Սկիզբը՝ այստեղ
Ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ը և Իսրայելը մարտի 1-ին Նաթանզի միջուկային օբյեկտին երկու շարք ծանր հարվածներից վեց օր անց՝ մարտի 7-ին, հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներից ևս մեկին՝ Սպահանում գտնվող
միջուկային օբյեկտին, ինչի հետևանքով այն լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ , տեղեկացրել է ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կենտրոնը մարտի 7-ին ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով այն «լուրջ վնասվածքներ է ստացել»։
Ընդ որում, տվյալ պահին չի հաղորդվել ճառագայթային աղտոտման մասին։ Ինչ է պարզվել հետո՝ չգիտենք: Նշենք, որ Սպահանի միջուկային օբյեկտի հեռավորությունը Հայաստանի պետական սահմանից ընդամենը 844 կիլոմետր է, Երևանից՝ 1053 կմ:
Իսրայելն ու ԱՄՆ-ը վստահ են, որ իրանական միջուկային վառելիքի մեծ մասը գտնվում է Սպահանի ստորգետնյա թունելներում, իսկ մնացած պաշարները բաժանվել են Ֆորդոյի և Նաթանզի բունկերների միջև: Ներկայիս հակամարտության առաջին օրերին ԱՄՆ-ը և Իսրայելը կրկին հարվածներ էին հասցրել Սպահանի և Ֆորդոյի ստորգետնյա թունելների մուտքերին, որպեսզի արգելափակեն դրանք և թույլ չտան իրանցիներին դուրս բերել այնտեղ պահվող նյութերը: Կրկին, որովհետև ագրեսորները Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին հարվածել էին նաև 2025թ. հունիսին, 12-օրյա պատերազմի ընթացքում:
Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, «РИА Новости»-ի փոխանցմամբ , մարտի 12-ին հայտարարել է Իրանի «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածելու մասին:
«Վերջին օրերին Թեհրանում իրականացված մի շարք հարվածների շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա, հարված են հասցրել Իրանի միջուկային ծրագրի լրացուցիչ օբյեկտին»,- հայտարարել են զինվորականները:
Նրանք, առանց որևէ ապացույցի, պնդել են, որ Իրանն այդ համալիրն օգտագործել է «միջուկային զենքի մշակման համար կրիտիկական հնարավորություններ զարգացնելու համար»:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը «РИА Новости»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր կոնֆերանսի 2009թ. որոշմամբ խաղաղ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո, ըստ սահմանման, ռազմական չեն ու պետք է պաշտպանված լինեն հարձակումներից:
«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը հիմնված է հավասարակշռության վրա. երկրները հրաժարվում են միջուկային զենքի տիրապետումից, բայց դրա հետ մեկտեղ ստանում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման անվերապահ իրավունք,- ասել է նա:- Ահա, Իրանի այդ իրավունքն Արևմուտքը մշտապես փորձում է մերժել, հատկապես ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը։ Դա հակասում է միջուկային չտարածման ռեժիմին և այն դարձնում է ավելի երերուն»:
Ինչպես արդեն նշել ենք, տարածաշրջանին, ներառյալ՝ Հայաստանին, ամենամեծ վտանգը սպառնում է Իրանի Բուշերի ատոմակայանին Սատանայի պետություններ Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր հարվածից: Բուշերի ԱԷԿ-ի տարածքում մարտի 17-ին արկի (նկատի ունենանք, որ ռուսական ԶԼՄ-ներում «հրթիռ» բառի փոխարեն հաճախ «արկ» բառն են օգտագործում) պայթյունից հետո հնարավո՞ր է, արդյոք, ագրեսորների կողմից նոր հարված նշված ատոմակայանին…
Իրանական ԱԷԿ-ի մոտ կրկնակի հարվածների ռիսկը շարունակում է բարձր մնալ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին. այս մասին մարտի 18-ին «Известия»-ին հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Բրիջեն։
Մարտի 17-ին Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնել էր կայանի տարածքում արկի ընկնելու մասին: Ըստ պաշտոնական տվյալների, վնասներից հնարավոր է եղել խուսափել, սակայն փորձագետները կատարվածը գնահատում են որպես ծայրահեղ տագնապալի ազդանշան:
«Սա այլևս պարզապես պատերազմի դրվագ չէ, սա Մերձավոր Արևելքում միջուկային ռուլետկայով խաղ է»,- ընդգծել է Դմիտրի Բրիջեն:
Քաղաքագետի խոսքով՝ նման միջադեպերը ջնջում են սահմանը ռազմական և քաղաքացիական օբյեկտների միջև ու փոխում ատոմակայանների մոտ հարվածների ընկալումը որպես թույլատրելի: Նման պայմաններում միջուկային օբյեկտներն իրականում վերածվում են հոգեբանական ճնշման գործիքի։
Փորձագետը հիշեցրել է, որ Ժնևյան կոնվենցիաներին կից I լրացուցիչ արձանագրության համաձայն, ատոմային էլեկտրակայաններն ունեն միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող օբյեկտների կարգավիճակ։ Դրանց վրա հարձակվելը կամ նման հարթակների մոտ առանց պատշաճ նախազգուշացման գործողությունները միջազգային նորմերի լուրջ խախտում են։
Ավելի վաղ իրավիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություն էր հայտնել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ կոչ անելով հաշվի առնել հարձակումների հնարավոր հետևանքները տարածաշրջանի միջուկային անվտանգության համար:
Բացահայտվել են Իրանում ԱԷԿ-ի հարվածների աղետալի հետևանքները
«Բուշեր» ատոմակայանի վրա լայնածավալ հարվածը կարող է հանգեցնել վթարի, որի հետևանքները կյանքի համար ոչ պիտանի կդարձնեն ողջ Մերձավոր Արևելքը. այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում պատմել է ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը։
Փորձագետն ընդգծել է, որ Իսրայելի կողմից «Բուշեր» ԱԷԿ-ին հարվածելը խախտում է, որը կարելի է հավասարեցնել պետական ահաբեկչությանը, քանի որ հակառակորդները, նույնիսկ պատերազմական վիճակում գտնվողները, ձեռնպահ են մնում նման օբյեկտներին հարվածելուց: Նա հավելել է, որ Թել Ավիվը, ինչպես և Կիևը, անտեսում է այդ կանոնը։ Մատվիյչուկը նշել է նաև, որ «Բուշեր»-ին իսրայելցի զինվորականների հարվածը հարված է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ իրենց երկրի անվտանգությանը։
«Եթե միջուկային վտանգ և տեղանքի վարակվածություն առաջանա, այնտեղ կդադարեն ապրել և՛ արաբները, և՛ հրեաները,- պարզաբանել է փորձագետը։-Այսինքն՝ Մերձավոր Արևելքն ամբողջությամբ շարքից դուրս կգա և կդառնա ոչ պիտանի կյանքի համար։ Դա անմիջապես կհանգեցնի ժողովուրդների վերաբնակեցման։ Դա կլինի համաղետ»:
Նա նշել է, որ ատոմակայանի վրա հարձակումները ոչ միայն միջազգային օրենքների, այլև համամարդկային կանոնների խախտում են։ Հիշեցնենք, որ Բուշերի ԱԷԿ-ի հեռավորությունը Հայաստանի պետական սահմանից ընդամենը 1183 կիլոմետր է, Երևանից 1376 կմ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան