Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Րաֆֆու կինն ու որդիները. մեծ վիպասանի ժառանգության պահապաններն ու կտրված տոհմածառը

Րաֆֆու կինն ու որդիները. մեծ վիպասանի ժառանգության պահապաններն ու կտրված տոհմածառը
24.11.2026 | 15:35

Աննա Րաֆֆին (օրիորդական ազգանունը՝ Հարությունյան, 1852–1920 թթ.) եղել է հայ մեծ վիպասան Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյանի) կինը, նրա ամենամոտ համախոհը, օգնականը և գրական ժառանգության պահապանն ու հրատարակիչը։
Աննան ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում՝ նույն գյուղում, որտեղ ծնվել էր նաև Րաֆֆին։ Նա ասորական ծագում ուներ (հայ-ասորական ընտանիքից էր), սակայն մեծացել էր հայկական միջավայրում, տիրապետում էր հայերենին և ասորերենին։
1871 թ. ամուսնությունից հետո նրանք հաստատվել են Թիֆլիսում, որտեղ ապրել են շատ համեստ և հաճախ նյութական կարիքի մեջ։ Աննան ակտիվորեն աջակցել է Րաֆֆու ստեղծագործական աշխատանքին. եղել է Րաֆֆու առաջին ընթերցողն ու խորհրդատուն, օգնել է նրան ձեռագրերի արտագրման և սրբագրման գործում։
Նրանք ունեցել են երկու որդի՝ Արամը և Արշակը, և մեկ դուստր՝ Եսթերը (որը մահացել է մանուկ հասակում)։
1888 թ. Րաֆֆու վաղաժամ մահից հետո ընտանիքը ծայրահեղ ծանր նյութական վիճակում էր գտնվում։ Աննան իր կյանքի գլխավոր նպատակը դարձրեց ամուսնու գրական ժառանգության հավաքումն ու հրատարակումը։
Նա որդիների՝ Արամի և Արշակի հետ 1890-ականներին մեկնեց Եվրոպա (Լոնդոն, Փարիզ, Վիեննա)՝ հանգանակություններ կազմակերպելու և գրողի երկերը տպագրելու միջոցներ հայթայթելու համար։
Ի վերջո նա հաստատվեց Լոնդոնում, որտեղ մեծ դժվարությամբ, բայց համառորեն կազմակերպեց Րաֆֆու ստեղծագործությունների հրատարակությունը։ Նա նաև թարգմանել կամ կազմակերպել է Րաֆֆու որոշ գործերի թարգմանությունն անգլերեն և ֆրանսերեն։
Աննա Րաֆֆին թողել է արժեքավոր հուշեր իր ամուսնու կյանքի, բնավորության, ստեղծագործական սովորությունների և Թիֆլիսի գրական միջավայրի մասին։
Աննան մահացել է 1920 թվականին Լոնդոնում՝ մինչև կյանքի վերջը հավատարիմ մնալով մեծ վիպասանի հիշատակին ու գործին։
Արամ Րաֆֆին (1875–1919 թթ.) ծնվել է 1875 թ. օգոստոսի 15-ին Պարսկաստանի Թավրիզ քաղաքում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա՝ Լոնդոնում, մասնագիտացել լեզուների և անգլիական գրականության ուսումնասիրության մեջ, տիրապետել մի քանի լեզուների, այդ թվում՝ ռուսերենի, անգլերենի, արաբերենի, պարսկերենի։ 14 տարեկանից գրել և հրապարակել է գրականագիտական հոդվածներ Զարեհ Տիտանյան կեղծանունով։ Նա Լոնդոնի Հայկական ընկերության անդամ էր, «Արարատ» պարբերականի առաջին խմբագիրը։ 1913 թ. ճանապարհորդել է Կովկասում և Հայաստանում։ Արամ Րաֆֆին թոքերի բորբոքումից մահացել է 1919 թ. նոյեմբերի 12-ին՝ 44 տարեկանում, ամուրի և անժառանգ։
Արշակ Րաֆֆին (1879–1946 թթ.) ծնվել է Թավրիզում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Ուսումը շարունակել է Մոսկվայի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո մեկնել է Լոնդոն, զբաղվել մանկավարժությամբ։ 1914–1918 թթ. նա Լոնդոնի Քինգզ քոլեջում ռուսերեն է դասավանդել։ 1919–1920 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության դեսպանը Մեծ Բրիտանիայում։ Այս տարիներին նա մեծ աշխատանք է կատարել Մեծ Բրիտանիայում հայ գաղթականներին տեղավորելու, նրանց աշխատանքով ապահովելու գործում։ Մահացել է 1946 թ. օգոստոսի 12-ին՝ 67 տարեկանում, դարձյալ անժառանգ։
Արշակ Րաֆֆին ամուսնացած էր իռլանդուհի Ալեքսանդրիայի հետ։ Վերջինս 1947 թ. Րաֆֆու ձեռագրերով և փաստաթղթերով լեցուն մի արկղ հանձնել է Լոնդոնի ԽՍՀՄ դեսպանատուն՝ Խորհրդային Հայաստան տեղափոխելու համար։ Արկղի մեջ են եղել նաև Րաֆֆու «Սալբի» վեպի II և III անտիպ հատորների ձեռագրերը։ Արկղն այդպես էլ տեղ չի հասել։
Ցավալի է։ Ու երիցս ցավալի է, որ մեր մեծ վիպասանը, որի տաղանդավոր ստեղծագործություններով սերունդներ են դաստիարակվել, Րաֆֆի տոհմի շարունակություն չունեցավ, տոհմածառը կտրվեց, չորացավ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Լուսանկարում՝ Հայ մեծ վիպասան Րաֆֆու կինը՝ Աննան, որդիների՝ Արամ և Արշակ Մելիք-Հակոբյանների հետ Թավրիզում
Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ