Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Ինչքան էլ հիմա նվնվանք, հաստատ եմ ասում՝ մենք գիտեինք, որ երջանիկ ենք

Ինչքան էլ հիմա նվնվանք, հաստատ եմ ասում՝ մենք գիտեինք, որ երջանիկ ենք
01.09.2025 | 12:09

Չեմ հիշում, որ երբևէ օգոստոսի վերջին մենք ընկնեինք խանութներն ու գրենական պիտույքներ պաշարեինք նոր ուսումնական տարվա համար։ Կարող ա եղել ա, ե՞ս եմ մոռացել, բայց կարծես թե չի եղել։

Տանն ամեն ինչ կար՝ գրիչ, մատիտ, ռետին, տետր, քանոն, կարկին... Դասագրքերը դեռ մայիսին էին բաժանում, համազգեստը պատրաստ էր, եթե, իհարկե, ամառվա ընթացքում մի քանի համարով մեծացած չէինք լինում։ Ինչն էլ տարվա ընթացքում վերջանում էր, գնում էինք խանութ, առնում էինք՝ ամեն տեղ լիքը կար։

Ինչքան էլ չուզեինք, որ ամառն անցներ, ու դասերն սկսվեին, մեկ ա՝ սպասում էինք սեպտեմբերի մեկին, որ իրար տեսնեինք։ Ամառվա ընթացքում շատերը լա՜վ փոխված էին լինում։ Հետո՝ էնքա՜ն բան կար իրար պատմելու։ Էդ բաները երբեք չէին հայտնվում «Ինչպես անցկացրի ամառը» շարադրությունների մեջ։ Դրանք բանավոր էին տարածվում՝ որպես դպրոցակսն բանահյուսություն։

Սեպտեմբերի մեկն ուսումնական տարվա միակ օրն էր, երբ հաստատ՝ հարյուր տոկոսով, քեզ ոչ ոք դաս չէր հարցնի, որովհետև օգոստոսի 31-ին ոչ ոք դաս չէր հանձնարարել։ Համ էլ ամոթ էր՝ դեռ դպրոց չմտած հո դաս չէին հարցնելու. մինչև իրար բարևում էինք, մի երկու բան պատմում, դասը վերջանում էր։ Նենց որ՝ ամառային արձակուրդը ոչ թե երեք ամիս էր, այլ երեք ամիս մի օր։

Ու... Ինչքան էլ հիմա նվնվանք ու գլխներիս տանք, հաստատ եմ ասում՝ մենք գիտեինք, որ երջանիկ ենք։ Հա՛, միգուցե չէինք նայում հայելու մեջ ու հարյուր տարեկանի իմաստնությամբ ասում՝ ԴՈՒ ԵՐՋԱՆԻ՛Կ ԵՍ, բայց շատ լավ հասկանում էինք։ Դա նկարած էր մեր դեմքերին, հնչում էր մեր անհոգ կատակների ու զրնգուն ծիծաղի մեջ, հրաշքներով լի վաղվա օրվա մեր համոզվածության մեջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9822

Մեկնաբանություններ