Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Մենք կամենո՞ւմ ենք ունենալ Հայրենիք՝ սա է օրակարգային առաջնահերթ հարցը

Մենք կամենո՞ւմ ենք ունենալ Հայրենիք՝ սա է օրակարգային առաջնահերթ հարցը
09.05.2026 | 14:36

Ողջ նախընտրական շրջանում ստորև շարադրվածը լինելու է իմ անփոփոխ ուղենիշը.

Կա միայն մի առաջնահերթ օրակարգային հարց՝ «Մենք կամենո՞ւմ ենք ունենալ Հայրենիք»։ Ընտրությունը քաղաքական ուժերի մեջ չէ, ընտրությունը հենց այս հարցի շուրջն է։ Յուրաքանչյուրը առնվազն պարտավոր է ինքն իրեն ընդամենը հարց տալ՝ արդյո՞ք, հնարավոր է էությամբ բացահայտ հայատյաց քաղաքականություն որդեգրած երկրներին անվերջ զիջումների և հընթացս նոր զորեղ թշնամիներ ձեռք բերելու գնով հասնել խաղաղության, արդյո՞ք դա չի ավարտվելու Երկրի անխուսափելի կործանմամբ։

Իշխող քաղաքական ուժը կարող է արտաքին պարտքի հաշվին հապճեպ կենսաթոշակ բարձրացնել, գայթակղել սոցիալական աջակցության ծրագրերով, բացահայտ խոստումներ շռայլել, կազմակերպել գրավիչ ու գունագեղ զվարճանքներ, նույն պահին մյուս քաղաքական ուժերին հետապնդել արհեստական ընտրակաշառքի «փաստերով», անարգել զրպարտել և այլն։ Բայց այս ամենը արժեք չունի, եթե անկեղծ չեք պատասխանել վերևում շարադրված հարցին։

Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ պետք է փնտրենք ոչ թե իդեալական քաղաքական ուժերի և դեմքերի, տրտնջանք, թե այս կամ այն դեմքը կամ խոսքը կատարյալ չէր, փորձառու չեն, ժպիտը այն չէր և այլն, այլ կատարենք այնպիսի ընտրություն, որի դեպքում միանշանակ կբացառվի Երկիրը վերջնականապես կորցնելու վտանգը։ Սա է առաջնահերթը, մնացյալը քողարկված նկրտումներ են, ընդհուպ՝ ձայների փոշիացման կամ կեղծ ընդդիմության անհարիր տեսքով։

Հ.Գ. Որևէ արտառոց, անգամ զազրելի հանցագործությունների բացահայտման ու քննության խայտառակ ու հիրավի մտահոգիչ փաստերը այս շրջափուլում չպետք է էապես շեղեն վերը նշված առաջնահերթ օրակարգից, քանզի բոլոր այդ խնդիրները, բարեբախտաբար, լուծելի են, եթե ապրենք մեր Երկրում և առանց թելադրանքի տնօրինենք մեր սեփական ճակատագիրը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6960

Մեկնաբանություններ