Ո՞վ է տալու պատասխանը
այս դատարկվող չգոյության,
անտանելի այս դառնության,
ուղեղ լլկող խաբեության,
կեղեքումի ճիրաններում
այս տառապյալ անհուսության․․․
Խեղ ու անմիտ խաղերում դաժան
գեհենական հրճվանքն է զոհասեղանի,
անզորի ճիչն է կոծում խելահեղ,
հռհռում է ճամփան կառափնարանի։
ՈՒ հեծեծում է անհուսությունը,
ծանրանում է մորմոքը անսփոփ ցավի,
դարի արյունոտ դատարկության մեջ,
լուսնահաչ ոռնում է ոհմակը գայլի։
(Իսկ հեռվում մնացած քարածոցերում
անհաշիվ դարերի մամռահոտ կա թաց,
ասպարը կորցրած մարտաձիերի
պայտերի զարկ կա հուշերում անանց):
Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ