Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Խորհուրդ` առանց «հանրայինի»

Խորհուրդ` առանց «հանրայինի»
07.01.2014 | 16:13

2013-ը քաղաքացիական ակտիվության առումով բավականին հետաքրքիր տարի էր: Տարբեր խնդիրների շուրջ կազմակերպվող բողոքի ակցիաները վկայում էին հասարակության առողջացման մասին և «զսպաշապկի» դեր էին ստանձնում իշխանության ոչ հանրօգուտ որոշումների դեպքում:

Հանրային խորհուրդը, որ կոչված է նման բողոքները, խնդիրները հանրայնացնելու, իշխանության վրա որոշակի ճնշումներ գործադրելու համար, ողջ տարի ոչ մի «ծպտուն» չէր հանում, կամ էլ «հանածը» բանի պետք չէր: Այսօր Հանրային խորհուրդը տարին ամփոփող հայտարարություն է տարածել: «Հանրային խորհուրդը, որը ստանձնել է իշխանության և հասարակության միջև յուրօրինակ կամրջի դեր, բարձրացված բոլոր հարցերին արձագանքեց` ՀՀ նախագահին ու կառավարությանը ներկայացնելով հանրության մտահոգությունները, ինչպես նաև՝ իր դիրքորոշումն ու առաջարկները»: Լավ է ասված, բայց այդպես էլ հանրությանը հայտնի չէ՝ այդ մտահոգությունները որքանով են ընդունվել իշխանության կողմից:

Հայտարարությունում ոչ մի խոսք չկա տրանսպորտի թանկացման ակցիաների և սպասվող խնդիրների, կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, որոնք ողջ տարվա ընթացքում «ալեկոծում» էին հասարակական կարծիքը: Հայտարարության վերջում նշվում է, թե հանրապետության նախագահին ներկայացրել են Ծածկած շուկայի խնդիրը: Փաստորեն, այնպես է հանրության կարծիքը ներկայացվել, որ արդյունքում այլ բան է ստացվել:

Մնում է հուսալ, որ մյուս հարցերը մինչ նախագահին ներկայացնելը լիարժեք ու ճիշտ շեշտադրումներով նախ Հանրային խորհրդում կքննարկվեն, ու այն «դիտորդի» կարգավիճակից կվերածվի ակտիվ մասնակցի: Այլապես անհասկանալի է դառնում Հանրային խորհրդի իմաստը, թե նույնիսկ այսքան խնդրաշատ երկրում ոչ հանրօգուտ մի որոշում չեն կարող կասեցնել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ