Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոռացված առաքինությունների բառարանը

Մոռացված առաքինությունների բառարանը
24.11.2026 | 15:45

Վերջերս դիտում էի Դմիտրի Լիխաչովի մի հին զրույց ռուսերենում մոռացվող բառերի մասին և հասկացա, որ ճիշտ նույնը կարելի է ասել նաև հայերեն շատ բառերի վերաբերյալ։
Երբ որևէ իր դուրս է գալիս գործածությունից, նրա անունը կամաց-կամաց նահանջում է բառարանների խորքը՝ դառնալով թանգարանային նմուշ։ Անխոս, դա բնական է, ասենք, ճախարակի կամ գութանի դեպքում։ Բայց հաճախ այդ փոշոտ էջերում են հայտնվում նաև մարդկային հոգու ամենանուրբ շարժումներն ու բարքերը նկարագրող հասկացություններ։ Իսկ դա նշանակում է, որ կյանքից դուրս են մղվել այն երևույթները, որոնց համար այդ բառերը ծնվել էին։
Օրինակ՝ դուք վերջին անգամ ե՞րբ եք լսել «պատկառանք» բառը։ Այսօր մենք դեռ գործածում ենք «հարգանք»-ը, բայց «պատկառանք»-ն ավելին էր։ Այն պարզ քաղաքավարություն չէր, այլ հոգու մի վիճակ, երբ մարդն ակամա ուղղում է մեջքը, ցածրացնում ձայնը և ներքին լռությամբ ընդունում իր դիմաց կանգնածի մեծությունը՝ լինի դա ալեհեր ծերունի, ուսուցիչ, թե սրբավայր։

• Մոռացվելու ճակատագրին է արժանացել «ամոթխածություն» բառը։ Հին աշխարհում ամոթխածությունը հոգու նուրբ վարագույրն էր, չափի այն ներքին զգացումը, որը թույլ չէր տալիս մարդուն ամեն ինչ դարձնել ցուցադրական։ Ամոթխածությունը պաշտպանում էր մարդու արժանապատվությունն ու գաղտնիքը։
• Մեր առօրյա խոսքից աննկատ հեռացել է նաև «ժուժկալություն»-ը։ Այն զրկանք չէր նշանակում, այլ ազատության բարձրագույն դրսևորում՝ ունենալու հնարավորություն, բայց գիտակցաբար կանգ առնելու ուժ։ Ժուժկալ լինել խոսքի մեջ, գանգատի մեջ, սպառման մեջ։ Սպառողական մշակույթն այսօր ամեն վայրկյան հուշում է. «Վերցրո՛ւ ավելին, արտահայտվի՛ր անմիջապես, մի՛ սահմանափակիր քեզ»։ Եվ քանի որ չափավորության արվեստն այլևս գովելի չէ, «ժուժկալություն» բառն էլ մնում է միայն հին խրատագրքերում։
• Երկայնամտություն։ Համբերության ամենաբարձր ձևը՝ չշտապել դատել, չբռնկվել անմիջապես, չլինել կարճամիտ, երկար ու հանդարտ տանել ուրիշների սխալներն ու ժամանակի փորձությունները։
• Եվ վերջապես՝ «ուխտապահություն»-ը։ Ժամանակին մարդու տված խոսքն ինքնին պայմանագիր էր՝ առանց կնիքների ու իրավաբանական ձևակերպումների։ Ուխտ անել և ուխտը պահել նշանակում էր հավատարիմ մնալ սեփական խղճին նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք չի հետևում քեզ։ Երբ խոստումները դառնում են թեթև ու ժամանակավոր, ուխտապահությունը սկսում է թվալ չափազանց ծանր ու անիրական մի բան։

Բառերը երբեք վերջնականապես չեն մեռնում։ Նրանք պարզապես ննջում են լեզվի խորքերում՝ ինչպես հողի տակ պահված սերմեր, որոնք սպասում են նոր անձրևների։

«Խմբագրի անկյուն»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ