Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հոգվույս կիրակի․ հանդիպում «վերջին ըմբոստի» հետ

Հոգվույս կիրակի․ հանդիպում «վերջին ըմբոստի» հետ
24.11.2026 | 18:32

Մեծարենցն ասել է՝ «հոգվույս կիրակի»։ Այսինքն՝ տոն։ Ահավասիկ կիրակին եկավ։ Իսկ մարդը տոնի պետք ունի, հակառակ դեպքում խեղդոց է։
Հիմա՝ մետրոն։ Այնտեղ զով է միշտ։ Էլի զով կլինի, բայց երթևեկողներից շատերի համար՝ խեղդոց, որովհետև պարտադիր ամսաքարտ են առնելու՝ անկախ այն հանգամանքից, թե ամսվա մեջ քանի անգամ ընդհատակ կիջնեն։
Էս ի՞նչ բառ հիշեցի։ Հանճարեղ ֆիլմ՝ Էմիր Կուստուրիցա, «Ընդհատակ»։ Մի ամբողջ դարի նկարագիր։ Կինեմատոգրաֆիական փոթորիկ։ Իր հետ հանդիպել եմ մի քանի անգամ՝ Մոսկվայում ու Երևանում։ Մազախռիվ առյուծի պես տղա։ Մրցանակ ստանալու համար մոսկովյան կինոփառատոնի բեմ ելավ՝ ջինսով ու վանդականախշ վերնաշապիկով, ինչը պրոտոկոլի խախտում էր։ Նիկիտա Միխալկովը, ում ձեռքից պետք է ամենագլխավոր մրցանակը ստանար, արագ հանեց յուր թանկարժեք Պիեռ Կարդեն պիջակն ու գցեց առյուծի ուսերին։ Առյուծի դուրը չեկավ, դեմքը մթնեց։ Այդպիսին է ինքը՝ վերջին ըմբոստներից, ով Թուրքիայում՝ ուղիղ եթերով, խոսել է Հայոց ցեղասպանությունից։
Ի՜նչ լավ օր էր Երևանում, ի դեպ՝ հենց կիրակի։ Եկել էր Փարաջանովի թանգարան՝ դստրիկի հետ։ Երջանկահիշատակ Զավեն Սարգսյանը զանգել էր մի քանիսիս՝ ինձ, Հարություն Խաչատրյանին, Ալբերտ Յավուրյանին, թե՝ շտապ եկեք, էդ մարդը առանց արվեստակիցների չմնա։
Սեղանին ծիրանի չիր էր, ծիրանի հյութ, ծիրանի օղի, օրիորդիկի համար՝ սպիտակ գինի, եթե ցանկանա։ Չցանկացավ, չիր էր համտեսում անդադար։ Հայկական սեղան էր, Զավենը աչք-ունքով հասկացրեց, որ մի բան ասեմ։ Վերցրեցի ծիրանաթեժի ըմպանակը։ Դեռ մոսկովյան հանդիպումից գիտեի, որ ինքն այն սերնդի սերբերից է, որոնք կարողանում են ռուսերեն խոսել։ Ասացի.
- Ձեր ֆիլմերի համար եմ բաժակ բարձրացնում։ Դուք միշտ մատը դնում եք վերքի վրա, բայց մարդուն անհույս չեք թողնում։
Լայնաշուրթ ժպտաց, շրջվեց դեպի դստրիկը, թարգմանեց։ Հետո, բոլոր ներկաներին դիմելով, ասաց.
- Այդպես կարող են հենց Հայաստանում ասել։
Հիմա վերքեր ունե՞նք, թե՞ ոչ։ Ունենք։ Բայց կիրակի է, և մեզ անհույս թողնել չենք կարող։

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ․Գ․
Նյութը irates.am-ին տրամադրել է Դավիթ Մուրադյանի որդին՝ Արմեն Մուրադյանը։
Դիտվել է՝ 202

Մեկնաբանություններ