Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի նոր ռազմավարությունը հարևանների նկատմամբ. սիրիական սցենարը և Ջուլանիի գործոնը

Թուրքիայի նոր ռազմավարությունը հարևանների նկատմամբ. սիրիական սցենարը և Ջուլանիի գործոնը
24.11.2026 | 15:22

Ամենօրյա թոհուբոհի մեջ հնարավոր է չնկատել, թե ինչպես է փոխվել Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իր թույլ հարևանների նկատմամբ։
Թուրքիան իր՝ այսպես կոչված «մեծահոգի պետության» իմիջի կերտման ճանապարհին արդեն խուսափում է ուղիղ ցեղասպանություններից, ինչպես նաև իր դրոշի ներքո այլ երկրներ ներխուժելուց՝ դրա փոխարեն նախընտրելով տեղի իշխանություններին «թուրքացնել» ու ծառայեցնել իր նպատակներին։
Երբ նայում ես, թե ինչպիսի իշխանություններ են «ձևավորվել» Սիրիայում, հասկանում ես, թե ինչպես է հնարավոր, որ մարդը, լինելով տվյալ երկրի քաղաքացի, ամբողջությամբ սպասարկի թուրքական շահերը։
Այդ սպասարկման համար Թուրքիային անհրաժեշտ էր, որ տվյալ դեպքում այդ երկրի ղեկավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին լինի ամբողջությամբ վարկաբեկված, նախկինում պարտված, որպեսզի Թուրքիան կարողանար նրան լիովին կառավարել։
Նա նախկինում «Ալ-Քաիդայի» մաս կազմող «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպության ղեկավարն էր, որի «հայրենասիրական» գործողությունների պատճառով Սիրիայում հազարավոր զոհեր են եղել։ Թուրքիային պետք էր հենց այդպիսի ղեկավար, որպեսզի եթե նրա մտքով անգամ անցնի որևէ ինքնուրույն քայլ անել, նրա դիմաց դրվի իր իսկ «լիովին վարկաբեկված» անցյալը։
Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան Ջուլանիի միջոցով ստիպեց, որ Սիրիան փոխի իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, բանակի սպառազինությունը... սակայն առերևույթ ցույց տրվեց, թե իբր դա Սիրիայի ժողովրդի արդար պահանջն էր։
Թուրքիան տասնյակ սիրիացի ռազմագերիներ է պահում իր երկրում, որոնք հազարավոր ցուցմունքներ ու վկայություններ են տվել Ջուլանիի դեմ. եթե հանկարծ Ջուլանին իրեն «խելոք չպահի», այդ ամենը կհրապարակվի, և Ջուլանին կարժանանա իրական հանցագործությունների համար «արժանի» պատժին։
Միաժամանակ Թուրքիան թույլ է տալիս Ջուլանիին շրջագայություններ իրականացնել աշխարհով մեկ՝ իբր ժողովրդավար առաջնորդ ներկայանալու, ինչպես նաև Էրդողանի գիրքն ու նրա վարած քաղաքականությունը գովաբանելու համար։
Նույնիսկ Թրամփն ընդունեց Ջուլանիին՝ շռայլելով հաճոյախոսություններ, թե ինչ համարձակ տղա է նա, որ կարողացավ երկրին «խաղաղություն» բերել։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ նա ընդամենը Էրդողանի խաղալիքն է, որը հիմնականում օգտագործվում է տարածաշրջանի մյուս գերտերությունների՝ Ռուսաստանի ու Իրանի դեմ։
Պատահական չէր, որ իշխանության գալուց անմիջապես հետո նա երկիրը «մաքրեց» իրանական ու ռուսական ուժերից՝ միայն մի փոքրիկ ռուսական ռազմաբազա թողնելով Լաթաքիայի մոտ գտնվող Հմեյմիմ քաղաքում, իսկ մնացած ռուսական ուժերին դուրս քշելով երկրի տարածքից, մինչդեռ նրանք լավ թե վատ ապահովում էին երկրի կրոնական փոքրամասնությունների ու մեծամասնության միջև եղած հավասարակշռությունը։
Առաջին գործը, որ արեց Ջուլանին իշխանության գալուց հետո, բոլոր առանցքային պաշտոններում թուրքական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող անձանց նշանակելն էր, իսկ նրանց հակառակորդներին՝ իրանական ու ռուսական գործակալներ պիտակավորելը։
Կարելի է ասել՝ Ջուլանին երկիրը ղեկավարում է հիմնական երկու «ուժերի» միջոցով՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների և, այսպես կոչված, «ժեխի», որը պատրաստ է հրահրման պարագայում ոտքի կանգնել ու «պայքարել» նախկին վարչակարգի մնացորդների դեմ՝ տվյալ դեպքում ալավիների, որոնք վաղուց քաղաքականապես ոչնչացված են, սակայն նրանց անունը պետք է պայքարի պատրանք ստեղծելու համար։
Եթե ավելի ուշադիր նայենք, այս համատեքստում ամենակարևոր դերակատարը ոչ այնքան թուրքական հատուկ ծառայություններն են, որքան այն խառնամբոխը, որն ուղղորդվում է նրանց կողմից, և այդ «ժեխին» թվում է, թե այդ ամենը նա անում է երկրում, այսպես կոչված, «խաղաղություն ու կայունություն» հաստատելու նպատակով։

Առաքել ՍԵՄԻՐՋՅԱՆ
Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ