Եվ այսպես, աշխարհում խաղաղություն հաստատելու և ամերիկյան պատերազմները դադարեցնելու օրակարգով իշխանության եկած ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը նոր պատերազմ սկսեց՝ այս անգամ Վենեսուելայի դեմ։
Առայժմ ցամաքային ներխուժման իրական ծավալները պարզ չեն․ իրականացվել են օդային հարվածներ մայրաքաղաք Կարակասին և մի շարք ռազմական բազաների ուղղությամբ։ Սակայն, անկախ դրանից, սա պատերազմ է։
Ու թեև այս պատերազմը Հայաստանից մոտ 11 հազար կիլոմետր հեռավորության վրա է ընթանում, այնուամենայնիվ, կարող է ունենալ անմիջական հետևանքներ նաև մեր տարածաշրջանի և հենց մեզ համար։
Նախ՝ այս պատերազմում, անկախ նրանից՝ այն կարճատև կլինի, թե երկարատև, ԱՄՆ-ն ստիպված է լինելու ծախսել, իսկ ավելի ճիշտ՝ վատնել հսկայական ռեսուրսներ։ Դիմադրելու են ոչ միայն Վենեսուելայի զինված ուժերն ու ժողովրդի զգալի մասը, այլև գրեթե ամբողջ Լատինական Ամերիկան դատապարտելու է ամերիկյան ներխուժումը՝ բացառությամբ, թերևս, Արգենտինայի և մեկ-երկու մանր պետությունների։ Վերջին անգամ ԱՄՆ-ը լատինաամերիկյան պետության տարածք ներխուժել էր Պանամայում՝ 1989 թվականին։ Առանց այդ էլ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ամերիկացիները լայնորեն ընկալվում են որպես գաղութարարներ, իսկ այս ներխուժումը նոր թափ է տալու հակաամերիկյան տրամադրություններին։ Թեև քիչ հավանական եմ համարում, որ ԱՄՆ-ը կհամարձակվի իրականացնել լայնամասշտաբ ցամաքային ներխուժում, սակայն անհրաժեշտության դեպքում տասնյակ հազարավոր կամավորներ լատինաամերիկյան երկրներից կարող են միանալ վենեսուալական դիմադրությանը։ ԱՄՆ-ը չի կարողանալու վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նավթային ահռելի պաշարների նկատմամբ և այս կամ այն անվան տակ շահագործել դրանք, ինչը հենց այս պատերազմի և ձախակողմյան նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռացնելու բուն նպատակն է։
Չինաստանն ու ՌԴ-ն, որոնք Վենեսուելայի հետ ունեն սերտ տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր, վճռականորեն դատապարտելու են Վաշինգտոնի նոր պատերազմը և միջազգային ասպարեզում ամեն կերպ աջակցելու են Կարակասին ու անձամբ Մադուրոյին։ Միաժամանակ Թրամփի դիրքերը թուլանալու են նաև ԱՄՆ-ի ներսում, քանի որ քաղաքական ու հասարակական ազդեցիկ ուժեր դեմ են լինելու երկիրը հերթական պատերազմի մեջ ներքաշելուն։ Ամերիկյան հասարակությունը հոգնել է պատերազմներից։ Ամեն դեպքում, Վենեսուելան վերածվելու է ԱՄՆ-ի ռազմական, ֆինանսատնտեսական և այլ ռեսուրսների ապարդյուն մսխման հերթական թատերաբեմի։ Արդյունքում Վաշինգտոնի ուշադրությունն ավելի է հեռանալու Եվրոպայից, Ուկրաինայից և, առավել ևս, Այսրկովկասից։
Ասվածը նշանակում է նաև, որ առնվազն առաջիկա ամիսներին Իրանի դեմ սպասվող հերթական խոշորածավալ հարձակումը գրեթե անհնար է լինելու։ Իսկ Իսրայելը միայնակ ի վիճակի չէ լայն պատերազմ սանձազերծել Իրանի դեմ։ Արտաքին քաղաքական առումով Իրանի դիրքերը էականորեն կայունանալու են, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանին, քանի որ այսօր Իրանը հանդես է գալիս որպես Սյունիքի, եթե ոչ ամբողջ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր։
Միևնույն ժամանակ Թրամփի այս արկածախնդրական պատերազմը ցույց է տալիս, որ միջազգային քաղաքական համակարգն իսկապես լիովին դուրս է եկել օրինական իրավաքաղաքական շավիղներից։ Միջազգային իրավունքը մեծապես արժեզրկվել է, իսկ ուժի կիրառումը դարձել է որոշիչ գործոն։ Այդ մասին նախկինում բազմիցս բացահայտ խոսել է ֆաշիստական Ադրբեջանի նախագահը՝ ուղղակիորեն սպառնալով Հայաստանին։ Ինչպես ցույց տվեցին նաև Թաիլանդի և Կամբոջայի միջև ծավալված ռազմական գործողությունները, Թրամփի կնքած «խաղաղության համաձայնագրերը» և անվտանգության բանավոր երաշխիքները գործնականում արժեք չունեն և պարզապես ծիծաղելի են։
Այսպիսի արտաքին պայմաններում Հայաստանը պարտավոր է շտապ և կտրուկ բարձրացնել իր պաշտպանունակության մակարդակը։ Մինչդեռ, փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ՝ դիմադրողականության և պաշտպանունակության հետևողական նվազեցման, իսկ փաստացի՝ զրոյացման։
Լրացուցիչ եզրակացությունները, կարծում եմ, ավելորդ են։
Արմեն Այվազյան