դուք, տղե՛րք, ինքներդ գլուխ հանեք»։

ՀԱՐՑ - Մեր իշխանություններն ասում են, որ այս համաձայնագիրը երաշխավորում է Հայաստանի գոյությունը 100 տարով։

ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՔՍ - Դա շատ տխուր է։ Շատ տխուր է, շա՜տ-շա՜տ տխուր։ Հայաստանը նախ և առաջ պետք է գոյություն ունենա հազարավոր տարիներ. և Հայաստանն արդեն իսկ գոյություն ունի հազարավոր տարիներ։ Հայաստանն անվտանգություն ձեռք չի բերի, եթե գործ բռնի Դոնալդ Թրամփի հետ։ Խնդրում եմ, լրջորեն վերլուծեք նրա երեկվա ելույթը և պարզապես ինքներդ ձեզ հարց տվեք՝ սա՞ է ձեր գործընկերը։

Դուք ինքներդ պետք է հետևություն անեք, բայց ես կասեմ իմ կարծիքը. պատասխանն է՝ ո՛չ։

Եվ ես այս մասին դեռ ամիսներ առաջ ասել եմ Ծոցի երկրների ղեկավարներին. մի՛ վստահեք դրան, դուք կխարխլեք ձեր տնտեսությունն ու անվտանգությունը։ Միացյալ Նահանգներն այժմ վտարանդի պետություն է։ Այդ ի՞նչ գործընկեր է, որն ասում է, թե Իրանը պետք է ռմբակոծելով հասցնել քարի դարի։

Հասկանո՞ւմ եք, թե որքան ռիսկային է սա, և դեռ մի բան էլ մտածում եք, թե ԱՄՆ-ն խորապես նվիրվա՞ծ է Հայաստանի անվտանգությանը։ Կատակո՞ւմ եք։ Ոչ հայ ամերիկացիների շրջանում հազիվ հինգ հոգի գտնվի, ով գիտի, թե որտեղ է գտնվում Հայաստանը՝ ներառյալ Դոնալդ Թրամփը։ Նա չգիտի, նրան դա բացարձակապես միևնույն է։

Եթե ձեր իշխանություններն ասում են, որ դա անվտանգություն է՝ ստորագրել ինչ-որ «թրամփյան մայրուղու» տակ, Աստվա՜ծ իմ։ Խելքի՛ եկեք, խնդրում եմ, ուշադրությո՛ւն դարձրեք։ Սա անվտանգություն չէ։ Մի՛ ներքաշվեք ամերիկյան աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Խնդրում եմ. դուք չափազանց գեղեցիկ և չափազանց խոցելի երկիր եք՝ ամերիկյան աշխարհաքաղաքական խաղերի մեջ խրվելու համար։

Ամեն օր ես կրկնում եմ Հենրի Քիսինջերի հայտնի խոսքերը. ԱՄՆ-ի թշնամին լինելը վտանգավոր է, բայց նրա ընկերը լինելը՝ մահացու։ Ի գիտությո՛ւն ընդունեք սա, խնդրում եմ, եղե՛ք զգույշ։ Եվ ցանկացած բան, որը կոչվում է «թրամփ» կամ «թրամփյան», արդեն իսկ ինքնին նշան է, որ դուք, հավանաբար, սխալ հաշվարկ եք արել։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ